25 տարվա մեջ չեն կարողացել համակարգ ստեղծել, որ և՛ ոչխարները անվտանգ լինեն, և՛ գայլերը կուշտ. Ռուբեն Հախվերդյան
Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը Tert.am-ի հետ խիստ լակոնիկ հարցազրույցում, որում հնչում էին նաև, «չէ,» չգիտեմ» պատասխաններ, նկատեց, որ երկրում «կառավարական բեսպրեդել է» ու ավելացրեց. «Նրանք բոլորն էլ պատասխան պիտի տան, բայց թե ու՞մ առաջ, ե՞րբ, ո՞նց … չգիտեմ»:
-Ինչպե՞ս եք պարոն Հախվերդյան:
-Կարծես թե… գրեք` կարծես թե ու բազմակետ:
-Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, այսօր նախարարներից ոմանք հրապարակել էին իրենց մանկության լուսանկարները. լավ երեխաներ էին: Ի՞նչ կասեք երեխաների մասին, հաստատ իրենց մարդկության լավագույն հատվածն եք համարում` երիտասարդների ու ավագների հետ համեմատած:
-Ես երեխաների համար մի դիսկ եմ` գրել `«0-ից 100 տարեկան երեխաների համար» ու դրանով ինձ բավարարված եմ համարում, դիսկը ստացվել է, մանկապարտեզներում երգում են այդ երգերը… Ճիշտ է` մամուլում շատ չի գրվել այդ մասին, բնականաբար, որովհետև մենք Մշակույթի նախարարություն առանձնապես չունենք, որ հետաքրքրվի, վերլուծի կամ շնորհակալություն հայտնի, որ 4 տարում վերջացրել եմ էդ գործը: Ակնկալիք էլ չունեմ, ու ինձ համար վիրավորական կլիներ, եթե էդ նույն նախարարությունը գովերգեր ինձ: Եթե հայտնվեն սպոնսորներ, ես նոր CD կարող եմ հանել, բայց պետական հոգածություն չկա: Թեև ինձ շատ օգնում են սպոնսորները:
-Քաղաքական անցուդարձին հետո՞ւմ եք:
-Ոչ:
-Կա՞ ինչ-որ բան, որ Ձեզ հետաքրքրում է, մտահոգում է, դժգոհ եք, անհանգիստ եք, դեմ եք:
-Շենքի, որևէ կառույցի հիմքը եթե սխալ է դրվում, շենքը ծուռ է լինում: Նրանք բոլորն էլ պատասխան պիտի տան, բայց թե ու՞մ առաջ, ե՞րբ, ո՞նց ես չգիտեմ: Ու որ էս 25 տարվա մեջ չեն կարողացել համակարգ ստեղծել, որ և՛ ոչխարները անվտանգ լինեն, և՛ գայլերը կուշտ… խայտառակություն է` գնում է «կառավարական բեսպրեդել»: Էսքանը, իսկ մնացածը դետալներն ինձ չեն հետաքրքրում:
-Հասանքը թանկանալու է հերթական անգամ:
-Հասանքը թանկացնում են, ժողովրդին չեն հարցնում, դե կթանկացնեն:
-Հասարակական բողոք չկա, կարծես:
-Հասարակական բողոք լինելու համար պետք է հասարակություն լինի, սոված հասարակությունից ի՞նչ եք պահանջում, եթե ուտելու հաց չունեն:
-Դա հենց ուտելու հաց չունենալու պարագայում չե՞ն դժգոհում, բողոքում:
-Չէ, հիմա ամեն մեկն իր մասին է մտածում, արտագաղթում: Քաղաքական վերնախավն էլ ամեն տեղ տներ ունի, որ էս ամեն ինչը վերջանա, իրենք էլ կչվեն:
-Երկրում որևէ լավ բան չի կատարվու՞մ, Ձեր կարծիքով:
- Չգիտեմ: Ոչինչ չի կատարվում. նույն համակարգն է` Առաջին հանրապետության ու էսպես գլորվում է: Բայց ամեն ինչ, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, և կարծում եմ` վերջը այնքան էլ հեռու չէ և էնքան էլ վարդագույն չէ:
-«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության առնչությամբ էլ կարծեմ ասել էիք, որ մեր հասարակությունը , ինչպես նաև Դուք` դադարել եք զարմանալուց: Ինչ էլ լինի, չեք զարմանա:
- Սա աստիճանաբար է կատարվել: Հասարակությունը բաղկացած է երկու մասից. մեծամասնություն` աղքատ և փոքրամասնություն՝ շատ հարուստ:
-Ձեր տեսակետը չեմ լսել` կապված Եվրամիության, Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ:
-Էդ եվրամիություն-մեվրամիություն չի հետաքրքրում:
- Մեր ապագան է, ամեն դեպքում` համակարգեր` անվտանգության, քաղաքակրթական..
-Ես տենց բաներից բան չեմ հասկանում, ու խնդրում եմ` ինձ տենց բարդ հարցեր մի տուր:










