Amnesty International-ին թույլ չեն տվել այցելել Բաքու

16:14 • 10.06.15

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ստիպված է եղել չեղարկել պլանավորված այցն Ադրբեջան, այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը վերջին պահին հրաժարվել է այդ իրավապաշտպան կազմակերպության պատվիրակությանը թողնել Բաքու, տեղեկացնում է contact.az-ը:



Այցը, որի ընթացքում նախատեսված էր «Ադրբեջան. ճնշումներ՝ Եվրախաղերի ֆոնին» խորագրով ճեպազրույցի անցկացում, չեղարկվել է, երբ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ «Ադրբեջանն ի վիճակի չէ այս պահին ընդունել Amnesty International-ին»:

 

«Ծիծաղելի է, որ միջոցառումը չեղարկվել է այն պահին, երբ Եվրոպական խաղերին ընդառաջ երկրում քննադատական ձայները պարբերաբար ճնշվում են: Երկրի իշխանությունները փորձում են Եվրոպական խաղերի շուրջ առանց քննադատության գոտի ստեղծել»,-ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ծրագրի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:



«Այս խաղերը հեռու են մամուլի ազատության արժեքներից ու մարդկային արժանապատվությունից, որն ամրագրված է Օլիմպիական  կանոնադրության մեջ»,-ասել է նա:

 

«Վերջին տարիներին Ադրբեջանում լրագրողները, իրավապաշտպանները, ընդդիմության անդամներն ու երիտասարդ ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում, ձերբակալվում են:

 

Նման պահվածքն ավելի է սրվել խաղերի նախաշեմին:


Ադրբեջանում առնվազն 20 ակտիվիստ է ձերբակալվել բացառապես իր ազատ արտահայտվելու իրավունքը դրսևորելու համար:

 

Նրանցից ոմանց հարկերից խուսափելու, խարդախությունների, խուլիգանության և անգամ՝ պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել։

 

Շատ այլ ակտիվիստներ լքել են երկիրը՝ վախենալով իրենց ու իրենց ընտանիքներին ուղղված սպառնալիքներից»,- ասված է իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

 

Նշվում է, որ Եվրոպական խաղերը բացառիկ հնարավորություն են երկրում մարդու իրավունքների բարելավման համար:

Amnesty International-ին թույլ չեն տվել այցելել Բաքու