Նոր օրենքը դրական ազդեցություն կունենա Դիլիջանի և տարածաշրջանի զարգացման գործում. IdeA-ի ծրագրի տնօրեն

20:00 • 13.06.15

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) hիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագրի տնօրեն Արթուր Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում խոսեց Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման համար ծրագրերի իրականացումից, պետություն-մասնավոր հատված համագործակցությունից: «Կարևոր նպատակներից են քաղաքի հետագա զարգացման ընթացքում քաղաքաշինական և ճարտարապետական միասնական և համահունչ սկզբունքների կիրառումը, պատմամշակութային առանձնահատկություններին համապատասխանող քաղաքաշինական և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացումը»,- ասաց նա:
 

- Ազգային ժողովի՝ հունիսի 15-ին գումարվելիք արտահերթ նստաշրջանի օրակարգում է «ՀՀ Տավուշի  մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման ու ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը, որով, փաստորեն, Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման համար օրենսդրական հիմքեր են ստեղծվում: IDeA-ն, որպես Դիլիջանում խոշոր ծրագրեր իրականացնող կառույց, ինչպե՞ս է գնահատում  նախագիծը և արդյոք ծանոթ եք ներկայացված փաստաթղթին:


-Այո՛, ծանոթ ենք, և նախագծի մշակման փուլում կառավարության հետ համագործակցել ենք: Եղել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ: Կարծում ենք, օրենքի նախագիծը միանշանակ դրական ազդեցություն կունենա Դիլիջանի և տարածաշրջանի զարգացման վրա:


Վերջին տարիներին Դիլիջանում IDeA-ն առանձին ծրագրերի արդյունավետ իրականացման փորձ ունի, սակայն քաղաքի հետագա զարգացման, ներդրումների շարունակականության ապահովման համար անհրաժեշտ է հեռանկարային և համակարգային մոտեցում ցուցաբերել:  Այս առումով նախագիծը մի շարք կարևոր կարգավորումներ և համալիր միջոցառումներ է նախատեսում. առաջին հերթին դրանք  վերաբերում են տարածաշրջանի ներդրումային գրավչության բարձրացմանը՝ երկարաժամկետ և համակարգային ներդրումների ներգրավման նպատակով: Կարևոր նպատակներից են քաղաքի հետագա զարգացման ընթացքում քաղաքաշինական և ճարտարապետական միասնական և համահունչ սկզբունքների կիրառումը, պատմամշակութային առանձնահատկություններին համապատասխանող քաղաքաշինական և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացումը: Նախագծի կարևոր պահանջներից է Դիլիջանում և հարակից տարածքներում բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության բացառումը: Կարծում եմ՝  այս  ամենն էլ ավելի կբարձրացնի Դիլիջանի և տարածաշրջանի գրավչությունը՝ ապահովելով կայուն հիմքեր հետագա սոցիալ-տնտեսական զարգացման համար:


-Ձեր կարծիքով՝  օրենքի նախագիծը գործուն մեխանիզմներ նախատեսո՞ւմ է  Դիլիջան քաղաքի և հարակից տարածքների զարգացման  համար: Որքանո՞վ այն կնպաստի հիմնադրամի ծրագրերի իրականացմանը և, ընդհանրապես, նոր ներդրումների ներգրավման հարթակի ձևավորմանը, ինչպես նշվում է կառավարության եզրակացության մեջ:


-Նախագիծը նախատեսում է այդպիսի պահանջներ: Սահմանված են տարածաշրջանի զարգացման ռազմավարական ուղղությունները, օբյեկտների կառուցապատման ծրագրերի չափանիշները, ներդրողների մասնակցությունը  քաղաքաշինական և ներդրումային խորհրդի աշխատանքներին, վերահսկողության մեխանիզմները: Սրանք միջոցներ են, որոնք նպատակաուղղված են նոր ներդրումների ներգրավմանը:


IDeA-ի ծրագրերի պարագայում, կարծում եմ, նախագծի ընդունումը կազդի նախանշված ծրագրերի (այդ թվում՝ հանրային, սոցիալական ձեռներեցության վրա հիմնված ծրագրերի) իրագործման ժամկետների վրա և դրանով իսկ կբարձրանա ծրագրերի արդյունավետությունը:


- IDeA-ն առաջիկայում ի՞նչ աշխատանքներ ու ծրագրեր է նախատեսում իրականացնել Դիլիջանում, և ինչպե՞ս եք տեսնում պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը այս դեպքում:


