Գալուստ Սահակյանը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով խորհրդարանական փակ լսումների կողմնակից է

14:52 • 01.06.15

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումները հավանաբար կլինեն այս քառօրյայից հետո. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու նշեց, թե հենց այդ ժամանակ էլ բոլոր հարցերին պատասխան կտրվի՝ հիմնավոր է ՀԷՑ-ի հայտը ՀԾԿՀ՝ հոսանքի գինը 17 դրամով թանկացնելու համար, թե` ոչ:


Նշենք, որ հաջորդ քառօրյան կլինի հունիսի 8-ից 11-ը:


«Բոլոր քաղաքական ուժերը զբաղվում են, հանրագումարը տեղի կունենա մեծ լսումներից հետո, որի ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք շատ դեպքում մամուլով աղավաղվում են, նաև այդ հարցադրումների պատասխանը կստանանք»,- ասաց Գալուստ Սահակյանը:


Հարցին, թե լսումները բաց կլինեն, թե փակ, ԱԺ նախագահը պատասխանեց, թե ընդհանրապես ինքը փակի կողմնակից է: «Ավելի շատ փակի կողմնակից եմ, որովհետև բացի դեպքում բոլորը ներկայանում են այնպես, որ նույնիսկ պատրաստ են եռաֆազը ընկնի գլխներին և կոտորվեն հանուն ազգի, իսկ փակ քննարկման դեպքում, փորձում են խնդիրները լուծել»,- ասաց նա:


Դիտարկմանը, թե այսինքն՝ ինքը փակի կողմնակից է, նշեց, թե ինչպես կորոշեն խմբակցության ղեկավարները:


Մեր դիտարկմանը, թե 17 դրամով թանկացնելու հայտը տրամաբանական է համարում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կարևոր չէ 17 դրամով է թանկացումը, թե ընդհանրապես չի թանկացվում, խնդիրը միայն բարձրանալը և չբարձրանալը չէ, պետք է այնպիսի որոշում լինի, որ  ինչ-որ չափով հասարակության  կողմից հավանության արժանանա»:


Դիտարկմանը, թե հասարակությունը հավանություն է տալիս նրան, որ ընդհանրապես չբարձրանա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բնականաբար, լավ կլիներ, որ ամբողջ  հասարակությունը՝ մեզանից սկսած, ընդհանրապես էներգիայի վարձ չվճարեին, բայց  պետք է հաշվի առել ինչ պայմաններում ենք և ինչպիսի խնդիրներ կարող ենք  կատարել»: 


Իսկ հարցին, թե ճիշտ է, որ իրենց շքեղ ծախսերի համար ժողովուրդը վճարի, Գալուստ Սահակյանը նշեց, թե դա լրագրողներն են ասում: Լրագրողները հուշեցին, թե ոչ միայն իրենք, այլ նույնն ասել է նաև էներգետիկայի նախարարը, ԱԺ նախագահը կրկին նշեց, որ լսումների ժամանակ պարզ կլինի:


«Այդպես չէ և ժամանակը կգա, կտեսնենք: Դրանք թելադրված հայտարարություններ են,  ավելի շիկացնելու իրավիճակը: Որևէ ծախս չկա, որի համար հասարակությունը պարտավորվի վճարել, դրա համար լսումների ժամանակ  այդ հարցերին պատասխան կտրվի: Որևէ  ճոխություն չի կատարվել, և ես նախնական դա կարող եմ ասել,  իսկ համոզիչ լինելու համար և՛ ընկերությունը կպատասխանի, և՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,- եզրափակեց նա:
 

Գալուստ Սահակյանը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով խորհրդարանական փակ լսումների կողմնակից է