Նոր մանրամասներ մոսկովյան ավիավթարից. զոհված ՀՀ 4 քաղաքացիները մեկնել էին ծննդյան տարեդարձ նշելու
Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհված բոլոր 4 հայազգի ուղևորները ՀՀ քաղաքացիներ են և Իստրինսկի ջրամբար էին մեկնել զոհված Պարույր Մանուկյանի ծննդյան օրը նշելու:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեցին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան լրատվական ծառայությունից, Պավել և Լարիսա Մանուկյանները ամուսիններ են, իսկ երեխաները` 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները` նրանց զարմիկները:
«Իրենց հետ են եղել նաև իրենց ազգականներն ու ընկերները, այսինքն`զոհված երեխաների ծնողները: Նրանք այնտեղ վարձակալել են հիդրոպլանային ինքնաթիռը` մեզ հայտնի տվյալներով 10 հազար ռուբլով և իրենց հետ վերցրել են իրենց զարմիկներին: Մնացած բարեկամները, հետևաբար, մնացել են ցամաքի վրա, ներքևում»,- հայտնեցին դեսպանատան մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին՝ ժամը 21.16-ի սահմաններում, երբ չբացահայտված հանգամանքներում բախվել էին «Սեսսնա 206» մակնիշի և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռները։ Վթարի հետևանքով զոհվել էին 2 օդաչուներն ու 7 ուղևորները։
Ըստ ականատեսների՝ դեպքը տեղի է ունեցել թռիչքից 1.5 րոպե անց և բախումն անմիջապես տեղի է ունեցել Լեյմիշևո գյուղի մոտակայքում:
«Ներկայումս փորձում ենք կապ հաստատել բարեկամների, ազգականների հետ, այստեղ Ռուսաստանի հայերի միության համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչները, մշտապես ջրամբարի տարածքի մոտ է գտնվում զոհված ազգականներից մի քանիսը»,-հավելեցին դեսպանատնից:
Տեղեկացվեց նաև, որ Պարույր Մանուկյանի դին դեռ այս պահին հայտնաբերված չէ և որ վերջիններս Մերձմոսկովյան Պոդոլսկի շրջանի Պոկրով գյուղ բնակիչներ էին ու այստեղ ունեին մշտական կեցության իրավունք, թեև բոլոր 4–ն էլ ՀՀ քաղաքացիներ էին:










