Հանգիստը բարձրացնում է աշխատունակությունը. հոգեբան
Երկարատև աշխատանքից հետո հանգստի գնալը շատ կարևոր է, ինչը կօգնի, որ հետագայում աշխատելիս մարդը ակտիվ լինի, և աշխատունակությունը բարձրանա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ խոսելով հանգստի անհրաժեշտության մասին։
«Բացի դա, հանգիստը բուժում է հոգեկան համակարգը, լարվածությունը, թոթափում է սթրեսների արդյունքում կուտակված բացասական էմոցիաները»,-ասաց նա և անհրաժեշտ համարեց հանգստի համար որոշակի նորմեր սահմանել։
«Եթե պասիվ աշխատանք է մարդ տանում, պետք է ակտիվ բնույթի հանգիստ ունենա և հակառակը»,-ասաց հոգեբանը և նշեց, որ մարդ պետք է հասկանա, թե որն է իր համար լավագույն հանգիստը, որտեղ է իրեն լավ զգում, քանի որ դա շատ անհատական է։
Սամվել Խուդոյանը նշեց, որ եթե ինչ-որ տեղ մարդ հանգստի չի գնում, պետք է գոնե որոշ ժամանակով թողնի այն գործը, ինչով երկար ժամանակ զբաղվում է։ Նա նկատեց, որ շատերը շարունակում են հանգստի ժամանակ էլ նույն կերպ աշխատել, ինչը կհանգեցնի հոգեկան հյուծվածության։










