Ամենահարուստ ավստրալուհու երեխաները զրկել են նրան ընտանեկան հիմնադրամը կառավարելու իրավունքից

00:30 • 29.05.15

Ամենահարուստ ավստրալուհու և աշխարհում ամենամեծ կարողության տեր կանանցից մեկի` Ջինա Ռայնհարթի երեխաները զրկել են նրան ընտանեկան հիմնադրամը կառավարելու իրավունքից:

 

Ինչպես գրում է  Газета.Ru-ն` The Wall Street Journal պարբերականին հղումով, դատական գործընթացը ավելի քան 3 տարի է տևել: Hope Margaret Hancock Trust հիմնադրամը 1988-ին հիմնադրել է Ռայնհարթի հայրը` Լենգ Հենքոքը, ով եղել է Ավստրալիայի  Պիլբարա շրջանում երկաթի խոշոր հանքերի առաջին շահագործողը:


Հիմնադրամի ակտիվները գնահատվում են մոտ 3 մլրդ դոլար: 2011-ին հիմնադրամի ակտիվները պետք է անցնեին Հենքոքի չորս թոռանը, սակայն  Ռայնհարթը չի սպասել 2011-ին և փոփոխել է հիմնադրամի կանոնադրությունը`  ակտիվների փոխանցման ժամկետը տեղափոխելով մինչև 2068 թիվ:


Դատարանը որոշել է հիմնադրամի կառավարումը փոխանցել Ռայնհարթի ավագ դստերը`  Բյանկա Ռայնհարթին: Միևնույն ժամանակ՝ դատարանը նրան պարտավորեցրել է կարևոր որոշումներ ընդունելիս  ստանալ մյուս շահառուների հավանությունը: