Մահացել է Քըրք Քըրքորյանը (թարմացված)
USA Today-ի բիզնես - հեղինակ Նաթան Բոմին Twitter-ի իր էջում հայտնում է, որ «վախճանվել է Քըրք Քըրքորյանը»:
Նա գրում է, որ տեղեկությունը հաստատված է:
Տեղեկությունը հաստատում է նաև Los Angeles Times-ը:
19.18
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` Քըրքորյանը մահացել է Լոս Անջելեսում: Լեգենդար գործարարը 98 տարեկան էր: Ցավալի տեղեկությունը հաստատել են նաև MGM Resorts International-ից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր Քըրքորյանին:
Վերջին` 2012-ի տվյալներով Քըրքորյանի կարողությունը գնահատվում է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար: Նա համարվում էր Լոս Անջելեսի Բևեռլի Հիլզ թաղամասի ամենահարուստ բնակիչներից:
ԶԼՄ-ներն ընդգծում են Քըրքոյանի դերը Լաս Վեգասի կայացման գործում:
Քըրքորյանը նաև Հայաստանի ազգային հերոս էր:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ նրա նախաձեռությամբ սկսվել են աշխատանքները Հայոց ցեղասպանության մասին մասշտաբային ֆիլմի վրա:
Ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը՝ Գրիգոր Ահարոնի Գրիգորյանը, ծնվել է 1917թ. հունիսի 6-ին՝ Ֆրեզնո քաղաքում: Նա սերում էր 1880 թ-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Գրիգորյանների ընտանիքից: Ամերիկահայ մեծահարուստը զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ:
Նրա կարողությունը, համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության, 2007 թվականին կազմում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլար, բացի այդ՝ նա համարվում էր Լաս Վեգասի հայրը:
Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին Քըրք Քըրքորյանը մշտապես օգնել է Հայաստանին ու Արցախին:
Մասնավորապես, նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001թ-ից ի վեր 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նա նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996 թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար:
2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս։










