Ապակյա «համարներ»՝ 300 մ բարձրության վրա. Պերուում բացվել է հյուրանոց՝ էքստրեմալ զգացողությունների սիրահարների համար (լուսանկարներ)
Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկում` Պերուի Սրբազան հովտում, բացվել է աշխարհի, թերևս, ամենավախենալու «հյուրանոցը», որը բաղկացած է հսկայական բարձրության վրա ժայռի կողքից կախված ապակյա «համարներից»։
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ամբողջովին թափանցիկ կապսուլները կախված են մոտ 300մ բարձրության վրա, որտեղից աննկարագրելի գեղեցիկ տեսարան է բացվում:
Էքստրեմալ զգացողությունների սիրահարները կարող են գիշերել Natura Vive Skylodge Adventure Suite համալիրում` վայելելով ոչ միայն գեղեցիկ բնապատկերներն ու շրջապատին միաձուլվելու բացառիկ հնարավորությունը, այլև` շեֆ- խոհարարի պատրաստած բարձրակարգ ուտեստները։
Աղբյուրը մանրամասնում է, որ հորիզոնական դիրքով ամրացված կապսուլների թիվը հասնում է 3-ի: Դրանցում, ընդհանուր առմամբ, կարող է տեղավորվել 8 մարդ: Դրանցից ամեն մեկում կան հարմարավետ մահճակալներ, լոգասենյակ ու փոքրիկ ճաշասենյակ: Նման պայմաններում 1 գիշեր անցկացնելու համար յուրաքանչյուր անձ պետք է վճարի 350 դոլար։




















