Facebook-ը օգտատերերին թույլատրել է մահվանից հետո «ժառանգություն թողնել» իրենց էջերը

The Daily Telegraph-ը հայտնում է Facebook սոցիալական ցանցի ընձեռած նոր հնարավորության մասին: Ըստ այդմ` Մեծ Բրիտանիայում ամենամասսայական սոցցանցը վերանայել է իր «legacy contacts» («ժառանգության կոնտակտներ») բաժինը և օգտատերերին թույլ տվել «heir» («ժառանգորդների») նշանակել:
Այդ կերպ այս կամ այն օգտատերի մահվան դեպքում նրանից ֆեյսբուքյան էջ ժառանգություն ստացած օգտատերը կկարողանա տնօրինել այդ էջը:
«Ժառանգորդը» կկարողանա էջը վարել գրեթե նախկին օգտատիրոջ իրավունքով` փոխել գլխավոր նկարը, նկարներ ավելացնել, ընդունել ընկերության առաջարկներ և այլն:
Նախկինում օգտատերերի մահվան դեպքում Facebook-ը «սառեցնում» էր նրանց էջերը:
Facebook 1.44 մլրդ օգտատեր ունի ամբողջ աշխարհում: Facebook-ից հայտնել են, որ ամիսներ շարունակ հարյուր հազարավոր նման խնդրանքներ են ստացել իրենց օգտատերերից: Սակայն փետրվարին, երբ առաջին անգամ խոսվեց «ժառանգման» հնարավորության մասին, ԶԼՄ-ներն իրենց հերթին ծաղրի ենթարկեցին այս որոշումը՝ մատնանշելով պոտենցիալ ռիսկերը:









