Հայաստանում ամփոփվել են հայ և թուրք ձեռներեցների մասնակցությամբ նախագծի արդյունքները

14:26 • 13.05.15

Հայաստանից ու Թուրքիայից սկսնակ ձեռներեցների մասնակցությամբ չորս ամիս տևած «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը Երևանում ամփոփել է արդյունքները:
 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նախագծի կազմակերպիչները ներկայացրել են այս ընթացքում կատարած աշխատանքն ու դրա ա դյունքները, ինչպես նաև հայտարարել հաղթող թիմին:

 

Եվրամիության կողմից համաֆինանսավորվող ծրագրի իրականացնող կազմակերպություններից մեկի` Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ իրենց գործընկերոջ` Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցության սկզբնական շրջանում աշխատանքներ են տարել մի գաղափարի վրա, որը նպատակ ուներ կամրջելու Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Դրան հաջորդել են երկու երկրների ձեռներեցների փոխայցելությունները Հայաստան և Թուրքիա:

 

«Նոյեմբերին մենք Հայաստանում հյուրընկալեցինք 30 հոգուց բաղկացած պատվիրակություն Թուրքիայից: Կայացավ Հայաստան-Թուրքիա start-up weekend-ը: Դա Թուրքիայի ՏՀՏ ոլորտը ներակայացնող առաջին և ամենամեծ պատվիրակության այցն էր Հայաստան: Այցի յուրահատկությունը կայանում էր նաև նրանում, որ նման նախաձեռնությանը մասնակցում էին այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որոնք ունեն փակ սահմաններ»,-  նշել է Սեդա Մուրադյանը:

 

Նա պատմել է նաև, որ Թուրքիայից ժամանած իրենց գործընկերներին հիացրել էին Հայաստանի կրթական ոլորտում առկա նախաձեռնությունները, մասնավորապես նորարար կենտրոնների առկայությունը, ռոբոտաշինությունը և այլն: Ավելին, նրանք ցանկություն էին հայտնել նմանօրինակ պրակտիկան կիրառել հենց Թուրքիայում:

 

«Թեպետ բոլորը ձգտում են դեպի Սիլիկոնյան հովիտ, բայց ես ներքին համոզվածություն ունեմ, որ մենք էլ այստեղ կարող ենք ստեղծել մեր Արարատյան հովիտը»,- նշել է Սեդա Մուրադյանը:

 

ՏԵՊԱՎ ներկայացուցիչ Ջանսու Սարաքն իր խոսքում նշել է, որ մեծ նշանակություն է տալիս իրականացված ծրագրին: «Մենք հավատում ենք, որ բիզնես ոլորտում հարաբերությունների և կապերի ամրապնդումը կարող է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասաց նա:

 

Մամուլի ասուլիսի ավարտին հայտարարվել է հաղթող թիմի անունը: Հայերից և թուրքերից բաղկացած յոթ հոգանոց ժյուրիի որոշմամբ` հաղթող է ճանաչվել թուրքական «Էվրեկա» թիմը` աղբահավաքման օպտիմալացմանը նվիրված նախագիծ առաջ քաշելու համար: Թիմին ծրագրի իրականացման համար կտրամադրվի 4 հազար ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն:

 

Մրցանակներ են հանձնվել նաև «Լավագույն ներկայացում», «Ամենաիրատեսական գաղափար», «Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգերում:

Հայաստանում ամփոփվել են հայ և թուրք ձեռներեցների մասնակցությամբ նախագծի արդյունքները