ՀՀ-ում ծնելիությունը խթանելու նպատակով անպտղության խնդիր ունեցող 150 անապահով ընտանիք բուժօգնություն կստանա
ՀՀ-ում ծնելիությունը խթանելու նպատակով վերջերս ՀՀ կառավարությունն ընդունեց«Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագիծ, որը սկսվում է իրականացվել հենց այսօրվանից: Թե ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը կամ ովքեր կարող են ներգրավվել ծրագրում, Tert.am-ը զրուցեց Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ:
Նա ընդգծեց, որ կառավարության որոշման նպատակն է՝ օժանդակել անպտղության խնդիր ունեցող անապահով ընտանիքներին՝ տալով հետազոտման և բուժման հնարավորություն: Պետությունը լիարժեք անվճար հետազոտվելու ու բուժվելու հնարավորություն կտա անապահովության 30 և ավելի միավոր ունեցող ընտանիքներին, իսկ 10-ից 30 միավոր ունեցողները կստանան մասնակի անվճար բուժվելու հնարավորություն:
«Ծրագրի մեջ ներառված է երկու փաթեթ, որոնցից առաջինը՝ հետազոտումն ու բուժումն է, իսկ երկրորդը՝ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն: Սա իր հերթին երկու տեսակի է լինում՝ փորձանոթային բեղմնավորում և փորձանոթային սերմնավորում: Մենք երկրորդ փաթեթի մեջ ընտրել ենք սերմնավորումը, որովհետև առաջին ձևը անհամեմատ թանկ է և դեռևս ծրագրի ֆինանսավորումը չի բավականացնում ծրագրի մեջ այս տեսակը ներառելու համար»,- ասաց նա:
Գայանե Ավագյանը նշեց, ծրագրի շրջանակում շատ զույգեր կարող են երեխա ունենալ:
«Այսինքն, իրականացվելու է անպտղության բուժում ժամանակակից մեթոդոլոգիայով՝ լաբորասկոպիկ և այլ սարքավորումների միջոցով: Սակայն, երբ ոչ մի ժամանակակից մեթոդ այլևս չի կարող օգնել կնոջը հղիանալու, այդ ժամանակ դիմում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիայի: Ինչպես արդեն նշեցի, մենք ընտրել ենք սերմնավորման տարբերակը: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում: Երբ անպտղության խնդիր ունի տղամարդը, ապա վերցնում են տղամարդու սպերման, որը հատուկ մեթոդաբանությամբ մշակում են ու ներարկում են կնոջ արգանդի մեջ: Իսկ եթե կինն է անպտուղ, և օրինակ փակ են արգանդի փողերը, մենք դրանք կարող ենք բացել կամ հորմոններով ձվազատում ապահովել, բայց դեռևս անբավարար ֆինանսական միջոցների պատճառով ծրագրի շրջանակում չենք կարող իրականացնել բեղմնավորում»,- ասաց նա:
Ծրագրում ընդգրկվելու համար այսօրվանից սկսած անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ սոցիալապես անապահովության մասին, մինչ օրս բժշկի կատարած հետազոտության արդյունքները: Նշենք նաև, որ ամուսիններից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի:
«Հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը քննարկում է փաստաթղթերը ու լուծումներ տալիս»,- ասաց նա:
Գայանե Ավագյանը նշեց, որ ծրագրի շրջանակում առաջնահերթությունը կտրվի այն զույգերին, որոնք դեռևս չունեն ոչ մի երեխա, իսկ հետագայում կօժանդակեն նաև երեխա ունեցող, սակայն կրկին անպտղության խնդիր ունեցող զույգերին: Գայանե Ավագյանը նշեց, որ ծրագիրը ամենամյա է լինելու և միայն առաջին տարում պատրաստվում են բուժօգնություն ցուցաբերել մոտ 150 զույգի:
«Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 78 մլն դրամ: Հաշվարկված է, որ մեկ հետազոտման համար պահանջվում է 250-300 հազ. դրամ, իսկ մեկ սերմնավորման կուրսի համար՝ 300 հազ. դրամ: Ընդհանուր շահառուների թիվն արդեն իսկ հաշվարկված է. ՀՀ-ում մենք ունենք անապահովության համակարգում ներգրավված ավելի քան 100 հազ. ընտանիք, իսկ անպտղությունը ՀՀ-ում կազմում է 14.8 %: Հետևաբար մոտ 20 հազ. շահառուներ կան, որոնք այս ծրագրի կարիքն ունեն: Իսկ այս 20 հազ.-ից 40-45 %-ը կարիք ունի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջամտության, մյուսները՝ հետազոտման և այլ մեթոդներով բուժման»,- ասաց նա:










