Հունիսի 23-ի՝ Բաղրամյան փողոցի դեպքերի ժամանակ ստացվել է շտապօգնության 25 կանչ, 19 հոգի հոսպիտալացվել է. Ա. Մուրադյան

15:24 • 25.06.15

Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերից բոլոր տուժածներին պատշաճ մակարդակով տրվել է բուժօգնություն: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:


«25 շտապօգնության կանչ է գրանցվել, 19 հոգի հոսպիտալացվել է, բայց քանի որ դեպքերը թեթև են եղել, նույն օրը բոլորը դուրս են գրվել, մի մասն էլ տեղափոխվել են ալկոհոլի և թմրամիջոցների փորձաքննության»,- նշեց նա:


Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, երբ բժիշկը հրաժարվել էր օգնություն ցուցաբերել ոստիկանական գործողություններից տուժած աղջկան, Արմեն Մուրադյանը նշեց, որ իրավական գնահատականը պետք է իրականացնի համապատասխան գերատեսչությունը, որովհետև բժիշկն առողջապահական համակարգի բժիշկ չէ:


«Եթե որպես բժիշկ ներկայացնեմ իմ տեսակետը, կարող եմ ասել, որ այդ բժիշկը կարեկցանքի և հոգատարության իր պարտքը ոչ պատշաճ է կատարել»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է նախարարի կարծիքին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, ապա Արմեն Մուրադյանը նշեց, որ միշտ ձգտել է լինել օրինապաշտ քաղաքացի և ենթարկվել օրենքներին և որոշումներին, որ պետությունն ընդունում է:


Հարցին, թե ինչպես է նախարարը վերաբերում քաղաքացիական հասարակության` իր բողոքի ձայնը բարձրացնելուն ու իր իրավունքների համար փողոց դուրս գալուն, Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ դա օրենքով սահմանված իրավունք է, և մարդիկ կարող են իրենց կամքն ու ցանկությունները համապատասխան ձևով իրականացնել, բայց դա չպետք է լինի այլոց իրավունքների հաշվին:


«Ես Հայաստանի պայծառ ապագայի հանդեպ մեծ հավատ ունեմ և գտնում եմ, որ նոր սերունդը` իր ցանկացած դրսևորմամբ, չի կարող ընկալվել որպես ժողովրդից առանձին հատված: Այն քայլերը, որոնք արվում են, պետք է լինեն օրենքի շրջանակում, մասնավորապես` խոսքս վերաբերվում է կամք արտահայտելուն, դա չպետք է լինի այլոց կամքի հաշվին»,- ասաց նա:
 

Հունիսի 23-ի՝ Բաղրամյան փողոցի դեպքերի ժամանակ ստացվել է շտապօգնության 25 կանչ, 19 հոգի հոսպիտալացվել է. Ա. Մուրադյան