ՀՀ-ում արևային էլեկտրաէներգիայի անհատական կայաններն առաջիկա 5 տարում կդառնան առավել մատչելի. մասնագետ
Հայ հասարակության համար դեռևս ձեռնտու չէ տեղադրել կայանքներ արևային էլեկտրաէներգիա ստանալու համար, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց այլընտրանքային էներգետիկայի սարքավորումների պատրաստմամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Միխայիլ Մարտիրոսյանը: Նա նշեց էլեկտրաէներգիայի այս տեսակը դեռևս էկզոտիկա է Հայաստանի համար:
«Ժամում 1 կվ էլեկտրաէներգիա ստանալու համար անհրաժեշտ է 3000-4000 դոլար: 1 կվ-ի համար պետք է տեղադրել 10-12 քմ պանել, քանի որ 1 քմ պանելը արտադրում է 150 վատտ: Իսկ կենցաղը լիարժեք կերպով վարելու համար ժամում առնվազն պետք է ունենալ 4-5 կվ էլեկտրաէներգիայի ռեսուրս: Այս դեպքում այս 3-ից 4000 դոլարը պետք է բազմապատկենք առնվազն 4 անգամ, որպեսզի հասկանանք, թե ինչքան գումար է հարկավոր 24 ժամ լիարժեք էլեկտրաէներգիայի ռեսուրս ունենալու համար»,- ասաց նա:
Հարցին, թե 1 կվ/ժ-ը որ կենցաղային սարքերին կբավականացնի մեկ ժամ աշխատելու դեպքում, պատասխանեց, որ, օրինակ, միայն համակարգիչը մեկ ժամում սպասում է 0.5 կվ էլեկտրաէներգիա:
«Իհարկե ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ սարքեր են մարդիկ օգտագործում, ինչ հզորության, բայց ամեն դեպքում 1 կվ/ժ-ը շատ քիչ ռեսուրս է: Իսկ եթե մարդը ուզենա ջեռուցումն էլ ապահովի այս էլեկտրաէներգիայի միջոցով, ուրեմն ավելի շատ ռեսուրս պետք է ունենա: Պարտադիր չէ, որ դու մեկ ժամում միշտ այդքան էլեկտրաէներգիա ծախսես, բայց դու պետք է ունենաս քո բնակարանի կենցաղային ապրանքների ու լամպերի առավելագույն սպառման չափով ռեսուրս, որպեսզի ինչ-որ պահին մի հատ փոքր լամպ չվառես ու նստես, մինչև էլէներգիա կուտակվի»,- ասաց նա և ընդգծեց, որ յուրաքանչյուր տարածք անհատական ինժեներական մոտեցում ու հաշվարկներ է պահանջում:
Միխայիլ Մարտիրոսյանը նաև նկատեց, որ արևի էներգիան էլեկտրաէներգիայի փոխարկող սարքերի գինը նվազման միտում ունեն: Նա ընդգծեց, որ համեմատած նախորդ տարիների հետ, այսօր այդ սարքերը անհամեմատ էժանացել են:
«Վստահ եմ, որ մոտակա հինգ տարվա մեջ հաստատ կդառնան ավելի մատչելի, որովհետև տենդենցը դա է ցույց տալիս: Մոտ 8 տարվա ընթացքում գինը կրկնակի նվազել է: Ներկայումս էլ անընդհատ բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասաց նա:
Հարցին, թե այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր տեղադրել են նման կայանքներ, պատասխանեց, որ այդպիսինների թիվը շատ քիչ է. հիմնականում տեղադրում են այն դեպքերում, երբ ինչ-որ սարքի կամ ինչ-որ աշխատանքի անվտանգության խնդիր կա:
«Օրինակ, տեղադրում են կայանքները, եթե ինչ-որ բան պետք է անընդհատ սնուցում ստանա, կամ մի համակարգիչ, որը ոչ մի դեպքում չպետք է հոսանքազրկվի: Բայց եթե խոսքը ուղղակի կենցաղի մասին է, ապա դեռևս հարմար չէ և իմաստ չունի: Ես խորհուրդ չեմ տալիս, քանի որ դա տնտեսապես շահավետ չէ»,- ասաց նա:
Միխայիլ Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ շուկայում նույն սարքը կարելի է գտնել ավելի մատչելի գնով, բայց դրանք ավելի անորակ են և կարճ կյանք ունեն: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում այսօր վարդակից փոխանցվող էլեկտրաէներգիան մրցակից դեռևս չունի, քանի որ շարունակում է մնալ ամենաէժանը:
Ընկերության տնօրենը նաև նշեց, որ ներկայումս աշխատանքն է տարվում Հայաստանում արևային էներգիա փոխակերպող կայանք կառուցելու համար: Կառավարությունը արդեն լիցենզիա է տվել աշխատանքների իրականացման համար:
«Լիցենզիան սովորական մարդկանց պետք չէ, պետք է միայն բաշխիչ ցանցին էլէներգիա մատակարարելու համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայումս քննարկում է, թե որքան պետք է արժենա այս կայանքի արտադրած 1 կվ-ի գինը, այն լինելու է մոտավորապես 55-70 դրամի միջակայքում: Այսինքն՝ այս գնով է բաշխիչ ցանցին մատակարարվելու էլեկտրաէներգիան»,- ասաց նա և ընդգծեց, որ սպառողի համար գինը չի փոխվի:
Միխայիլ Մարտիրոսյանը կանխատեսեց, որ մոտակա երկու տարվա ընթացքում կայանքը կսկսի կառուցվել:










