Էլէներգիայի թանկացման հարցի քաղաքականացումը կտանի դեպի փակուղի. ԲՀԿ պատգամավոր

13:50 • 29.05.15

Հարցի քաղաքականացումը կտանի դեպի փակուղի, պետք է մոտենալ պրոֆեսիոնալ տեսանկյունից: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմանը։

Նա հայտնեց, որ իրենք առաջարկությունների փաթեթ են կազմել և առաջին փաթեթն արդեն ներկայացրել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

«Հիմնականում սկզբունքային կետն այն է, որ ժողովուրդը չպետք  է տուժի»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը հայտնեց, որ թեև ՀէՑ-ի պարտքը 250 միլիարդ դրամ է կազմում, սակայն  պարտքի  չափը, որը խաթարում է ՀէՑ-ի աշխատանքը, 24 միլիարդ դրամ է:

Պատգամավորը գտնում է, որ պետությունը պետք է միջամտի, բանակցի միջազգային կառույցների հետ։

«Ես կողմ եմ, որ քաղաքացիական հասարակությունը, ժողովուրդն իր շահերը պաշտպանի և դրական եմ նայում, որ ժողովուրդը դուրս է եկել և ակցիաները շարունակում է»,-ասաց նա, սակայն ավելացրեց, որ որպես տնտեսագետ գտնում է, որ ամբողջ պատկերը չի ներկայացված:

«Ես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մանրակրկիտ աշխատում եմ, միշտ պետք է աշխատել, որ լուծումներ ստանալ»,-ասաց նա և նշեց, որ խորհրդարանում անպայման լսումներ են լինելու: