Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոքն այսօր արդեն իսկ ներկայացվել է. հաշտություն այդպես էլ չկայացավ

21:41 • 06.06.15

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոքն այսօր արդեն իսկ ներկայացվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

«Միանշանակ չեմ կարող ասել, թե Վճռաբեկ դատարանը ինչ որոշում կկայացնի, այսինքն, վարույթ կընդունի, թե՝ ոչ: Բայց հաշվի առնելով ՀՀ-ում դատական պրակտիկան, կարծում եմ, որ ոչ»,-ասաց Ռուբեն Բալոյանը՝ հավելելով, որ վճռաբեկ բողոք բերելու իրենց նպատակներից մեկն է ՀՀ-ում սպառել բոլոր դատական ատյաններին դիմելու իրենց իրավունքը, որպեսզի հետագայում դիմեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

«Սույն գործով դատարանների կողմից կայացված մի շարք որոշումները տուժող կողմին չեն բավարարել: Մասնավորապես, քրեական գործը քննող դատարանները խուսափեցին տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հայցը քննության առնելուց, բայց պարտավոր էին: Տաթևիկ Հակոբյանի հայցը քննության չառնելով՝ դատարանները կոպիտ կերպով խախտեցին երիտասարդ աղջկա իրավունքները»,-ասաց Ռուբեն Բալոյանը:

Tert.am-ի հարցին, թե ինչու կողմերի միջև հաշտություն տեղի չունեցավ և գործը հասավ վճռաբեկ դատարան, Ռուբեն Բալոյանը պատասխանեց. «Ինչ վերաբերվում է կողմերի միջև հաշտության չկայանալուն, ապա դրա ողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանական կողմն ի դեմս Վարդան Պետրոսյանի, քանի որ վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասրյանը դատարանի և բազմաթիվ լրատվամիջոցների առաջ պատրաստակամություն հայտնեց հատուցելու Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը և տուժող կողմին պայմանագրի տեսքով առաջարկություն արվեց: Ցավոք, մենք դա լուրջ ընդունեցինք և մեր հերթին գրավոր առաջարկ ներկայացրեցինք Վարդան Պետրոսյանին, որպեսզի վերջինս հոգա Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերն ամբողջությամբ՝ ներառյալ ֆունկցիաների լրիվ վերականգնումը»,-նշեց փաստաբանը:


Շարունակելով խոսքը՝ Բալոյանն ասաց. «Փաստացի հրաժարվեցինք հայցադիմումով պահանջվող 7.8 մլն դրամից: Առաջարկեցինք նաև, որ կնքվի եռակողմ պայամանագիր՝ Վարդան Պետրոսյանի, բուժհաստատության և տուժող Տաթևիկ Հակոբյանի միջև, որպեսզի վերջինս ձեռք բերի որոշակի իրավունքներ: Մեր կարծիքով՝ Վ. Պետրոսյանին որևէ արտառոց առաջարկ չարվեց: Անհասկանալի պատճառով մեր առաջարկը պաշտպանի կողմից մի շարք լրատվամիջոցներով քննադատության ենթարկվեց, որն էլ պատճառ հանդիսացավ հաշտության չկայանալուն»:

Փաստաբանն ասաց, թե իրենք հասկացել են նաև, որ այդ առաջարկը իրական չէր, ինչպես և նախորդները և այն ընդամենը ծուղակ էր:

«Ծուղակ էր այն պատճառով, որ Նիկոլայ Բաղդասարյանը անընդհատ, տարբեր լրատվամիջոցներով փորձում էր հանրությանը մատուցել, որ տուժող կողմին կլորիկ գումար է պետք և ոչ թե բուժման ծախսերի հատուցում: Բայց երբ Վ. Պետրոսյանի առաջարկը փորձեցինք գործի վերածել, այն հօդս ցնդեց, որով և տապալվեց տուժող կողմին հերթական անգամ վարկաբեկելու փորձը»,–ասաց Ռուբեն Բալոյանը::

 

Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոքն այսօր արդեն իսկ ներկայացվել է. հաշտություն այդպես էլ չկայացավ