Թուրքիայի խորհրդարանում առաջին անգամ քրդամետ ուժ կլինի, իսկ Էրդողանի կուսակցության ձայները նվազել են
Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ըստ նախնական տվյալի, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի ստացել խորհդրարանական տեղերի մեծամասնությունը՝ հավաքելով քվեների 40.70 տոկոսը. տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:
Քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը պատմության մեջ առաջին անգամ կարողացել է շրջանցել 10 տոկոսանոց արգելքն ու հայտնվել խորհրդարանում:
Վերջին 12 տարիների իշխող ԱԶԿ-ն կստանա խորհրդարանի 550 տեղերից ընդամենը 256-ը: Նախորդ խորհրդարանի համեմատ՝ ԱԶԿ-ն կորցրել է 9 տոկոսը:
Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել մեջլիս մտած մյուս 3 քաղաքական ուժերից մեկի հետ:
Քվեների 12 տոկոսը ստացած քրդամետ կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշն արդեն հայտարարել է, որ բացառում է ԱԶԿ-ի հետ կոալիցիայի հնարավորությունը:
Աջերի առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ իր «Ազգայնական շարժում» կուսակցությունը կմտնի կոալիցիա, եթե այնտեղ թուրքեր չլինեն:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության ձայները նախորդ ընտրության համեմատ աճել են մոտ 4.5 տոկոսով, իսկ ազգայնականներինը՝ 3 տոկոսով:
Քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը խորհրդարանում է առաջին անգամ: Նա կստանա 78 մանդատ: Տեղի ունեցածը նրա կողմնակիցների շրջանում որպես մեծ հաղթանակ է նշվում:
Ընտրության վերջնական արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից:










