Մանկության վառ հուշեր, որ պատմում են նախարար դարձած «մանուկները»
Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Tert.am-ը զրուցեց ՀՀ մի քանի նախարարների հետ, որոնք մանկանալով վերհիշեցին իրենց անհոգ օրերը, մանկական զվարճալի պատմությունները և ևս մեկ անգամ թերթելով ընտանեկան ալբոմները սիրով տրամադրեցին իրենց մանկության տարիների ու իրենց սեփական շարունակության՝ երեխաների լուսանկարները…
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան


Մանկուց սիրել եմ արկածային պատմություններ, բայց երբեք չէի ենթադրի, որ իրական արկածի եմ հանդիպելու: ..5 տարեկան էի, Թբիլիսիից գնացքով պիտի մեկնեինք Կիսլովոդսկ՝ հանգստանալու: Ծնողներս կարևոր գործեր ունեին և չէին կարող բացակայել, այդ պատճառով էլ ինձ հանձնեցին տատիկիս ու պապիկիս, որոնց հետ էլ երեկոյան գնացով ճանապարհ ընկանք: Պատկերացնում եք, գիշերը քնեցինք և առավոտյան արթնացանք … Բաքվում: Այն ժամանակ իհարկե ազգամիջյան կոնֆլիկտ չկար և բոլորս խորհրդային կայսրության քաղաքացիներ էինք, բայց չեմ կարող ասել, որ իրավիճակը մեզ համար շոկային չէր…. Այդպես էլ այն ժամանակ գլխի չընկանք, թե ինչպես էր Թբիլիսիի երկաթգծի կայարանի տոմսավաճառը հաջողացրել մեզ ուղարկել Բաքու: Մենք պայմանավորվեցինք, որ դա կպահենք որպես երեքիս գաղտնիք և այդ մասին հատկապես չենք պատմի ծնողներիս՝ նրանց անտեղի հուզմունքից զերծ պահելու համար: Բնականաբար շփոթած ուղևորությունը լրացուցիչ անհանգստություն էր տատիս և պապիս համար, բայց ինձ համար այն վերածվեց շատ հետաքրքիր արկածի, ինչից ես օգտվեցի ամբողջությամբ: Եվ մինչ պապիկս տոմսի հերթ էր կանգնել, ես կարողացա տատիկիս հետ շրջել առափնյա տարածքներով, հսկայական նավեր տեսնել ու հիշել իմ լսած արկածային պատմությունները: Էլ չեմ ասում, որ փոքր հասակում շատ էի սիրում գնացքով ճամփորդել, ինչից նույնպես լրացուցիչ օգտվեցի այս հուշ դարձած թյուրիմացության արդյունքում: Իսկ թե ինչպես հանգստացանք Կիսլովոդսկում, ցավոք չեմ հիշում....


Հովհաննես Մանուկյանի որդին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան


8 տարեկան էի, գնացել էի հորաքրոջս տուն՝ գյուղ: Գյուղում հավերի հետևից վազվզելուց, խակ-խակ մրգերը ծառերից պոկելուց ու անլվա ուտելուց հետո, որոշեցի մտնել գոմ: Գոմը կիսամութ էր, երեխա էի, մտածեցի, կովը չի տեսնի, գնամ մի քիչ պոչից քաշքշեմ… մի խոսքով մի լավ գժվացրի կովին… Բայց մանկական չարաճճիությունս կարճ տևեց, կովը ինձ համար շատ անսպասելի պտտվեց ու կոտոշով էնպես հարվածեց ճակատիս...… Երբ աչքերս բացեցի, արդեն շուրջս հարայհրոց էր, հավաքվել էին, ճակատիս արյունն էին մաքրում, ջուր էին տալիս: Ես էլ հորաքրոջս ասեցի. «Հորքուր, ոնց որ կովի կոտոշը պոկվեց, բայց ես բան չեմ արել»:
Արտեմ Ասատրյանի որդիները

