Նման սրումն անթույլատրելի է. Ուորլիքը հրապարակել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ուղղությամբ արձակված արկի լուսանկարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում տարածել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ուղղությամբ արձակված արկի բեկորի լուսանկարը։
«Սա 120 միլիմետրանոց ականանետի արկ է, որը, ըստ տեղեկությունների, օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սրումն անընդունելի է»,- գրել է Ուորլիքը։
Հիշեցնենք, որ այդ և այլ լուսանկարներ ավելի վաղ տարածել էր ԼՂՀ ՊՆ-ն։
«Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչն ադրբեջանական քարոզչությունն անհաջողությամբ փորձում է հերքել: Որպես ասվածի վկայություն` ստորև ներկայացնում ենք ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից կիրառված նշված զինատեսակների լուսանկարային ապացույցները»,– ասվում էր ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում։
Լուսանկարները կարող եք դիտել այստեղ։










