Կարծում եմ՝ Լավրովը Բաքու էր այցելել` խոսելու, որ չկիրառվեն որոշ զինատեսակներ. ՌԴ ռազմական փորձագետ

16:15 • 09.09.15

Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ենթադրում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու էր այցելել` Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսելու, որ Արցախում չկիրառվեն ՌԴ-ից մատակարարված որոշ սպառազինությունների համակարգեր:

 

Այս մասին ռուսաստանցի ռազմական փորձագետը հայտնեց Tert.am-ի հետ զրույցում` ավելացնելով. «Ես գիտեմ, որ քննարկվում է «Սոլնեցպյոկ» համակարգի խնդիրը, սա «Բուրատինոյի» անալոգն է: Համարում եմ, որ այդ համակարգի` ԼՂ հակամարտության գոտում գտնվելը պետք է կտրականապես բացառվի: Ես կարծում եմ, որ եթե հանկարծ նման համակարգ կիրառվի, ապա Ռուսաստանը պետք է ուժեղագույն ճնշում գործադրի Բաքվի վրա՝ արգելքի տակ դնելով դրա կիրառությունը  հակամարտության գոտում»:

 

Վլադիմիր Եվսեևին, ով խիստ անհանգստացած է սեպտեմբերին հայ-ադրբեջանական հակամարտության կտրուկ ակտիվացմամբ, հարց ուղղվեց, թե չի տեսնո՞ւմ Ռուսաստանի մեղքը նրանում, որ Ադրբեջանը հիմա տիրապետում է հեռահար խոցման սպառազինությունների ու այլազան զինտեխնիկայի, չէ՞ որ հենց ՌԴ-ն է զենք մատակարարում Ադրբեջանին:

 

Ի պատասխան` Վլադիմիր Եվսեևն ասաց. «Եկեք օբյեկտիվ լինենք: Այդ համակարգերը, որոնք կիրառվել են սեպտեմբերյան ակտիվացման ժամանակ՝ խաղաղ բնակչության նկատմամբ, ռուսական արտադրության չէին, այլ թուրքական: Այնպես որ, պետք չէ Ռուսաստանին մեղադրել մի բանի համար, որը նա չի արել: Եվ հիմնականում Ադրբեջանի կողմից կիրառվող այդ զինատեսակները ռուսական արտադրության չեն: Շատ ակտիվ կիրառում են իսրայելական  օպտիկական համակարգեր, այդ թվում՝ դիպուկահարների»:

 

Ըստ այդմ, ըստ ռուսաստանցի ռազմական փորձագետի, կարել է  եզրահանգում անել, թե ով է, ո՞ր երկիրն է  իրապես ապակայունացնում իրավիճակը:

 

Իսկ փաստեր, որ ռուսական արտադրության զենքերով են ավերածություններ հասցվել հայկական կողմին, ըստ նրա, շատ քիչ են:


«Այո, պայմանականորեն կարելի է խոսել այն մասին, որ հնարավոր է՝ օգտագործվեին ռուսական տանկեր, բայց պետք է նայել՝ ինչ տանկեր են կիրառվել, ինչ սխեմաներ: Ուզում եմ ասել, որ կան համակարգեր (ռուսական), որոնք երբեք չեն կարող օգտագործվել հայկական կողմի դեմ: Օրինակ` եթե ՌԴ-ն Ադրբեջանին մատակարարում է S 300 համակարգեր, ապա այն չի կարող օգտագործվել ԼՂ-ի խաղաղ բնակչության դեմ: Այսինքն` պետք է տարբերակում մտցնել զինատեսակների մեջ, որոնք կարող են օգտագործվել և նրանց մեջ, որոնք չեն կարող օգտագործել»,-ասաց նա:

 

Ավելին՝ նա էլ ավելի բացեց փակագծերն ու ասաց այն, ինչը վերը նշված է, որ ՌԴ արտգործնախարարը Բաքու էր այցելել Իլհամ Ալիևի հետ խոսելու այն մասին, որ  չօգտագործվեն ռուսական մատակարարման որոշ զինատեսակներ: