Christie’s-ի աճուրդում 80 կարատանոց խոշոր ադամանդ է վաճառվել` 3.8 մլն դոլարով

08:15 • 18.06.15

Christie’s  աճուրդի տունը հունիսի 16-ին անցկացրած ոսկերչական իրերի աճուրդում 27.5 մլն դոլար է վաստակել: Ինչպես գրում է Rbc.ru-ն` կոլեկցիոներների հատուկ ուշադրությանն է արժանացել  80 կարատանոց ադամանդով մատանին, սակայն այն ամենաթանկարժեք իրը չի դարձել:


Christie’s-ի նյույորքյան աճուրդում ներկայացված թանկարժեք իրը գնահատվել էր 3-5 մլն  դոլար, և ինչպես հաղորդում է աճուրդի տան պաշտոնական կայքը` 80,73 կարատ քաշով ադամանդը վաճառվել է 3.8 մլն դոլարով: Թանկարժեք քարը, որը կարող է ծածկել տիրոջ ձեռքի մի մասը, ներդրված է եղել պլատինե շրջանակի մեջ:


Նշվում է, որ նման քաշի ադամանդները հաճախ չեն հայտնվում աճուրդներում: Նմանօրինակ քար վաճառքի էր հանվել Sotheby’s-ի աճուրդում անցյալ ապրիլին:


Իսկ աճուրդի ամենաթանկարժեք իրը դարձավ Cartier-ի մատանին` 21.71 կարատանոց շափյուղայով: Մատանին գնահատվում էր 1.5-2 մլն դոլար, իսկ արդյունքում վաճառվել է 4.2 մլն դոլարով: