Պավլովիչ, իմացի՛ր՝ Ալիևայի հարազատ դուստրն ապրում է Տավուշում

22:39 • 15.09.15

Ես շատ կուզեի, որ տավուշյան  «Նռան և նռնակի գույներ» զրուցաշարը կարդային նաև մեր ադրբեջանցի հարևանները: Գոնե այս մեկը, ուր  խոսում է ադրբեջանուհի Էլմիրա Ալիևայի դուստրը, որն այսօր  ապրում  է Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Երջանիկ կլինեի, որ այս երկխոսությունը կարդային  գոնե իմ այն ադրբեջանցի գործընկերները, որոնք այս օրերին իրենց կայքէջերը  հեղեղել են պատերազմի քարոզչությամբ: Կասեմ պարզ ու անկեղծ՝ այս կնոջ` Հայաստանում ապրելու փաստն ինձ համար ավելի արժեքավոր է պատերազմի գնով ձեռք բերված ցանկացած հաղթանակից: Իմ համեստ կարծիքով, ցավի ու տառապանքի նկատմամբ զգայունությունն ու կարեկցանքն է տվյալ հասարակության քաղաքակրթական ցուցիչը, ոչ թե այն, թե ևս քանի կիլոմետր կարելի է  ձգել ու տարածել  այդ երկիրը և որքան զորուզորք, արյուն ու արցունք կպահանջվի այդ «վեհ» նպատակի համար: Որովհետև հենց ցավից է ծնվում մի ազնիվ գիր, մի ազնիվ մեղեդի, որը հետո խիղճ է դառնում և ապրում  մարդկային հոգիներում:

 

Կուզեի, որ Ադրբեջանի իմ գործընկերներն էլ համանման մի նյութ գտնեին իրենց երկրի խորքերից, մի հերոսի, որը չի թաքցրել իր հայկական ծագումը և այսօր ապրում է ադրբեջանցիների հետ կողք-կողքի: Չեմ ուզում հավատալ, որ այդ մեկը չկա: Գտեք նրան:


-Ռուզան ջան, մի բան ասեմ, բայց վրաս չծիծաղես, խնդրում եմ. դու, գիտե՞ս, որ քո, ձեր ընտանիքի պատմությունն ինձ համար հայ ժողովրդի պատմության ամենապայծառ, ամենաարժեքավոր  էջերից մեկն է՝ հազար վանքից ավելի լուսավոր, ավելի խոսուն բան, քան նույնիսկ պատերազմում տարած մեր հաղթանակը…


-Չէ, չէ, էդ շատ ասեցիր, մենք էդ ով դառանք, որ հայ ժողովրդի պատմության թեկուզ մի էջում գրվենք: Մենք մեզ համար բանջարեղեն ենք բերում՝ ծախում, օրվա հաց անում. մենք ինչ գործ ունենք մեծ բաների հետ: Մեր ինչ խելքի բանն է  պատմությունը, քաղաքականությունը, մեր խելքը մենակ մաթեմատիկայից ա մի քիչ կտրում, որ պոմիդոր, վարունգը ճիշտ կշեռք անենք, փողն էլ ճիշտ վերցնենք: Էն էլ ուր ա, մարդկանց ձեռին փող կա՞, որ վերցնենք, սաղ գրովի ա: Բայց դու էդ բանն ինչի՞ ինձ ասեցիր, դու որտեղի՞ց ես ինձ իմանում, շամշադինցի՞ ես:


-Չէ, շամշադինցի չեմ, բայց գիտե՞ս ինչի ասեցի: Իմ իմանալով լավ մարդը նա է, ով մեկ ուրիշի ցավը զգում է և իր կարողացածի չափով օգնում է  նրան: Դե ժողովուրդն էլ մի հավաքական  մարդ է և եթե այնքան զգայուն է եղել, որ զգացել, հասկացել է ձեր ընտանիքի ցավը, ձեզ պահել է իր մեջ, ուրեմն խիղճ ունի, չէ՞: Բա դա չէ՞ ամենամեծ հաղթանակը:


-Հա, արդար, հացակեր, քրտնող մարդը գիտի մարդու տեղը: Մեր ընտանիքին բոլորն էլ սիրել ու հարգել են, ու մեկն էլ չի բշտել մեզ՝ թե քո  մեջ ադրբեջանցու արյուն կա: Դրա համար էլ ես ոչ մի անգամ թաքուն չեմ պահել էդ բանը, ասել եմ, հա, մամաս ադրբեջանցի ա: Բերդում բոլորը նրան ճանաչել են, իրա կյանքը բոլորն էլ իմացել են: Պապաս ու մամաս  57 թվից Բերդում են ապրել: Աշխատող, տանջվող մարդիկ են եղել, երեք երեխա են ունեցել՝ ես ու իմ երկու եղբայրներս: Բոլորս էլ Բերդում ենք ծնվել…


Կանաչին էսօր կրակի գին ա, 200 դրամ ա է՜, ցավդ տանեմ, մի՛ տար, դրա տեղը մի կիլո պոմիդոր տար, որ տարածիցդ բան հասկանաս: Ինչ անեմ, էս տարի սենց թանկացրել են, իմ երեսն էլ չի բռնում, որ ծախեմ: Վերցրու հա, բան չկա, գիտեմ, դու աշխատո՞ւմ ես, որ ձեռիդ էլ հիմի փող լինի: Տար…


Ցավդ տանեմ, հիմա աշխատանքի պիկումն ենք, էս ժամը սենց ժամ ա, ինչ անեմ, գալիս են մի երկու բան վերցնում, որ ճաշի հոգսն անեն…


-Ռուզան ջան, գործիցդ հետ մի ընկի, դու քո առևտուրն արա, բայց արանքում ինձ մի քիչ քո մամայից պատմի էլի՝  հայրդ որտեղ է նրան հանդիպել, ոնց են ծանոթացել ու ընտանիք կազմել: Նման բաները մայրերը գոնե աղջիկներին պատմում են անպայման:


-Էհ, մորս վերքերը շատ խորն են: Ես չէի ուզում էդ հարցերով նրան շատ քրքրեմ: Մամաս որբ աղջիկ ա եղել, մենակ ու լրիվ եթիմ, քույրուեղբայր էլ չի ունեցել: Նա ընդամենը 15 տարեկան էր, որ Կիրովաբադում հորս հետ հանդիպել է: Պապան Շամխորից էր՝ Բաղրամյանի գյուղից: Լավ արհեստավոր էր, կարի մեքենաներ էր սարքում: Դե էդ գործի վրա էլ մորս տեսել, հավանել ա, հետն առել, բերել Թովուզ գյուղը: Մամային շատ էր սիրում, շատ:


-Ռուզան ջան, բա որ 88թ.-ից սկսած դրությունն այսպես լարվեց ու ընկանք այս անվերջանալի թվացող պատերազմի բերանը, մամադ, ձեր ընտանիքը չէ՞ր վախենում թեկուզ այն մորից, որի որդին ընկել է այդ պատերազմում:


-Հա, վախենում էր, հենց մեզ համար, իր երեխաների համար էր վախենում: Գնում էր մոմ վառում, ծնկաչոք աղոթում էր, որ մեզ հանկարծ մի վնաս չտան: Ամբողջ Բերդը ռումբերի տակ էր, մենք հարևանների հետ պադվալներում էինք: Մութ, մի մոմի տակ, բոլորս մի խսիրի վրա նստած, շունչներս պահած: Բայց ես իրան ասում էի՝ մամա, մի վախեցի, իրանք մեր ամենօրյա հարևաններն են, միասին էսքան աղուհաց ենք կերել, խի պիտի շուռ գան՝ մեզ մի վնաս տան: Ես էն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ մեր տունն էլ, մեր հայրենիքն էլ Բերդն ա, ես Բերդից գնացողը չեմ: Ու ես ճիշտ դուրս եկա. էսքան ժամանակ ոչ մեկն ինձ չասեց, թե դու ադրբեջանցի ես, ամերիկացի, թե՝ վրացի:


-Տեսա՞ր, Ռուզան ջան, բա որ ասում եմ ձեր պատմությունը իսկապես մի հաղթական էջ է. ես, օրինակ, կուզեի, որ Ադրբեջանի ժուռնալիստներից մեկն այսպիսի մի փաստ գտներ իր երկրում  ու ի տես բոլորի, ցույց տար: Ես շատ կուրախանայի այդ փաստից, որովհետև դա ինձ հույս կտար, որ երկուսիս գլխին կախված այս նույն երկինքը շուտով կպարզվի, կխաղաղվի…


-Սահմանի վրա ամեն կրակոց, հենա ուղիղ իմ սրտիս  մեջ: Ոնց որ սիրտս կոխեն  էն հացի մեծ դանակը ու կտոր-կտոր անեն: Որ ծնողը կուզի իրա երեխայի մատը փուշ մտնի, իրա երեխան հաշմանդամ դառնա, կամ՝ զոհվի: Հասարակ, քրտնող մարդը չի  ուզի պատերազմ: Իրանց մոտ էլ շատ պատմություններ կան, որ մերոնց օգնել են, որ փախչեն, հարևաններով կանգնել են հայերի առաջին ու չեն թողել, որ մորթեն, փրթեն մերոնց: Էս բոլորը սխալ քաղաքականությունն ա, որ երկու հարևանին էսպես թշնամացրեց: Դեռ էն մի պատերազմի հաշմանդամը փողոցում, զոհվածի  գերեզմանը դեռ թարմ՝ հիմա էլ նորից ռմբակոծություն, նորից հին վերքերը աղով են անում:


Էհ, չգիտեմ, սիրտս էսօր կոտրված ա: Արսեն, այ Արսեն, էդ թանկուկրակ ապելսինը բրախի, հիմա ապելսինի սեզոն չի, գնա էն լավ տանձից, խնձորից վերցրու: Դրա մեջ հիմա վիտամինն ավելի շատ ա: Էն տղին տասը անգամ ասել եմ, է՜, էս ժողովրդի հալը ապելսինի չի, ուր ա բերում, լցնում ստեղ: Հա, հիվանդ լինի, ուրիշ բան, վերցնի մի կտոր կտրի՝ ուտի: Արսեն ջան, էդ  բրախի, բրախի, մամադ գալու ա վրեդ խոսա, դու ի՞նչ գործ ունես էդ ապելսինի հետ:

-Այ Ռուզան, էդ դու ես որոշո՞ւմ, ով ինչ պիտի առնի քո խանութից:


-Բա ինչ եմ անում, բոլորն էլ իրանց տան գաղտնիքներով ինձ հետ կիսվում են: Էս սհաթին ես գիտեմ, ում տանն ինչ ա կատարվում, փողը որտեղից մտավ, ու ուր թռավ էդ անտերը, որ ծակը փակեց: Բա ինչ անեմ, ավելի լավ ա բիբարն ու պոմիդորը տանի գցի մի ղազան ճաշ դառնա, քան էդ թթու, զռզռում ապելսինն ուտի ու սոված նստի: Ամուսինս ա բերում, ինքը բերում ա, ես ծախում եմ: Ինչ անեմ, հենա աղջիկս Երևան ուսանող ա, Գյուղատնտեսականում ա սովորում, պիտի աշխատենք, որ ուսանողի հետևից հասցնենք: Երկու աղջիկ ունեմ, մի թոռնիկ, էնքան լավն ա թոռնիկս, որ բերեմ տեսնես, է՜: Ասա երկիրը չխառնվի, խաղաղություն լինի. Թումանյանը որ ասել ա է՜.ապրեք էրեխեք, բայց մեզ պես չապրեք: Ես տերտերներին չեմ հավատում, բայց ես էլ եմ եկեղեցի գնում, մոմ վառում, ասում եմ՝ այ Աստված, դու մեր երկիրը խաղաղ պահի, էս հացի պակասությանը կդիմանանք, բայց թող ոչ մի ջահել զինվոր չզոհվի սահմանին, թող ոչ մի մոր մեջքը, սիրտը չկոտրվի՝ ինչ ազգից ուզում ա լինի:


- Ռուզան, բայց էդ ծանր օրերին մամայիդ մտքով չէր անցնո՞ւմ, որ ինքն էլ հետ գնա իր հայրենիք, երբևէ ասե՞լ է այդ մասին:


-Չէ, չէ, չէ. նա հետադարձ ճամփա չուներ: Այնտեղ ադաթները շատ խիստ են: Եթե աղջիկն ամուսնանում ա քրիստոնյայի հետ, ուրեմն նրա հետ կապերը լրիվությամբ խզվում ա: Ոչ մի հարազատ չի շփվում նրա հետ, ոչ մեկն իրավունք չունի էդ աղջկան իրա տուն ընդունի, հետը հաց կիսի, կոպիտ ասած, ընդունում են որպես մի դուրս ընկած, անբարոյական աղջիկ: Դե որ աղջկան չեն ընդունում, իրա երեխաներին էլ ընդհանրապես  չեն ընդունում և չեն ճանաչում: Մամաս չէր կարա գնար էդ կողմը: Ոչ մի դեպքում:


-Բայց ժողովուրդը խոսում ա, որ մամադ հեռավոր ազգակցական կապ ունի նախագահ Ալիևի հետ. ճիշտ է՞:


-Չէ, էդպիսի բան չկա: Իրա ազգանունը Ալիևա ա, Էլմիրա Ալիևա: Երևի դրա համար են ասել: Հիմա Հայաստանում էդքան Սարգսյան կա, կարող ա՞ բոլորը մեր նախագահի բարեկամներն են: Մամաս երկար տարիներ մանկապարտեզում ա աշխատել, բոլորն էլ լավ ճանաչել, իմացել են իրան: Նա երեխա ա եղել, որ հայրս իրան Հայաստան ա բերել, և մեր տանը մենք միշտ հայի վերքուդիրք ենք տեսել. ամեն ինչ հայկական՝ էն սովորական չայ գցելուց մինչև մեզ համար հայկական երգեր ու արտասանություններ ասելը: Դրա համար էլ մենք զտարյուն հայի պես էլ մեծացել ենք: Երբ ինքը վախենում էր, ես իրան ասում էի՝ ախր մենք բոլորս արդեն հայ ենք, մեր պապան հայ ա, դու խի՞ ես վախենում: Ես տեխնիկումում էլ երբեք չեմ թաքցրել՝ ասել եմ մամաս ադրբեջանցի ա, բայց քանի որ պապաս հայ ա, ես էլ եմ հայ, երկու եղբայրներս էլ:


-Բա եղբայրներդ հիմա որտե՞ղ են, ինչո՞վ են զբաղվում:


-Մոսկվայում են, մամաս էլ՝ իրենց հետ:


-Փաստորեն մամադ ողջ է…ես անպայման իրեն կզանգեմ, կխոսեմ հետը:


-Չէ, վատառողջ է, չի լսում, երևի չի կարա հետդ կարգին զրույց անի:


-Ամեն դեպքում, կարելի է փորձել…


-Ինքն աշխարհով մեկ ա լինում, որ պատմում եմ, թե մեր ընտանիքին էստեղ ոնց են հարգում ու սիրում: Էն ժամանակ շատ էր ասում՝ զգույշ կաց հա զգույշ կաց: Բայց երբ տեսավ, թե էս ժողովուրդը ոնց մեջքիս կանգնեց, ոնց ինձ պահեց ու պաշտպանեց, լրիվ հանգստացավ: Հիմա գիտի էլ որ էսքան դժվարություններ ենք քաշում ապրելու համար, բայց կյանքում չի ասի, թե տեղդ փուշ ա, դուրս արի տեղից: Իրա ուզածն էլ ա էլի խաղաղությունը. պատերազմն ով կուզի:


-Ասում են՝ պատերազմ ուզում են միայն տանը մնացած աղջիկները և խելագարները, ուրիշ ո՞վ: /Ծիծաղում ենք.Վ.Ս./ Դե հա, էդ պատերազմը մահվան պես բան ա, բոլոր դժբախտներին, հարուստ , աղքատներին հավասարեցնում է:


