Զ. Փոստանջյանը և Ռ. Հակոբյանը ԱԺ-ում վիճեցին
«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը, ըստ որի՝ 200 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվում ՀՀ-ին ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու և ներկայացրեց հիմնավորումները:
Այնուհետև խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ելույթ ունեցավ և նշեց, թե խմբակցությունում ազատ են քվեարկելու և նշեց, թե ինքը ներկայացնում է սեփական տեսակետը:
Տեղից խոսում էր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով բարձրաձայնում էր, թե խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Ռուբիկ Հակոբյանն իրավունք չունի անձնական տեսակետ հայտնել:
Նա նշեց, թե անձնական տեսակետը կարող էր հայտնել պատգամավորների ելույթների ժամանակ:
Նույն խմբակցության պատգամավորների վեճին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Մի բռնացեք մարդկանց տեսակետի վրա»,-հորդորեց նա Զարուհի Փոստանջյանին, ով մինչ այդ տեղից այլ պատգամավորների հետ վեճի էր բռնվել:
Ռուբեն Հակոբյանը համբերեց և ապա ինք էլ սաստեց կուսակցին. «Հասկացանք, վերջ»:
Նա նշեց, թե միշտ վերապահումով է վերաբերվել վարկային քաղաքականությանը, բայց օգտվելով իր լիազորությունից՝ ծանոթացել է ցուցակի հետ և համոզվել, որ դա օդի պես անհրաժեշտ է ՀՀ ԶՈՒ-ին:
Նա հայտարարեց, թե ինքը կողմ է քվեարկելու վարկային համաձայնագրին:










