Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ «խավիարակեր» համազեկուցողները որոշել են ժողովրդավարության փոխարեն խոսել ՀՀ-ի ու ԼՂ-ի մասին

11:11 • 13.06.15

Հունիսի 22-ն մեկնարկող ԵԽԽՎ լիագումար նիստում Մոնիթորինգի հանձնաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իլինսկու՝ Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացները թեմայով հանդիպմանը պետք է քննարկվեր բացառապես Ադրբեջանին վերաբերող զեկույց`«Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործունեությունը» անվանմամբ։ Այլ բան է, որ Ադրբեջանի հարցով «խավիարակիր» համազեկուցողները որոշել են թեմայի շրջանակներում խոսել նաև Հայաստանի ու Ղարաբաղի մասին:


Այս մասին Tert.am-ին պարզաբանեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

 

«Բայց, չգիտես ինչու, երկու զեկուցողները, որոնք գերմանական հասարակական կազմակերպության հեղինակած` «խավիարային դիվանագիտություն» վերլուծության ակտիվ խավիրարակերներն են՝ Ագրամունտն ու Իվինսկին, որոշել են այդ երկրում ժողովրդավարական ազատություններին անդրադառնալու փոխարեն դրա գերակշիռ մասը նվիրել Հայաստանին»,- ասաց նա։


Մասնավորապես, դրանում նշվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը չի զարգանում, որովհետև այնտեղ դրա դեմ աշխատում է հակահայ լոբբին և արևմտամետ մի քանի կազմակերպություններ:


Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ սա առավել ևս անհասկանալի է Ադրբեջանում 80-ից ավելի քաղբանտարկյալների, լրագրողների առկայության պայմաններում (որոնցից երկուսը գրեթե մահամերձ են՝ Իլկար Մամադովն ու Արիս Յունուսովը)։

 

«Հիշեցնեմ, որ անցած տարի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հաստատեց մի մանդատ՝ զեկուցող նշանակելով Մեծ Բրիտանիայի պատգամավոր, Թուրքիայի քաղաքացի Ուոլթերին՝ հանձնարարելով պատրաստել զեկույց մի անհեթեթագույն վերնագրով՝ «Լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ տարածքներում»: Նման զեկույց գոյություն չունի, կար ընդամենը զեկուցող, որը չի ընտրվել Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի անդամ, և կա ընդամենը վերնագիր: Եվ չգիտես ինչու Ադրբեջանի՝ խավիարակեր Ագրամունտն ու Իվինսկին, Ադրբեջանի մասով զեկույցում անդրադառնում են ուոլթերյան՝ գոյություն չունեցող  զեկույցին, որպեսզի մեկ անգամ ևս ընդգծեն, որ, մեջբերում եմ, «Ղարաբաղի 7 շրջաններն օկուպացվել են Հայաստանի կողմից»,- պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը։


Ուստի, ԵԽԽՎ-ում Հայաստանից համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները կոչ էին արել ՀՀ-ի համազեկուցողների լինել օբյեկտիվ:


Ըստ Զոհրաբյանի՝ եթե համազեկուցողները Ադրբեջանի մասին զեկույցում անդրադառնում են Հայաստանին, ապա մեր զեկուցողներն էլ  պարտավոր են Հայաստանի մասին զեկույցում, որը պատրաստ կլինի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանին ներկայացնելու համար, անպայման անդրադառնալ հայկական կողմի դիրքորոշմանը ԼՂ հարցում:


Ավելին` Հայաստանի հարցով համազեկուցողներին հայ խորհրդարանականները հորդորել են հիշեցնել իրենց գործընկերներ Ագրամունտին և Իվիսնկուն, որ Ադրբեջանին վերաբերող զեկույցը պետք է նվիրված լինի բացառապես Ադրբեջանում տիրող իրավիճակին: Նրան, որ Ադրբեջանն այսօր հռչակվել է Եվրոպայի թիվ մեկ բռնապետական երկիր: Հիշեցվել էր նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի խոսքը, որ բռնապետությունները Եվրոպայում տեղ չունեն:


Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանեց. «Ուղղակի խավիարային դիվանագիտություն, ուղղակի կաշառել են մարդկանց ու ուզում են նման բանաձև անցկացնել, որը ոչ տեղին է, ոչ նման հրամայական կա, ոչ իրականությանն է համապատասխանում»։


Դավիթ Բաբայանը հեգնանքով ավելացրեց, որ երևի Եվրոպայում սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ եվրոպացի պատգամավորները գերադասում են Ադրբեջանից «կրթաթոշակներ» ու «աշխատավարձեր» ստանալ:

Դավիթ Բաբայանը չի պատկերացնում՝ որքան սա կարող է շարունակվել և ելքն էլ չի տեսնում:


«Ելք չեմ տեսնում, որովհետև նրանք շարունակելու են կաշառել, նրանք էլ շարունակելու են կաշառքը վերցնել: Բանաձևեր կարող են լինել, կարող են և չլինել, բայց դրանից որևէ փոփոխություն չի լինելու»,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:


Նա ընդգծեց, որ ինչ բանաձև էլ ընդունվի, ինչ տեսքով, էական, այսինքն՝ իրավական նշանակություն չի ունենալու: Իսկ եթե Ադրբեջանին դուր է գալիս փողեր շռայլելը, Դավիթ Բաբայանը դեմ չէ, թող վատնի: Ինչքան շատ, այնքան լավ:


Չնայած հեգնանքին՝ Լեռնային Ղարաբաղի մամուլի խոսնակը նշեց, որ սա լուրջ հարված է ժողովրդավարությանը, որովհետև նման պահվածքով այդ կազմակերպություններն արժեզրկվում են:


«Ստացվում է, որ մարդիկ օգտագործում են ժողովրդավարական մեխանիզմներն ու սկզբունքները` փող աշխատելու և հանցագործություններ կատարելու համար»,- ավելացրեց Դավիթ Բաբայանը: Նա ընդգծեց, որ կաշառակերությունը հանցագործություն է, քրեորեն պատժելի արարք: