Մեծերի խաղերում Ալիևը, թեև մեծամարմին է, բայց գրեթե կշիռ չունի. Ալ. Մանասյան
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Իլհամ Ալիևի` Արևմուտքի հասցեին կոշտ քննադատությունը նրանից է, որ Ադրբեջանի կաշառքները եվրոպական քաղաքական գործիչները ընդունում են, բայց իրենց շահերն են հետապնդում:
-Պարո՛ն Մանասյան, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արևմուտքն ավելի շատ ունի Ադրբեջանի կարիքը, քան Ադրբեջանը՝ Արևմուտքի: Արևմուտքի դեմ իր կոշտ ելույթում, նա ասել է նաև, որ Եվրոպայում գլուխ է բարձրացնում ֆաշիզմը, իսլամատյացությունը, այլատյացությունը, հակասեմականությունը, իսկ Ադրբեջանի իշխանություններին քննադատող արևմտյան քաղաքական գործիչները, կոնգրեսականները երկերեսանի են և իսլամատյաց, ովքեր իրենց կյանքը դասավորել են հայկական փողերով: Հատկապես կոպիտ է խոսել Գերմանիայի հասցեին` ասելով. «Ի՞նչ գործ ունի Բունդեսթագը մեզ հետ: Ո՞ւմ տեղն են դրել իրենց, ինչ է, իրենք աշխարհի տիրակալներն են, մենք էլ պետք է ենթարկվե՞նք իրենց: Մենք ոչինչ չենք ուզում, իրենք են մեզնից ուզում՝ գազ, պայմանագրեր, նավթ»: Ինչո՞վ եք պայմանավորում այս քննադատությունը:
-Ադրբեջանը այդ քննադատության համար հիմքեր ունի այն առումով, որ իրենք այդքան կաշառքներ են տվել` Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար, բայց պարզվում է, որ Եվրոպան և Արևմուտքը իրենց աշխարհաքաղաքական շահերն ունեն, և շնորհակալությամբ վերցնում են այդ նվերները, բայց երբ Ադրբեջանի շահերը ընդհարվում են եվրոպացիների շահերի հետ, ստացվում է, որ Արևմուտքը պատրաստ չէ սպասարկելու Ալիևի շահերը: Եվ այդ հանգամանքը, այդ հիասթափությունն է պատճառը, որ Ալիևը սկսել է քննադատել: Ի դեպ, Բաքվի խաղերով Ալիևը հսկայական միջոցներ էր ծախսել եվրոպացիների համակրանքը շահելու համար` իր երկրում մարդու իրավունքների գծով, ժողովրդավարության և այլ հարցերի վրա աչք փակելու համար, բայց այդ խաղերը նույնպես չտվեցին իրենց արդյունքը: Այդ շքեղ հրավառությունները, այդ նվերները չտվեցին այն արդյունքը, որ ակնկալվում էր: Դրա համար, հիասթափվել է ու նյարդայնանում է:
-Բայց սա նշանակու՞մ է, որ Ադրբեջանը խզում է կապերը Արևմուտքի հետ և պատրաստվում է այլևս կաշառքներ չտալ:
-Ոչ, իհարկե, ոչ, Ալիևը չի կարող կաշառք չտալ ու նավթը չվաճառել: Իսկ Եվրոպան էլ, որքան էլ կաշառք վերցնի, չի կարող իր շահերը ստորադասել Ադրբեջանին: Կամ Միացյալ Նահանգները. ունեն իրենց աշխարհաքաղաքական պլանները և առաջ են տանում, և Ալիևը շառ փոքր ֆիգուր ու խաղաքարտ է այդ հարցում:
-Բայց մյուս կողմից, մերոնք էլ են դժգոհում, որ եվրոպացիները կաշառակեր են կամ խավիարակեր են, ինչպես հիմա նոր տերմին է մտել: Այսինքն` կարելի՞ է ասել, որ Արևմուտքին քննադատում է և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և որ դա համարժեք քննադատություն է:
-Ոչ, մենք քննադատում ենք այն բանի համար, որ նրանք օբյեկտիվ չեն, բայց եկեք ուրիշ դիտանկյունից նայենք. Եվրոպան ունի իր շահերը և իր շահերի տեսանկյունից է դիտում: Իսկ մենք պետք է նայենք այն դիտանկյունից, թե արդյո՞ք կարողանում ենք գործել այդ քաղաքականության վրա` քաղաքական առաջարկներով, տեղեկատվական քաղաքականությամբ, մեր այն խոսքով, որը ղարաբաղյան թեմայով պետք է տարվի դեպի Եվրոպա:
-Կարծում եք, որ Ալիևը բան էր ասաց, բայց Արևմուտքի հետ կապերը խզել չի՞ պատրաստվում:
-Չի կարող: Աշխարհն այնքան միասնական է, որ եթե անգամ փորձի պոկվել, չեն թողնի, որովհետև, կրկնում եմ, Եվրոպան ու ԱՄՆ-ն ունեն իրենց շահերը: Կամ եթե մեկուսանա, նավթը ու՞մ պետք է վաճառի: Իհարկե, հյուսիսում Ռուսաստանը կուրախանա այդ հանգամանքով, բայց Եվրոպան էլ անմիջապես կհասկացնի Ադրբեջանին, որ իրեն հանգիստ պահի: Շատ մեծերի խաղերում, Ալիևը, թեև մեծամարմին է, բայց գրեթե կշիռ չունի:
-Դա նշանակու՞մ է, որ Արևմուտքի քննադատությունից հետո Ադրբեջանն ավելի ռուսամետ կդառնա:
-Ադրբեջանը միշտ էլ նման քայլեր անում է, դա 20-ականների թուրքական քաղաքականության տարր է, երբ կշեռքի մի նժարից հասում են մեկ այլ նժարի: Ի դեպ, պիտի ասեմ, որ այդ հարցում նրանք որոշակի հաջողություններ ունեն, բայց սա էլ մեզ համար դաս պետք է լինի, չէ՞, մենք պետք է սովորենք: Եվ կամ Արևմուտքն ու Եվրոպան էլ չսովորեն, թե ինչ է անում Ադրբեջանը:
-Իսկ Ալիևը ընդգծված թուրքական քաղաքականությու՞ն է վարում:
- Բա ո՞ւմ է զավակն է ինքը, որ չվարի:
-Որպես ղարաբաղցի ինչպե՞ս եք գնահատում Ստերլիգովի` Ղարաբաղում հայտնվելը: Ինքն ասաց, որ ՌԴ-ում հետապնդումների է ենթարկվել, հետո շատ պատահական հայտնվել է Ղարաբաղում…
-Այդ պատմության ողջ ենթատեքստը դեռ հայտնի չէ: Երբ նա գնա Ռուսաստան, ինչպես խոստացել է` տոմսը ցույց տալով, և հարաբերությունները պարզի Ռուսաստանի իշխանությունների և այլ կառույցների հետ, այ, դրանից հետո շատ բան պարզ կլինի: Եվ կարելի է կիսվել օբյեկտիվ գնահատականներով ու մտքերով:
-Բայց ուղերձը, որ ես թողնում եմ երեխաներիս Ղարաբաղում` որպես անվտանգ վայր…
-Սա լավ մեսիջ է ու կարելի է քարոզչական նպատակներով օգտագործել, բայց մենք չգիտենք, թե նա ինչու է եկել, իր իրական շարժառիթները չգիտենք: Ու կարծում եմ`շտապել պետք չէ: Պետք զուսպ լինել այդ հարցով: Զուսպ, բայց ընդունել, մարդը եկել է, հո չե՞ս ասի` գնա այստեղից:










