ՀԿ-ն գումար է խնդրում հակառակորդի նռնակից ոտքը կորցրած քաղաքացու պրոթեզը վերանորոգելու համար

20:05 • 09.08.15
ՀԿ-ն գումար է խնդրում հակառակորդի նռնակից ոտքը կորցրած քաղաքացու պրոթեզը վերանորոգելու համար

«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» հասարակական կազմակերպությունը հերթական անապահով ընտանիքի համար դիմում է «ֆեյսբուքահայության» օգնությանը և տեղեկացնում, որ գումարն անհրաժեշտ է մի քաղաքացու ոտքի պրոթեզը վերանորոգելու համար, ով ոտքը կորցրել է հակառակորդի կողմից արձակված նռնակի պատճառով:


«Պրոթեզավորված է ոտքը, պրոթեզը կոտրվել է, և նա զրկվել է քայլելու հնարավորությունից: Ունի հաշմանդամության 2-րդ կարգ, 2 անչափահաս երեխա: Սոցիալական պայմանները թույլ չեն տալիս նրան վերանորոգել պրոթեզը, որի համար հարկավոր է ընդամենը 50,000 դրամ»,- տեղեկացնում է ՀԿ նախագահը և նշում, որ բացի դա, հարկավոր են նաև Avtovegin 250 մլ. սիստեմա միացնելու համար և Vessel Due F հաբերը, որոնք բավականին թանկ արժեն, և նա գնել չի կարողանում: 


Վերջում անպայման հաշվեհամար ներկայացնելուց առաջ նշում է. «Ժողովուրդ ջան, եթե ամեն մեկս մի փոքր կարողանանք օգնել այս մարդուն, ապա նա կրկին կկարողանա քայլել»: 


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչությունից Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ պետությունը պրոթեզաօրթոպեդիկ պարագաները տրամադրում է հաշմանդամություն ունեցող անձանց անվճար: Իսկ երբ որ պրոթեզները կոտրվում է՝ կա բուժտեխնիկական հանձնաժողով, որը տալիս է թույլտվություն, որ մարդը գնա անվճար վերանորոգի:


«Եթե կոտրվել է այդ դեպքում էլ  քաղաքացին իր կոտրած պրոթեզը տանում է բուժտեխնիկական  հանձնաժողովին ներկայացնում: Կամ կարող է 6 ամսում մարդու ոտքը նիհարել է, էլ չի կարող քայլել, մարդուն թույլ են տալիս հանձնել վերանորոգման անվճար, եթե երաշխիքային մեկ տարվա ժամկետ ունի՝ պետության հետ կնքված կազմակերպության հաշվին, եթե ոչ, ապա՝ պետության հաշվին»,- ասաց վարչության մասնագետը:


Տվյալ դեպքն արդեն ըստ վարչության մասնագետի՝ կասկածելի է, որ դրամաշորթության նախանշաններ կան: «Ով է ասել, որ  մարդը կարիք ունի, և կազմակերպությունը չի անում, դա դրամաշորթության օրինակ է»,- ասաց նա և նշեց, որ իրենք տվյալ դեպքը քննության կառնեն:


Tert.am-ի հետ զրույցում «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» ՀԿ նախագահ Սոնա Մանուկյանը նշեց, որ ինքն է հայտարարությունը տարածել՝ նպատակ ունենալով մի կարիքավոր ընտանիքի ևս օգնել՝ պահպանելով թափանցիկությունը, թե ինչքան գումար է հավաքել և ինչ է արվել:


«Եթե հետևում եք մեր էջին, մենք ամեն շաբաթ ընտրում են մի կարիքավոր ընտանիքի և փորձում օգնել: Մենք անդրադառնում ենք այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ ու անաշխատունակ մարդիկ, բայց ժամանակ առ ժամանակ այդպիսի մարդկանց մասին էլ ենք գրում»,- ասաց նա և կոնկրետ դեպքի հետ կապված մի քանի տվյալներ հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող անձը գյումրեցի է, 31 տարեկան: Մեր հարցին, թե տեղյակ չէ արդյոք, որ պրոթեզավորման ծախսերը պետությունն անվճար է տրամադրում, նշեց, որ խնդրով իրեն դիմել է տվյալ անձի բարեկամուհին, ինքն անձամբ հաշմանդամություն ունեցողի հետ ծանոթ չէ, ուղղակի խոսել է հետը և թույլտվություն է խնդրել ինֆորմացիան հրապարակելու համար, և դրա համար նաև լուսանկարներն են ուղարկել:


«Եթե անվճար լիներ, ինքը չէր դիմի, որովհետև ես հարցրել եմ պետությանը դիմե՞լ եք: Հետո ես երկու դեղ էլ եմ գրել, որոնք անհրաժեշտ են, և ինքը դրանք չի ստանում: Եթե ստանար, դժվար թե դիմեր»,- ասաց նա:


Հարցին, թե հավաքված գումարն առձե՞ռն են տալիս, թե օգնում են անհրաժեշտ պարագաները ձեռք բերելով, Սոնա Մանուկյանը նշեց, որ քանի որ տվյալ դեպքը Գյումրիում է, այդ իսկ պատճառով գումարն են փոխանցելու, որից հետո կտրոնը կհրապարակեն:


Իսկ թե մտավախություն չունե՞ն, որ գումար են աշխատում, ասաց, որ չի կարծում, քանի որ լուսանկարներ է ուղարկել: «Չեմ մտածում, որ կարող է  խաբեն»,-ասաց նա:


Ի դեպ, նա նշեց, թե իր համար ավելի մեծ օգնություն է, որ անձը արձագանքի և ինքը գնա օգնի այդ մարդուն: «Այդպես իմ գործը կհեշտանա, ու կարիքավոր ինչ-որ մի ընտանիք էլ կպակասի»,- ասաց նա:


Սոնա Մանուկյանը նշեց, որ նախաձեռնությունն իրեն է եղել, օգնել մարդկանց, և միայն հիմա են գրանցվել որպես ՀԿ: «Հիմնականում կամավորության հիմունքների վրա են կազմակերպվում, հավաքում ենք,  հաշվետվություն ենք ներկայացնում և ցանկացած մարդու համար հասանելի է ձեռնարկը, բոլորը կարող են տեսնել իրենց գումարն ուր է գնում, ինչի համար է կազմակերպվում»,- ասաց նա:


Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  «Ունիսոն» ՀԿ  նախագահ Արմեն Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե շատ լավ է, որ մարդիկ պատրաստակամ են օգնել,  բայց պետք է օգնեն նպատակային: «Մարդն իրավունք ունի տեղեկացված լինել և չլինել խաբված: Օգնություն տվողը պետք է այդ ինֆորմացիան տարածողից պահանջի հավելյալ ինֆորմացիա՝ բժշկական տեղեկանքներով, կամ այլ վկայություններով հաստատված, որից հետո, ինչու չէ, կարելի է օգնել, և ես էլ մեծ սիրով օգնում եմ»,- ասաց նա: 


Տվյալ օրինակի համար ՀԿ նախագահն էլ նշեց, որ տրվում է պետության կողմից պրոթեզն անվճար:

«Գուցե ինչ-որ կարգ կա սահմանված, բյուրոկրատական  խնդիրներ կան, բայց պրոթեզի համար վճարելն արդեն կասկածելի է, այլ բան դեղերը, որոնք չկան անվճար ցանկում և այդ դեպքում ստիպված են լինում հաշմանդամություն ունեցող անձինք ձեռք բերել: Բայց կրկին ասում եմ, որ ցանկացած կոչ կարելի է տարածել և խաղալ մարդկանց զգացմունքների հետ, հատկապես, երբ խոսքը բանակի մասին է գնում  զինվորների մասին, կամ երեխաների: Ափսոս է, որ պոտենցիալ օգնողը օգնի ոչ նրան, ում իրոք պետք է, դրա համար պետք է ընտրությունը ճիշտ ձևով կատարվի, երբ հեռանկար կա, բուժվելու, լավացնելու վիճակը և չկա որևէ  խաբկանքի տարր»,- ասաց նա և նշեց, թե դրա համար պետք է  իրազեկվել և չամաչել այդ հարցերը տալ:


«Իսկ եթե այդ հարցերին տրվում են հուզական և ագրեսիվ պատասխան, որ չեք ուզում, մի օգնեք և այլն,  ուրեմն կարելի է ենթադրել, որ ուղղակի դրամաշորթություն է կատարում»,-ասաց նա: 


Իսկ այն, որ ամբողջ սոցցանցը հեղեղված է նույնաբովանդակ օգնություն հայցող հայտարարություններով՝ Արմեն Ալավերդյանը նշեց, թե դա մտահոգիչ է: «Հասել ենք այն մակարդակին, որ փողոցում տեսնելիս հաշմանդամ, չենք ենթադրում, որ ողորմության համար է դուրս եկել, արդեն ընդունելի է, որ դուրս է եկել՝ գործի է գնում, կամ զվարճանքի է գնում, կամ ուսման, դա շատ լավ  փոփոխություն է մեր հասարակության ընկալման վերաբերմունքի մեջ, բայց հիմա վտանգի տակ է այդ  բազմաթիվ հայտարարության պատճառով: Դրա համար եզակի  դեպքերում, ես կասեի,  պետք է դիմեն: Հատկապես երեխաների դեպքում, իհարկե, ոնց չանեն այդ դրամահավաքը ու չօգնեն, բայց որ ասում են՝ մարդուն այսքան հազար դոլար է պետք և նա ոտքի կկանգնի, նորից կքայլի,  պետք  է ստուգել՝ արդյո՞ք դա այդպես է, թե ոչ, որովհետև 99 տոկոսը սուտ է»,- եզրափակեց նա:

ՀԿ-ն գումար է խնդրում հակառակորդի նռնակից ոտքը կորցրած քաղաքացու պրոթեզը վերանորոգելու համար