Սահմանադրական բարեփոխումները դոգմա ու գերնպատակ չեն ՀՀԿ-ի համար. Էդուարդ Շարմազանով

23:35 • 16.07.15

Սահմանադրական փոփոխությունները, ինչպես ժողովուրդն է ասում, ամեն գնով անցկացնելը ՀՀԿ-ի համար  գերնպատակ չէ, քանի որ  «իշխող կուսակցության համար   գերնպատակ է եղել ազատ, անկախ, ժողովրդավարական Հայաստանի զարգացումը»:


Այս մասին այսօր 2,5 ժամ տևած ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստերից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


Ավելի ուշ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է ուզում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովը ասաց. «Սերժ Սարգսյանը մի բան է ուզում, որ մեր ժողովուրդը հզոր, անվտանգ, ժողովրդավարական, պաշտպանված Հայաստանում ապրի»:


Պատասխանելով հարցին, թե որն է, ի վերջո, սահմանադրական բարեփոխումների նպատակը, ՀՀԿ խոսնակն ավելացրեց, որ  նպատակն ավելի արդյունավետ, ժողովրդավարական կառավարումն է: Եվ սա նրա պատասխանն է« այն գործիչներին, որոնք անգամ չկարդալով տեքստը, միանգամից գնահատականներ հնչեցրին, որ հանրապետականներն ամեն ինչ անում են վերարտադրվելու համար»:


ՀՀԿ խոսնակը նշեց, որ եթե մարդկանց մանկության երազանքն է նախագահ դառնալ միայն նախագահի համար, գրեթե նույն լիազորությունները տրվում են նոր Սահմանադրությամբ վարչապետին:


Դժգոհություններ պատգամավորների թվի նվազեցման վերաբերյալ չեն հնչել և ըստ նրա՝ ամեն ինչ կախված է երկրորդ փուլից:


ՀՀԿ խորհրդի նիստին հնչել են բազում կարծիքներ, 15-20 ելույթներ, հարցուպատասխան:


Ազդարարվեց, որ այսօրվանից կուսակցությունը սկսում է քննարկումների փուլը:
«Մենք այսօր սկսում ենք  մեր կուսակցությունում հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկումների փուլը»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը և ընդգծեց, որ սա նախնական տարբերակն է, որը դոգմա չէ, ամիսուկես ժամանակ կա, կլինեն քննարկումներ: 


Այսօր հանրապետականները  հասցրել են քննարկել միայն ԱԺ, կառավարություն, դատական իշխանություն բաժինները, այն էլ՝  ոչ վերջնական:


Հիշեցնենք, որ  երեկ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց հայեցակարգի նախնական տարբերակը, որով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին, թեև մնում է, ավելի թույլ լիազորություններով նախագահի ինստիտուտը՝ ընտրիչների միջոցով: Իսկ վարչապետին էլ տրվում են ավելի ընդլայնված լիազորություններ:
 


Ենթադրվում է, որ կլինի նաև պատգամավորական 101 տեղերի փոփոխություն, քանի որ այս նախագծով  նշվում է, որ ԱԺ պատգամավորները «առնվազն 101» են:

 

Սահմանադրական բարեփոխումները դոգմա ու գերնպատակ չեն ՀՀԿ-ի համար. Էդուարդ Շարմազանով