Էրդողանը ցանկանում է Թուրքիային տարածաշրջանում դարձնել առաջատար ուժ, ինչի անհրաժեշտ ռեսուրսն այդ երկիրը չունի. Ռ. Սաֆրաստյան
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների հետագա նոր զարգացումների միտումներ չի տեսնում: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ երկու երկրների հարաբերություններին՝ մասնավորապես Թուրքիայում ստեղծված ներքին և արտաքին քաղաքականության լարվածությանը, ինչպես նաև ղարաբաղաադրբեջանական սահմանում Ադրբեջանի գործողություններին, թուրքագետն ասաց, թե ըստ էության շարունակվում է երկու երկրների համագործակցությունը որոշակի ոլորտներում:
«Պարզապես չպետք է մոռանալ, որ երկու երկրների միջև գոյություն ունի համաձայնագիր-պայմանագիր, որտեղ նշված է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է Ադրբեջանին ցույց տալ օգնություն հնարավոր բոլոր միջոցներով»,-նշեց նա:
Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, թե Ադրբեջանի նկատմամբ ակտիվացել է և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի քաղաքականությունը, բայց դեռևս Ադրբեջանի դիրքորոշման մեջ սկզբունքորեն փոփոխություններ արտաքին քաղաքականության ոլորտում չեն գրանցվում:
«Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը տարածաշրջանում և աշխարհում, որի հիմնական նպատակն է երկրի վերնախավի համար օպտիմալ պայմաններ ստեղծել՝ նավթի և գազի վաճառքից շահույթներ ստանալու»,-նկատեց արևելագիտության ինստիտուտի տնօրենը:
Խոսելով Թուրքիայի ներքաղաքական զարգացումների մասին, թուրքագետն ասաց, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեությունն ի սկզբանե և մինչև օրս հիմնականում ուղղորդվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Պարզապես, ըստ նրա, հաճախ Էրդողանը գործում է շատ անկանխատեսելի: Այն վիճակը, որում հիմա հայտնվել է Թուրքիան, զգալիորեն Էրդողանի գործունեության արդյունքն է:
«Սա նոր երևույթ է Թուրքիայի համար, մի կողմից երկրի ներսում քաղաքական ճգնաժամ տեղի ունեցավ, որի արդյունքում վաղաժամկետ ընտրություններ նշանակվեցին, չհաջողվեց կոալիցիա ստեղծել, մյուս կողմից՝ երկրի արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիան ավելի է մխրճվում տարածաշրջանային խնդիրների մեջ»,-ասաց թուրքագետը:
Նրա խոսքով՝ Էրդողանի արտաքին և ներքին քաղաքականությունն իր վրա կրում է արկածախնդրության շատ վառ արտահայտված դրոշմ: Թուրքիան դրանից միայն տուժում է: Արտաքին քաղաքականության ոլորտում Էրդողանի և նրա թիմակիցների գործունեությունը նպատակ ունի Թուրքիային դարձնել տարածաշրջանում առաջատար քաղաքական ուժը, բայց դրա համար Թուրքիան չունի անհրաժեշտ ռեսուրսներ:
Անդրադառնալով թուրք-քրդական բախումներին, որոնք տեղի են ունենում Արևմտյան Հայաստանում, և պատասխանելով հարցին, թե այդ լարվածությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայերի վրա, թուրքագետն ասաց. «Ինչ պետական կարգ էլ որ լինի Թուրքիայում, երբ սրվում է ներքին քաղաքական իրադրությունը, առաջին հերթին տուժում են հայերը: Դրա համար, ինչքան Թուրքիայում սրվի վիճակը, ինչքան թուրքական ուժերն ավելի ուժեղ հարվածներ հասցնեն քրդական շարժմանը, այնքան վտանգը հայ համայնքի վրա ուժեղ կլինի, ովքեր ապրում են Ստամբուլում, ինչպես նաև այն դավանափոխ հայերի համար, ովքեր ապրում են Արևմտյան Հայաստանում»:










