Ռուբլու անկման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա առաջիկայում այդքան մեծ չի լինի, բայց ռիսկեր կան. տնտեսագետ

20:53 • 29.07.15

Ռուսական ռուբլու ներկայիս անկման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա առաջիկայում այդքան էլ մեծ չի լինի, բայց ռիսկեր այդուհանդերձ կան. Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:


Տնտեսագետը նշեց, որ պետք է մտածել, թե որ գործոնների ազդեցության տակ է, որ ռուբլին այս պահի դրությամբ արժեզրկվում է և նկատեց, թե կա  խանգարող երեք գործոն:


«Առաջինը՝ Իրանի սանկցիաների վերացումը և նավթային շուկայում Իրանի մուտք գործելու հնարավորությունն է, որը մեկ ամսվա ընթացքում մոտ 10 դոլարից ավելի արժեզրկել է նավթը: Երկրորդ գործոնը պայմանավորված է Ռուսաստանում պարտքերի վճարման պիկի հետ: Կա պարտքերի վճարման ժամանակահատված, որը կիսամյակային  պարտքերն ամբողջությամբ ընկել է այս ժամանակահատվածի հետ և կազմակերպությունները նաև դրա  համար կարիք ունեն դոլարի, քանի որ մի կողմից տալիս են հարկերը, մյուս  կողմից վճարում պարտքերը և դոլարի դեֆիցիտ է առաջնում»,- ասաց նա:


Երրորդ գործոնն ըստ նրա՝ վերջին մի քանի օրերում չինական բորսաներում տեղի ունեցող կտրուկ
անկումն է. «Այսինքն՝ իրենց արժեթղթերը շատ են վաճառում, և նման ցնցումներն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա, որն էլ ռուբլու փոխարժեքի վրա է ազդում»,-
ասաց նա:


Նշենք, որ երեկվանից ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել: Օրվա սկզբին մեկ ռուբլու ՀՀ կենտրոնական բանկի սահմանված գինը 8 դրամից հատել է 7 դրամ 86 լումա: Մեկ դոլարը գերազանցել է 60 ռուբլու սահմանագիծը:


Հայաստանի  տնտեսության վրա ռուբլու արժեզրկման ազդեցությունը տնտեսագետը չի բացառում և նշում է հնարավոր հետևանքները: «Առաջին  հերթին մեզ մոտ կան ռուսական կազմակերպություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, ՀՀ-ից  դոլար կառնեն և կուղարկեն Ռուսաստան, և քանի որ այս պահի դրությամբ մենք այդքան էլ մեծ թափով չենք արձագանքել ռուբլու կուրսի անկմանը, սա դեռևս նպաստավոր պայման է, որ դոլար առնեն ու ուղարկեն, և դա հնարավորություն կտա հարկային պարտքային վճարումներ կատարել»,- ասաց նա: 


Տնտեսագետը հիշեցրեց, որ Կենտրոնական բանկը մայիսին քայլեր էր ձեռնարկել նախորդ փորձը բացառելու համար, երբ դեկտեմբերին նույն պատկերն էր և ՀՀ շուկայում խառնաշփոթ էր առաջացել:


«Կենտրոնական բանկը մայիսին կարողացավ մոտ 100 մլն դոլարով ավելացնել իր պահուստները՝ մոտեցնելով 1 մլրդ 595 մլն դոլարի, իսկ հունիս ամսվա դրությամբ մոտ 50 մլն-ի կորուստներ ունեցանք, այսինքն՝ իջավ 1 մլն 545 մլն-ի: Այս պահի դրությամբ  դեռևս դոլարային պահուստներ կան և ԿԲ-ն կարող է միջամտելով որոշակի առումով փոխարժեքը պահել, բայց ինչքան պահեց այնքան կտանեն Ռուսաստան: Այնպես որ, քիչ ձևով պետք է արձագանքեն»,- նշեց տնտեսագետը:


Բացի այդ, տնտեսության համար, ըստ նրա, ռիսկեր կան, որոնք գալիս են ԱՄՆ-ից,  որտեղից հայտարարվել է, որ սեպտեմբերից հետո մտադիր են դոլարի տոկոսադրույքը բարձրացնել. «Եթե բարձրացրեց, դոլարը ամբողջ աշխարհում կթանկանա, և սա կլինի ընդհանուր գործոն ոչ միայն  ռուսական կամ նավթային գործոնով պայմանավորված արժեզրկում»:


Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն լրիվ հակառակ քաղաքականություն է տանում, ի տարբերություն Եվրոպայի: Ըստ նրա, եթե Եվրոպան խթանում է և փողը ներդնում է տնտեսությունում, ԱՄՆ-ն տոկոսադրույքն է բարձրացնում:


«Տեսեք, միայն ռուսական  կազմակերպությունների պարտքը կազմել է մոտ 700 մլրդ դոլար, մեկ տարվա մեջ 200 մլրդը փակել են այս սանկցիաների շրջանում, այսինքն՝ այդ գումարները վճարում են, որոնք հետ են գնում ԱՄՆ տնտեսություն: Արդյունքում ՌԴ-ն զրկվում է դոլարից, չի ունենում հնարավորություն դոլարի հաշվին պահելու, հավաքում է որտեղից հնարավոր է դոլար ու պարտքերը մարում, իսկ դոլարը երբ վերադառնում է ԱՄՆ, որը ուրիշ ծախսելու տեղ չունի, որպեսզի իր տնտեսության մեջ էլ ինֆլյացիա չառաջացնի, և այլն, ստիպված տոկոսադրույքներն են բարձրացնում, այլ կերպ՝ դոլարը թանկացնում են, երբ  բանկերին մի ժամանակ անսահմանափակ դոլար էր տալիս»,- ասաց նա:


Վիլեն Խաչատրյանը մեկ այլ գործոն էլ թվեց՝  Ռուսաստանի և Չինաստանի միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ռուբլով և յուանով առևտուր անելու մասին, ինչը հանգեցրել է նրան, որ աշխարհում դոլարի շրջանառության մակարդակը 72% -ից իջել է 62 %:


«10%-ով կարողացել են աշխարհում դոլարով գործարքների ծավալը կրճատել, դա ևս ազդեցություն է թողնում  տնտեսության վրա համաշխարհային առումով, և դոլարի դիրքերը որոշակի առումով թուլանում են»,- ասաց նա և հավելեց, որ դա չի կարող օգնել ռուբլուն, քանի որ հիմնական տատանումները պայմանավորված են նավթի գներով: