Մենք կարող ենք Ադրբեջանի ախորժակը սահմանափակել համարժեք պատասխաններով. Վահան Շիրխանյան
Պատերազմում Հայաստանը հաղթող կողմն է, և դա նշանակում է, որ մենք պետք է լինենք պահանջող կողմ, պահանջող հաղթանակի արդյունքներն ամրագրելու համար: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերին:
«Սա՛ պետք է լինի մեր արտաքին քաղաքական գիծն Ադրբեջանի հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա պարտվող կողմ է և ձգտում է ռևանշի, իշխանությունը ձգտում է արդարացման իր ժողովրդի առաջ»,- ասաց Վահան Շիրխանյանը՝ հավելելով, թե եթե այս կոնֆլիկտում հայկական կողմը միշտ եղել է միասնական ամբողջ ազգի, ժողովրդի կողմից, ապա ադրբեջանական բոլոր գործողությունները թելադրված են իշխանության կողմից զուտ արդարացման և միջազգային ուժերի ուշադրությունը գրավելու համար: Տարբերությունը, ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի, շատ մեծ է:
«Ադրբեջանական կողմի ցանկացած քայլի Հայաստանի ողջ ժողովուրդը պատրաստ է պատասխան տալ: Իսկ Ադրբեջանի գործողությունները պլանավորված և կարգադրված են իշխանության կողմից միայն մի նպատակով՝ աշխարհին ցույց տալ, որ ինքը խնդրի լուծմանը պատրաստվում է ռազմական ճանապարհով, ցույց տալ, ոչ թե իրականացնել: Սա է խնդիրը»,-նկատեց նա:
Վահան Շիրխանյանն ասաց, թե այս ամենում իրեն հետաքրքրում է հայ ժողովրդի ու Հայաստանի պահվածքը. «Ավելի հաճախակի դարձած ագրեսիվ գործողությունները մեզ պետք է հուշեն մի բան, որ թշնամին պատրաստվում է, կա, և մենք խնդիր ունենք համախմբման, խնդիր ունենք բանակին թիկունք կանգնելու բոլոր հարցերում: Սա է մեր անելիքը, իսկ իրենք ինչ ուզում են, թող անեն, նրանց մենք չենք կարող արգելել: Մենք միայն կարող ենք ախորժակները սահմանափակել համարժեք պատասխաններով և կանխարգելիչ գործողություններով»,- ընդգծեց Շիրխանյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է հասկանա, որ պատերազմն ավարտված չէ. «Վազգեն Սարգսյանը մի խոսք ուներ, ասում էր՝ ամեն մի ժողովուրդ իր պատերազմը գոնե մի անգամ պետք է հասցնի մինչև վերջ: Մենք այդ պատերազմը պետք է հասցնենք մինչև վերջ գոնե մեկ անգամ և հանգիստ ապրենք մեր հողի վրա»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի գործողություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքներին, ապա սրա վերաբերյալ Վահան Շիրխանյանն ասաց. «Մինսկի խումբը ոչ թե ռազմական խնդիրներ լուծող խումբ է, այլ՝ քաղաքական, ընդ որում առաջին հերթին ներկայացված երկրի քաղաքական խնդիրը: Ես նրանց բոլոր արձագանքներն ու մեկնաբանությունները ընկալում եմ այդ դաշտում»:
Նշենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, թե լարվածությունը այս երկու ամիսների ընթացքում մեծացել է ոչ միայն նրանով, որ հրաձգային զենքից են կրակել, այլ նաև խոշոր հրաձգային զենքից ու մինչև անգամ 125 մետրանոց ականանետերից կրակոցներ են եղել:
«Այստեղ, իհարկե՛, վտանգներ կան, դրանք գործողություններ են, որոնք մի օր կարող են բերել պատասխան հարվածի և դա դառնա նոր կոնֆլիկտ: Ադրբեջանցիները շատ կարճ խելքով են մտածում և դա միշտ է եղել նրանց ամենամեծ «առանձնահատկությունը»: Իհարկե՛, վատ է, որ օր-օրի տրամաչափը բարձրանում է, պատերազմն էլ սկսեց որսորդական հրացաններով և ավարտվեց տանկերով: Մենք պետք է լրջորեն վերլուծենք հակառակորդի բոլոր գործողությունները, իմանանք նրանց ներքին աշխատանքային պլանները և պատրաստ լինենք հակահարվածին»,– ասաց նա:
Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ այսօր հայոց բանակն զգալիորեն ավելի մարտունակ և կազմակերպված է, քան՝ ադրբեջանցիներինը:










