Եվրոպական խորհրդարանի բանաձևը վկայում է, որ եկել է Ադրբեջանին պատժելու ժամանակը. քաղաքագետ
Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի` Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևով եկել է Ադրբեջանին պատժելու քաղաքական պահը` առայժմ ոչ թե պրակտիկ մակարդակում, այլ քաղաքական նախազգուշացման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով բանաձևը, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
«Քանի որ, իրոք, Ադրբեջանի իշխանությունները չափն անցել են այդ դատավարություններով, լրագրողների նկատմամբ պատիժներով ու իրավապաշտպաններին բերդ նստեցնելով, և խոսքը 6-ամսով կամ մեկ տարվա մասին չէ, այլ 7-10, 15-20 տարվա, պարզ է` սա երկար չէր կարող շարունակվել»,-մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:
Նրա գնահատմամբ` պատժամիջոցներն առայժմ Ադրբեջանի իշխանություններին ուղղված քաղաքական ուղերձի մակարդակն են, ոչ թե կոնկրետ տնտեսական, քանի որ Եվրոպական խորհրդարանը, այնուամենայնիվ, գործադիր մարմին` Եվրահանձնաժողով չէ:
«Պարզ է, որ պառլամենտի որոշումը ոեկոմենդացիա է,որը նրանք տալիս են, պարզ է,որ Խորհրդարանը հիմա չի կարող պարտադրել, բայց դա նշանակում է, որ մթնոլորտը սկսեց փոխվել և դառնալ Ադրբեջանի իշխանությունների դեմ: Եվ ինչ-որ պահի, չեմ ասում` վաղը, բայց կարող է բերեն կոնկրետ քայլերի` պատժամիջոցների: Եվ սա առաջին հերթին կվերաբերի էներգետիկ բլոկի հարցերին` նավթ, գազ»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևին կողմ է քվեարկել 365 պատգամավորներից 202-ը, և դրանում արձանագրվում է, որ վերջին շրջանում աճել է Ադրբեջանում բռնաճնշումները, ինչից տուժում են իրավապաշտպանները և լրագրողները: Եվրախորհրդարանը պահանջում է նաև Ադրբեջանից չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի փակման մասին որոշումը և շարունակել համագործակցել այդ կազմակերպության հետ:
Բացի այդ, կոչ է արվում Եվրամիության երկրներից և Եվրամիության արտաքին հարաբերությունների համար պատասխանատուներից դիտորդներ չուղարկել Ադրբեջան, որտեղ սպասվում են օրենսդիր մարմնի ընտրություններ:
Ըստ Ստեփան Գրիգորյանի` բանաձևը շատ մեծ նվեր է հայկական կողմին` Ղարաբաղի հարցում, քանի որ դա ցույց է տալիս, որ Եվրոպան հասկանում է` ինչն ինչոց է, ով ով է:
«Ես համոզված եմ, որ դա ուղղակիորեն արձագանքը չէ սեպտեմբերյան իրադարձություններին (նկատի ունի ադրբեջանական դիվերսիաները- Tert.am), բայց նաև պարզ է, որ Եվրոպայում դժգոհություն է կուտակվել պարբերաբար կրկնվող սրացումների նկատմամբ: Եվ բացի այդ, նշվում է, չէ՞, որ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի ենթակայության տակ, որտեղ մարդու իրավունքների նման ոտնահարումներ են»,- հիմնավորեց Ստեփան Գրիգորյանը:
Ըստ քաղաքագետի, սա նշանակում է, որ Եվրոպան ասում է, որ եթե Ադրբեջանը նման դաժան վերաբերմունք ունի իր քաղաքացիների նկատմամբ, էլ ավելի դաժան վերաբերմունք կունենա իր տարածքում գտնվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
Ինչ վերաբերում է պատճառներին, թե ինչպես հնարավոր դարձավ եվրոպական այս կառույցի կողմից նման բանաձևի կիրառումը, որին շատ դեպքերում մեղադրում են խավիարային դիվանագիտության մեջ, ապա քաղաքագետն առանձնացրեց մեկ գործոն` նավթի համաշխարհային գների անկումը:
«Մեկուկես տարի գնում է, պարզ է ադրբեջանի հնարավորությունները նվազում են: Դա ոչ թե ես եմ ասում, դրա մասին խոսում են աշխարհի նավթի գները. երկու անգամ ընկել են, 50 դոլարից պակաս է, մինչդեռ 1,5 տարի առաջ 100 դոլարից ավել էր»,- ավելացրեց Ստեփան Գրիգորյանը:
Մի կողմից էլ նա առաջարկում է մտածել, որ Եվրոպայում սկզբունքները աշխատում են և որ Եվրոպայում իրոք սկզբունքային մարդիկ շատ կան:










