ԵՀՔ վերանայման մասին Եվրոպական խորհրդարանի բանաձևը մի քանի առումներով հայանպաստ էր. Նաիրա Կարապետյան

11:39 • 11.07.15

Եվրոպական խորհրդարանի կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին՝ հունիսի 9-ին ընդունված բանաձևը մի քանի առումներով հայանպաստ էր:

Այս տեսակետն է հայտնել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը։  

«Առաջին ուշագրավ հանգամանքն այն է, որ Եվրոպական Միությունը իր հարևան երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում, այլևս չկա այն գործելաոճը, որ եթե մեզ հետ չես, ուրեմն անհնար է պատկերացնել երկկողմ գործընկերությունը: Այժմ հաշվի են առնվում հարևանության երկրների ներքին և արտաքին առաջնայնությունները, քաղաքական օրակարգը, իսկ Հայաստանի և մի շարք այլ երկրների պարագայում՝ այլ ինտեգրացիոն կառույցներում ունեցած պարտավորությունները: 

Իհարկե, Ադրբեջանը շատ կցանկանար, որ կապված Հայաստանի՝ ԵՏՄ-ինանդամակցելու հետ, Եվրոպական Միությունը դադարեցներ համագործակցությունը մեզ հետ, և այդ ուղղությամբ բավականաչափ «միջնորդական» առաքելություն է իրականացրել:


Բանաձևում նաև հիշատակվել է 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը, կարևորություն է տրվել դրա բոլոր դրույթներին: 

Ադրբեջանցիների պատկերացումները բոլոր դրույթների վերաբերյալ մի փոքր թյուր են, քանի որ նրանք սարսափում են ժողովուրդների հավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքներից, որը սակայն ԵՄ-ում ՀՀ առաքելության և հայկական կազմակերպությունների կողմից կատարված լուռ և հետևողական աշխատանքի շնորհիվ ընդգրկվել է բանաձևում։ 

Ադրբեջանի պատվիրակությունն այս անգամ ևս, բեռնված խավիարի մեծ պաշարով, հույսեր ուներ հաջողության հասնել և բանաձևում ներառել խեղաթյուրված ձևակերպումներ, սակայն ամեն ինչ ապարդյուն անցավ: 

Ավելին, բանաձևում առանձնահատուկ դերակատարություն է տրվում ԵԱՀԿ-ին, որպես հակամարտությունների կարգավորման մեջ իր անվիճելի դերակատարությունն ունեցող միջազգային կազմակերպության: 

Իսկ ինչպես հայտնի է, Ադրբեջանն ամեն կերպ ջանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դուրս հանել ԵԱՀԿ շրջանակներից և տանել իրեն ձեռնտու, կարելի է ասել արկածախնդիր շրջանակներ: 

Ահա այսպես, եւս մեկ հաղթանակ դիվանագիտական ճակատում, մեկն այն

բազում-բազմաթիվ հաղթանակներից, որի ընթացքի, դժվարությունների և
կատարված աշխատանքի վերաբերյալ մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ: Այս
անգամ ևս սառցաբեկորի միայն երևացող մասն՝ արդյունքի տեսքով հառնեց մեր առջև, ինչը ակնհայտ է դարձնում Բրյուսելում հայկական դիվանագիտության աշխատանքում էական դրական տեղաշարժեր են եղել»
,–ասել է պատգամավորը։

 

 

ԵՀՔ վերանայման մասին Եվրոպական խորհրդարանի բանաձևը մի քանի առումներով հայանպաստ էր. Նաիրա Կարապետյան