-IDeA-ի ծրագրերը Դիլիջանում կրելու են շարունակական բնույթ: Մենք արդեն իսկ կարող ենք գնահատել UWC Դիլիջան քոլեջի կառուցման և շահագործման ծրագրի ազդեցությունը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա: Ընթացքում են UWC-ի 2-րդ հերթի շինարարության նախապատրաստական աշխատանքները, նախաձեռնվել են քաղաքի մեկ հատվածի գոտիավորման նախագծի մշակման աշխատանքները, մասնագետների խումբն աշխատում է նշված գոտում զարգացման հայեցակարգի մշակման վրա: Ծրագրերը բազմաբնույթ են՝ ուղղված քաղաքի՝ որպես զբոսաշրջային կենտրոնի զարգացմանը, միջազգային ասպարեզում ճանաչելիության բարձրացմանը, միջազգային փառատոներում, ֆորումներում առաջխաղացմանը: Արդեն իսկ նկատելի է այցելուների աճ, այդ թվում՝ արտասահմանյան պատվիրակությունների:


Կարևոր է նաև հանրային կյանքի ակտիվացումը և կրթական ու մշակութային ծրագրերի իրականացումը: Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրի  շրջանակում հիմնադրված երիտասարդական կենտրոնում ավելի քան 300 երեխաներ ստանում են արտադպրոցական կրթություն. կենտրոնում գործում են պարային և թատերական, օտար լեզուների ուսուցման  խմբակներ:


Ներկա փուլում կարևորում ենք Դիլիջանում գործունեություն իրականացնող կազմակերպությունների (UWC Դիլիջան քոլեջ, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի մասնաճյուղ, «Թումո» կենտրոն, Կենտրոնական բանկ, «Այբ» դպրոց և այլ միջազգային կազմակերպություններ) միջև համագործակցության հարթակի ձևավորումը՝ ջանքերի համադրման և համատեղ ուսումնական ծրագրերի  իրականացման համար: Ընդ որում, այս ծրագրերը վերաբերելու են ոչ միայն Դիլիջան քաղաքի, այլեւ հարակից համայնքների բնակչությանը:


Բոլոր խոշորամասշտաբ ծրագրերը, հատկապես՝ տարածաշրջանային զարգացմանն ուղղված ծրագրերը, արդյունավետ կարող են իրականացվել ներգրավված բոլոր կողմերի համագործակցության, ծրագրերի ներդաշնակեցման, փոխլրացման, համակարգման պայմաններում: Ներդրումային ծրագրերի հաջող իրականացման համար կարևոր է քաղաքային ենթակառուցվածքների (հանրային տրանսպորտ, ճանապարհներ, ջրամատակարարում, էներգահամակարգ) զարգացումը: Կարծում եմ՝ այս ոլորտում կարող են լինել պետություն- մասնավոր հատվածի համագործակցության արդյունավետ ձևաչափեր:


Նաև կարևոր ենք համարում ծրագրերում հանրության ներգրավվածությունն ու հանրային իրազեկվածությունը: Բոլոր ծրագրերը,  անկախ նրանից՝ ում կողմից են իրականացնում, կարծում ենք, հաջողություն կունենան միայն այն դեպքում, երբ տեղի բնակչությունը դրանց իրագործումն ընկալի իբրև իր բնակավայրի զարգացման և  բարեկեցության աղբյուր ու իր ուժերի չափով մասնակից դառնա դրանց կենսագործմանը։


-Հնարավո՞ր է այս մոդելի կիրառությունը նաեւ հանրապետության այլ տարածքներում, թե, Ձեր կարծիքով,  դա միայն Դիլիջան քաղաքի դեպքում կարող է գործել՝  հաշվի առնելով քաղաքի առանձնահատկությունները:


-Իհարկե, նախագիծը հաշվի է առնում կոնկրետ Դիլիջանի դեպքում առկա նախադրյալները. քաղաքը որպես զբոսաշրջային կարևոր գոտի, որպես միջազգային նշանակության կրթական կենտրոն զարգացնելու հնարավորությունները, տարբեր կառույցների կողմից արդեն իսկ իրականացված ներդրումները, քաղաքի պատմամշակութային ճարտարապետական առանձնահատկությունները և բնակլիմայական ու աշխարհագրական դիրքով պայմանավորված առավելությունները, սակայն կարծում ենք, որ այն կարող է մոդելային օրինակ հանդիսանալ նաև այլ տարածաշրջաններում կիրառելու համար: Այս առումով, ավելացնեմ նաև, որ, օրինակ, նախագծով նախատեսվում է ներդնել քաղաքաշինական որոշումների և  ընթացակարգերի հրապարակայնության նոր կանոններ, հանրային վերահսկողության մեխանիզմներ (օրինակ, քաղաքաշինական և ներդրումային խորհրդի ձևավորում), ինչը, կարծում եմ, կարող է կիրառվել նաև այլ տարածքներում:
 

Նոր օրենքը դրական ազդեցություն կունենա Դիլիջանի և տարածաշրջանի զարգացման գործում. IdeA-ի ծրագրի տնօրեն