Եթե «Ռոսսելխոզնադզորն» արգելում է նորվեգական սաղմոնի ներկրումը, անպայման չէ, որ այն ԵՏՄ բոլոր անդամների վրա տարածվի.ԵՏՄ պաշտոնյա
Եթե Ռուսաստանի սննդամթերքի անվտանգությունն ապահովող պետական լիազոր մարմինը՝«Ռոսսելխոզնադզոր» -ը կայացրել է ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից որևէ ապրանքի, տվյալ դեպքում՝ նորվեգական սաղմոնի արգելանքի որոշում, ապա դա չի նշանակում, որ այն պետք է անպայման տարածվի անդամ այլ երկրների վրա:
Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ներկայացնելով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Օլեգ Արնաուտովի՝ մամուլի կողմից հանրային հնչեղություն ստացած նորվեգական ձեռնարկություններից ձկնամթերքի ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ մեկնաբանությունը:
«Եթե «Ռոսսելխոզնադզոր» -ը նման որոշում է ընդունել, ապա դա չի նշանակում, որ այն պետք է անպայման տարածվի անդամ այլ երկրների վրա: Արգելանքի հիմնական մարմինն ու նախաձեռնողը՝ տվյալ դեպքում «Ռոսսելխոզնադզոր» -ը այս մասին պետք է միայն տեղեկացնի ԵՏՄ անդամ երկրներին»,- ասաց Օլեգ Արնաուտովը։
Ըստ նրա՝ միևնույն ժամանակ, կողմ հանդիսացող (անդամ երկրները) պարտավոր են ձեռարկել միջոցներ՝ «ԵՏՄ անդամ որևէ երկիր իրենց տարածքից նման արտադրանքի ներթափանցումը թույլ չտալու համար»:
Հիշեցնենք, որ նորվեգական ձկան սահմանափակման մասին որոշման մասին մամուլի կողմից գրվեց, որ այն պարտադրվելու է նաև Հայաստանին, իսկ մի շարք տնտեսական գործիչներ, այդ թվում՝ «Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը քննադատեց ՌԴ-ին իր կողմից բոլորի հետ «վատամարդ լինելու» և Հայաստանին էլ վատամարդ դարձնելու մեջ: Մի շարք փորձագետներ էլ նշել էին, որ արգելքը միայն նորվեգական սաղմոնով չի սահմանափակվի և կտարածվի մի շարք այլ ապրանքների վրա ևս։
Օլեգ Արնաուտովը ընդգծեց, որ ԵՏՄ-ում կա այն ըմբռնումը, որ մեկ երկրի կողմից ընդունված արգելքները ինքնաբերաբար անդրադառնում են մյուս անդամ պետությունների վրա: Եվ այդ իսկ պատճառով ԵՏՄ-ն նպատակահարմար է գտնում մշակել միջպետական համաձայնագիր, որը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին ու անդամ երկրներին թույլ կտա կարգավորել և սահմանել նմանատիպ արգելանքների դեպքում գործելակերպի համապատասխան կանոններ՝ հաշվի առնելով այդ երկրների շահերը:
ԵՏՄ պաշտոնյան նաև հիշեցրեց, որ Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը թույլ է տալիս, որպեսզի անդամ երկրների լիազոր մարմին հանդիսացող անասնաբուժական կառույցները միակողմանիորեն ժամանակավորապես սահմանափակում դնեն այն արտադրանքի վրա, որը չի համապատասխանում ԵՏՄ պահանջներին:










