Աշխարհի բնակչության 10 տոկոսը հոգեկան հիվանդություններ ունի. զեկույց
Առողջապահության միջազգային կազմակերպությունը 2014-ն ամփոփող իր զեկույցում նշել է, որ երկրագնդի բնակչության մոտ տասը տոկոսը տառապում է հոգեկան հիվանդություններից:
«Ամերիկայի ձայնի» ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` կառույցը արձանագրել է նաև, որ այդ խնդիրներով հարյուր միլիոնավոր մարդիկ կամ նվազագույն բուժօգնություն են ստանում, կամ էլ բացարձակ չեն ստանում:
Հոգեկան առողջության խնդիրներով Երկրի բնակչության տասը տոկոսի կարիքների համար էլ հատկացվում է անհրաժեշտ մարդկային և ֆինանսական ռեսուրսների միայն մեկ տոկոսը:
Երկրի բնակչության հոգեկան առողջության ատլասում ներառված է 171 երկիր, որի բնակչությունը կազմում է Երկրի բնակչության 95 տոկոսը:
Այս ֆոնին շարունակում է աճել հոգեկան հիվանդությունների թիվը. երկրագնդի յուրաքանչյուր 4-րդ բնակիչ կյանքի որևէ փուլում հոգեկան խնդիրներ է ունենում: Նույն զեկույցում նաև կանխատեսում է արվում, որ 2030-ի դրությամբ դեպրեսիան կարող է դառնալ երկրագնդի ամենատարածված հիվանդությունը:










