Գյուղնախարարությունը համաձայնության է եկել ալագյազցիների հետ (թարմացված, լուսանկարներ)
15:05
Ալագյազցիները համաձայնվել են բացել Սպիտակ-Երևան ճանապարհը՝ պայմանավորվելով հունիսի 9-ին Ծաղկահովիտում հանդիպել կաթը մթերող կազմակերպությունների և գործարանների ներկայացուցիչների հետ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև Գյուղատնտեսության նախարարությունից ներկայացուցիչներ՝ հանձին իրեն և Գրիշա Բաղինյանի:
«Ներկայումս գինը գործարաններում 130 դրամ է, բայց մթերող միջնորդ կազմակերպությունները ավելի ցածր գնով են գյուղացուց կաթ գնում, ինչը առաջացրել է գյուղացիների զայրույթը: Մենք խոսելու ենք միջնորդ կազմակերպությունների հետ, որ իրենց շահույթը նվազեցնեն, որ գյուղացին չտուժի»,- ասաց նա:
13:24
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանը և Ռոբերտ Մակարյանը մեկնել են Արագածոտնի մարզ:
Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը՝ իրենց դժգոհությունը արտահայտելով կաթը գյուղացիներից էժան մթերելու դեմ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց գյուղի բնակիչներից մեկը: Նա նշեց, որ վերջին շրջանում Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ կաթի փոշի, ինչի հետևանքով կաթի գինը կտրուկ ընկել է:
«Եթե անցած տարի մենք մեկ լիտր կաթը գործարանին հանձնում էին 180-170 դրամով, ապա հիմա 110 դրամ են տալիս: Մեծ մասը չի հանում, կաթի ինքնարժեքից էլ ցածր է»,-ասաց նա:
Ալագյազցին նշեց, որ կաթը ցածր գնով են գնում իրենցից բոլոր գործարանները: Ճանապարհը փակած գյուղացիների հետ հանդիպելու չի եկել ո՛չ գյուղապետը, ո՛չ էլ որևէ գործարանի ներկայացուցիչ: Այս պահին ոստիկանությունը բանակցություններ է վարում նրանց հետ ճանապարհը բացելու համար:















