Երիտասարդ ակտիվիստներն իրենց գործն արեցին, և հիմա հերթը մասնագետներինն է. Միքայել Մելքումյան

21:22 • 06.07.15

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Միքայել Մելքումյանը համակարծիք է, որ երիտասարդ ակտիվիստներն իրենց գործն արեցին և հիմա հերթը մասնագետներինն է:   


«Այս փուլում արդեն իմ կարծիքով պետք է ամբողջ շղթան աուդիտի ենթարկվի՝ արտադրող կայաններից, բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման ընկերություններից մինչև ՀԷՑ, այսինքն` ամբողջությամբ։ Միայն ՀԷՑ-ով աուդիտը  մասնակի պատկերը կտա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: 


Ըստ նրա՝ պետք է մշակվի տեխնիկական առաջադրանքը և պետք է ընտրության հիմքում պատվեր լինի:


«Այսինքն՝ միջազգային  աուդիտորական ընկերություն ներգրավվենք, տեխնիկական առաջադրանք մշակվի, թե ինչ է անելու այն, որովհետև ցանկացած պատվեր ձևավորում է առաջադրանքի հիման վրա, հայտարարվի մրցույթ, բանակցություններ վարվի, և երբ որ աուդիտ անցկացնող ընկերությունը կլինի,  մասնագետներն արդեն կմասնակցեն»,-ասաց նա:
 


 

Երիտասարդ ակտիվիստներն իրենց գործն արեցին, և հիմա հերթը մասնագետներինն է. Միքայել Մելքումյան