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան


Ծնվել ու մեծացել եմ մանկավարժների ընտանիքում, որտեղ ազգայինը, հայրենասիրականն ամեն ինչից վեր էր: Փոքր տարիքից մենք դաստիարակվում էինք Մաշտոցով, Խորենացիով, Նարեկացիով, Քուչակով: Շատ հաճախ հայրս, Խորհրդային տարիների այդ փակ համակարգի պայմաններում, տուն էր բերում մեր պատմության ու ականավոր դեմքերի հետ կապված անտիպ նյութեր: Արգելված գրականությունը տուն բերելով հայրս հատուկ հանձնարարություն էր տալիս` հանկարծ ուրիշը այդ մասին չիմանա: Ես հինգերորդ դասարան էի, երբ Շիրազի անտիպ գործերը սկսեցին տարածվել հանրապետությունում: Այդ ժամանակ ես չէի հասկանում անտիպը որն է, տպագրվածը` որը: Հայրս հերթական անգամ Շիրազի անտիպ բանաստեղծությունների մի տրցակ էր տուն բերել: Քանի որ ես ասմունքի նկատմամբ յուրօրինակ սեր ունեի, անմիջապես սովորեցի «Յոթը բուռ մոխիր» բանաստեղծությունը:
Որոշ ժամանակ անց Գավառում ասմունքի մրցույթ էր, ու ես արտասանեցի հենց այդ բանաստեղծությունը.
…Երբ որ մեռնեմ, ինձ այրեցեք,
Բայց մոխրիցս յոթը բուռ
Տարե՛ք, ցրե՛ք Հայաստանիս
Յոթը կողմերը դեռ անդուռ:
Առաջին բուռն համասփռեք
Կրծքին բանտված Մասիսի,
Որ խառնվեմ իր մեծ սրտին,
Հովանա սիրտն իմ հույսի:
Թե չէ այսպես, ինչպես գառը
Հեռու կապեն իր մորից,
Թե չձուլվեմ Արարատին,
Ես կմեռնեմ կարոտից…
Ես ասմունքեցի, չհասկանալով, թե այդ բառերի իմաստը, նշանակությունն ինչ վտանգ կարող է իր մեջ պարունակել: Ես, որ միշտ գերազանց էի սովորում, հաճախ էի պարգևներ ստանում, այս անգամ մասնակցելով օլիմպիադայի` ոչինչ չստացա ու արտասվելով տուն եկա: Երեկոյան մայրս, ով դպրոցի տնօրեն էր, շատ լարված, վախեցած աշխատանքից վերադարձավ, կանչեց ինձ, գրկեց ու ասաց. «Աղջի՛կս, այսօր մրցույթում ի՞նչ ես արտասանել»: Երբ մորս ասացի, թե ինչ եմ արտասանել ու դժգոհեցի, որ ինձ ոչինչ չտվեցին ու չհաղթեցի, նա ճակատս համբուրեց ու ասաց. «Բալե՛ս, այլևս դա չարտասանես, եթե արտասանես, հայրիկին կբռնեն»։ Ես սարսափեցի, իսկ մորս այդ խոսքերը դաջվեցին ուղեղումս։ Տարիներ հետո միայն իմացա, որ այդ նույն օրը, մորս կանչել են կուսակցության շրջանային կոմիտե և մի մեծ «դաս» տվել: Իսկ համապատասխան մարմիններն էլ կանչել են հորս և բացատրություն պահանջել, թե ինչպես է իր հինգերորդ դասարանի երեխան արտասանում Շիրազի չտպագրված բանաստեղծությունը։
Փա´ռք Աստծո, որ հիմա ապրում ենք անկախ Հայաստանում, և մեր փոքրիկները մայրենին սովորելիս երբեք նման սահմանափակումներ չունեն։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան


Մանկուց սիրել եմ սպորտը և շատ ակտիվ երեխա եմ եղել: Հիշում եմ, մի անգամ, առաջին թե երկրորդ դասարանում, մեր դասարանը մրցելու էր զուգահեռ դասարանի տղաների հետ` ֆուտբոլ էինք խաղալու: Ուղղակի շատ անհաջող ժամ էինք ընտրել խաղի համար ու ստիպված դասերից փախանք: Երկու բան եմ լավ հիշում այդ խաղի հետ կապված` առաջինը, որ մեր դասարանը հաղթեց, և երկրորդը` հաջորդ օրը բոլոր տղաների ծնողներին կանչեցին դպրոց: Դա ինձ դաս եղավ, որ հետագայում ավելի օրինակելի աշակերտ լինեմ և չթողնեմ սպորտի նկատմամբ սերը խանգարի իմ ուսումնառությանը և հետագա կրթությանը:
Գաբրիել Ղազարյանի զավակները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան


Արմեն Աշոտյանի ավագ որդին

Արմեն Աշոտյանի կրտսեր որդին

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան
.jpg)

Որքան ինձ հիշում եմ՝ նկարչության մեջ եմ եղել…
Առաջին անգամ ինձ հիշում եմ նկարելիս՝ չորս տարեկան հասակում: Ձմեռ էր: Ջերմուկի մեր տունն եմ հիշում և վառարանը , որի շուրջ հավաքվում էինք: Այդպիսի ձմեռային մի օր հայրս եկել էր տուն, հոգնած վիճակում ընթրել և քնել, ու բանջարեղենի մի հատված մնացել էր բերանից կախված: Ինձ շատ հետաքրքիր էր այդ պահը և որոշեցի նկարել՝ հաջորդ օրն իրեն ապացուցելու համար, որ քնած վիճակում այդպես է եղել:
Լավ հիշում եմ՝ վերցրեցի թվաբանության վանդակավոր տետրակը և նրան նկարեցի… Այդ նկարն էլ դարձավ լուրջ խթան, որ սկսեմ նկարել:
Որքան ինձ հիշում եմ՝ շարունակ նկարչության մեջ եմ եղել՝ Ջերմուկի ձորերում, հարակից գյուղերում… Երբեք չեմ կասկածել, թե նկարիչ պիտի դառնամ: Երբ արդեն ավարտում էի դպրոցը և հաստատ որոշում ունեի, թե պիտի ընդունվեմ Գեղարվեստաթատերականի գեղանկարչության բաժինը, հայրս ինձ հրավիրեց զրույցի: Նա միշտ վարչական պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ներկայիս Վայոց ձորի մարզում. խորհրդային նոմենկլատուրայի տիպիկ ներկայացուցիչ էր:
Երբ հայրս ինձ հարցրեց, արդյոք հաստատ է որոշումս, ես շատ վստահ պատասխանեցի, թե՝ այո՛, նկարիչ եմ ուզում դառնալ: Նա թե՝ «այսինքն՝ մաշված ջինսեր հագա՞ծ պիտի ման գաս» և… խորհուրդ տվեց ինձ գոնե գնալ ճարտարապետական:
Հայրական դիկտատը, թերևս, իր դերը խաղաց, ես դիմեցի և ընդունվեցի պոլիտեխնիկի ճարտարապետականը: Բայց հիշում եմ՝ ընդունվելուց մեկ շաբաթ անց, երբ սկսեցինք առաջին գործերն անել, հիշում եմ՝ չինական տուշով, բարակ գրիչով արտանկարում էի Երերույքի 4-րդ դարի եռանավ բազիլիկ տաճարի ֆասադները, ես հայրիկիս հրավիրեցի հանդիպման: Պոլիտեխնիկի դիմացի այգում հանդիպեցինք և ես նրան ասացի՝ «պապ, շատ շնորհակալ եմ քեզանից»…










