Մայիսի 28-ի խորհուրդով նորոգենք Հայրենիքի հանդեպ մեր հավատարմության ուխտը`շենացնելով այն. Գարեգին Բ

09:18 • 28.05.15

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:


«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով:


Մեծ Եղեռնին հաջորդած դժվարին օրերին մեր հայրենիքի մի մասում քաջարի մեր ժողովուրդը կենաց ու մահու գոյամարտ մղեց և թանկ զոհողություններով Մայիսյան հաղթական հերոսամարտերը պսակեց Հայաստանի Հանրապետության հիմնադրմամբ: Հայրենի պետականության վերականգնումով մարմնացավ մեր նախնիների դարավոր երազանքը, հույսով լցվեց մեր ժողովրդի հոգին և նոր շունչ առավ ազգային կյանքը:


Մայիսի 28-ի խորհուրդով այսօր նորոգենք Հայրենիքի հանդեպ մեր հավատարմության ուխտը, մեր ձեռաց ազնիվ գործերով, միմյանց նկատմամբ սիրով ու հոգատարությամբ հաղթահարենք բոլոր դժվարությունները՝ Տիրոջ առաջնորդությամբ շենացնելով մեր անկախ Հանրապետությունը:


Մեր հայցն է առ Երկնավոր Տերը, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի մեր Հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը` հանուն հայրենի մեր երկրի զորացման  ու աշխարհասփյուռ մեր զավակների բարօր ու երջանիկ կյանքի: