Եթե դու տեր չես կանգնում քո արժեքներին, այդ տերն անպայման կգտնվի. Վահան Արծրունի

20:04 • 27.07.15

Կարծում եմ, որ մենք ինքներս պետք է նախաձեռնող լինենք ցանկացած հարցում, որովհետև եթե դու տեր չես կանգնում քո արժեքներին, այդ տերը անպայման կգտնվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով հայկական պատմական մշակութային ժառանգության պահպանմանը, և դրանց հեղինակային իրավունքների պաշտպանությանը։ «Այս պարագայում կարծում եմ, որ մենք և՛ գիտական, և՛ կազմակերպչական բավականին ռեսուրս ունենք, պարզապես համակարգման խնդիր կա, սակայն կարծեք թե այդ  խնդիրը գիտակցվում է համապատասխան պատկան մարմինների կողմից»,- ասաց նա։


Վահան Արծրունին նկատում է, որ մշակութային ժառանգության հեղինակային պաշտպանությանն ուղղված որոշակի շարժ կա։ Նա նշեց, որ   ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում ոչ նյութական արժեքների պարագայում Հայաստանի կողմից ինչ-որ գործընթացներ արվում են,  Մշակույթի նախարարությունն է շատ ակտիվ, և ինչ-որ հաջողություններ կան՝  խաչքարերի, լավաշի, դուդուկի պարագայում։ «Բայց սա համակարգված խնդիր է, լուրջ գիտական բացատրության կարիք ունեցող, և հետո նոր կազմակերպչական փուլի մեջ մտնող, ինչ-որ բան արվում է, և դա շատ լավ է»,- ասաց երգահանը:


Արվեստագետը գտնում է, որ շատ արագ պետք է  հստակեցվեն պատմական պարզաբանումները, արժևորվեն և դրանց տրվեն պետական նշանակություն։ «Երբ մենք  ուշանում ենք այդ գործընթացները կազմակերպել սեփական երկրի մակարդակով, մենք ստանում ենք այն իրավիճակը, որը  կա։ Այսինքն, մեր եղած ժառանգությունը պարզապես սեփականաշնորհվում է այլ երկրների կողմից, կամ ստանում է այլ մեկնաբանություն, որը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։


Վահան Արծրունին նշեց, որ պատմական հայրենիքում, երբ մեր պատմական մշակութային արժեքները չեն ներկայացվում որպես մերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն անելիք ունի, հաշվի առնելով, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։


«ՅՈՒՆԵՍԿՕ-ն միակ ճանապարհն է, որի միջոցով կարող ենք վերահաստատել պատմական ճշմարտությունը և  մեր իրավունքները այդ արժեքների նկատմամբ, այսինքն՝ որևէ այլ խողովակ չունենք, հետևաբար այդ խողովակը պետք է ճիշտ աշխատացնել»,- ասաց նա և նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բաց քննարկման հարթակ է, որտեղ կարելի է հաստատել, վերահաստատել և պնդել սեփական իրավունքները։


Ինչ վերաբերում է վերջերս Թուրքիայի կողմից հայկական որոշ հուշարձանների վերականգնման աշխատանքներին, արվեստագետն ասաց. «Կարծում եմ, որ դա մեծ ներազդեցությունների հետևանք  է և՛ քաղաքական դաշտում, և՛ եղած մշակութային ոլորտում։ Ինչպես նաև  հաշվի առնելով,  որ տուրիզմը բավական շահութաբեր  կետ է այդ  երկրի էկոնոմիկայում, այն  ևս կարող է դրա համար դրդապատճառ լինել,  որպեսզի իրենք «փոխզիջումներ» կատարեն։ Սա իրենց դիվանագիտությունն է, որին պետք է հակադրվի մեր հստակ դիրքորոշումը և մեր քաղաքականությունը»,- նշեց Վահան Արծրունին:


Իսկ ընդհանրապես համաշխարհային արժեք ունեցող կոթողների վերաբերյալ, Վահան Արծրունին ասաց, որ բոլոր սպառնալիքները դրանց հետ կապված սահմռկեցուցիչ են,  մարդկային բանականությունից դուրս է, որին աշխարհն անհասկանալի կերպով չի անդրադառնում, և միայն արձանագրելով, ամբիոններից բարձրաձայնելով այդ  խնդիրները չեն լուծվի։

 
Եթե դու տեր չես կանգնում քո արժեքներին, այդ տերն անպայման կգտնվի. Վահան Արծրունի