Ադրբեջանը սահմանին լարվածություն առաջացնելով փորձում է կասեցնել բանակցային գործընթացի ակտիվացումը. քաղաքագետ
Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածություն առաջացնելով կասեցնել բանակցային գործընթացի ակտիվացումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ինտեսիվ խախտմանը, որի ժամանակ օգտագործվել են 60 և 82 մմ ականանետներ և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետներ:
«Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ բանակցային գործընթացներն ավելի արագ են զարգանում, տարբեր նպատակների հանդիպումներ են լինում Մինսկի խմբի համանախագահների, և անգամ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Բաքուն, հերթական անգամ, այդ բանակցությունների գործընթացի ակտիվ փուլը վերսկսելուն ուղղված խոչընդոտող քայլեր է անում և լարված պահելով սահմանի իրավիճակը փորձում է կասեցնել և թույլ չտալ, որ բանակցային գործընթացը վերսկսի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է պատճառներին, թե ինչու Ադրբեջանը չի ցանկանում, որ հակամարտության գործընթացն ակտիվանա, ասաց .«Եթե բանակցային գործընթացի տրամաբանությունը բավարարեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումներին, միանշանակ, նրանք որևէ նման գործողություններ չէին անի և հարցը կլուծեին բանակցային սեղանի շուրջ։ Սակայն ակնհայտ է, որ Բաքուն գոհ չէ բանակցային գործընթացից և ամեն ինչ անում է, որպեսզի գործընթացը կասեցվի»։
Անդրադառնալով համանախագահների այցին տարածաշրջան, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ դրանից այնքան էլ մեծ սպասելիքներ չունի։ «Ես որևէ հույս չունեմ, որ նրանց կհաջողվի այնպիսի առաջարկներով հանդես գալ, որ բանակցային գործընթացում իրավիճակ փոխվի»,- ասաց նա։
Ըստ նրա՝ համանախագահները միշտ են ուշադրության կենտրոնում պահել ղարաբաղյան հակամարտության գործընթացը, և երբեք չի եղել մի շրջան, որ համանախագահները չաշխատեն այդ ուղղությամբ։
Հարցին, թե նախադրյալներ տեսնում եք, որ բանակցային գործընթացում կարող է առաջընթաց նկատվել, կամ գոնե որոշակի փոփոխություններ՝ քաղաքագետը պատասխանեց, որ մեծ հաշվով՝ ոչ։ Նա նշեց, որ միջազգային հանրությունում բանակցային գործընթացի տրամաբանության մեջ փոփոխություն իրականացնելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվել և եթե նույն կերպ շարունակեն աշխատել Մինսկի խմբի համանախագահները, ապա կունենանք այն արդյունքները, որոնք մինչ հիմա ունեցել ենք։
Խոսելով Հայաստանի դիրքորոշման մասին՝ ասաց. «Հայաստանը շահագրգռված է հարցի խաղաղ կարգավորմամբ և կարծում եմ, որ եթե հնարավոր լինի բանակցությունների միջոցով խուսափել լայնամասշտաբ ռազմական գործողություններից, ապա պաշտոնական Երևանը գոհ կլինի դրանից»։