-Խի էդ տանը մնացածը յանի մի հարազատ, բարեկամ չունի՞, մենակ ինքն ա ու իրա չոր գլուխը՞:Պատերազմը իսկի գիժն էլ չի ուզի. գնդակը գիժուխելոք, ջահելահել, հայութուրք չի ճանաչում: Խի էդ ո՞ւմ համար պարզ չի, որ խփած գնդակը հետ ա գալիս ու տալիս սահմանին կանգնած անմեղ զինվորին: Տենց խոսք կամ տենց հարված չկա, որ դու բաց թողնես, գնա մի տեղ կորչի: Գյուլլեն, գնդակը  աշխարհի պես կլոր ա, ոնց որ մարդը մարդին ա հանդիպում, տենց էլ քո գցած գյուլլեն քեզ ման ա գալիս ու գալիս կանգնում առաջդ:


-Ռուզան ջան, քո կարծիքով բա էդ դեպքում հայրենասիրությունն ի՞նչ է: Ինձ թվում է, հենց դրա մասին սխալ պատկերացումներն են խաղարկում բոլոր դիկտատորները և հրահրում  պատերազմներ: Նախ՝ կեղծում են պատմությունը և իրենց հիվանդագին դիկտատորական խելագարությունները ժողովրդին հրամցնում որպես հայրենիքի համար մղվող պայքար: Հիմա Ալիևը պնդելով պնդում է, որ անգամ Զանգեզուրն է Ադրբեջանինը և թունավորում այդ ժողովրդի միտքը…


-Էդ քաղաքական հարցերից իմ խելքը շատ բան չի կտրում, բայց հայրենասիրությունը ժողովրդին գյուլլի բերան տանելու համար չի: Մեր Շամշադինում ապրելը, մի կտոր հաց ստեղծելը, էսքան կրակոցներին դիմանալն արդեն հայրենասիրություն ա, ստեղ բոլորն էլ հերոս են: Իմ հայրենասիրությունն էն ա եղել, որ ես միշտ սիրել եմ Բերդը ու ինչ ծանր օրեր էլ, որ եղել ա, մի մետր չեմ հեռացել իմ ծննդավայրից, ասել եմ, թե ինձ պիտի սպանեն՝ թող իմոնք իրանց ձեռով սպանեն: Էս ժողովրդի հայրենասիրությունն էլ էն ա եղել, որ ինձ մի անգամ չեն ասել, թե՝ վեր կաց գնա ստեղից: Էս ժողովուրդը մարդի տեղն իմացող, խաղաղասեր, քրտնող  ժողովուրդ ա, որ վիճակը լավ, խաղաղ լինի ինքն իրա օրվա հացը քարից էլ կքամի, կստեղծի: Ադրբեջանցիք էլ աշխատող ժողովուրդ են: Առաջ, որ իրար կողքի Թովուզ կայարանում առևտուր էինք անում, իրար հետ հաց ստեղծում, ապրում, վա՞տ էր: Իրանք էլ մեզ պես երկու ականջ ունեն, մի բերան, մի քիթ: Թող իրար հետ հաշտուխաղաղ ապրեն:Մի օր հարևանս ասում ա՝ էդ ոնց ա, որ դու  մարդիդ հետ հեչ կռիվ չես անում: Ասի՝մենք մի րոպե պարապ չենք մնում: Ամբողջ օրը տանջվում ենք, գիշերն էլ բեզարած թեք ընկնում, քնում: Ասի՝ կռիվը պարապությունից ա լինում: Հիմա նույնը ստեղ ա էլի՝ երևի ինչ-որ քաղաքական մարդիկ պարապ են մնացել, եկան էս մեր խաղաղ սարերը կռվով տվեցին: Ճիշտ չե՞մ ասում:


-Իհարկե,  ճիշտ ես ասում. էն օրը Ղարաբաղի մեր ժուռնալիստներից մեկը գրել էր, թե ով այսօր խաղաղության կոչ է անում, ժողովուրդը նրան ազգի դավաճան կհամարի: Շշմած մնացի, իրեն մի նամակ գրեցի, թե, եղբայրս, էդ որ այսօր Ադրբեջանի լրագրողների մեծ մասը  ամբողջ օրը պատերազմի քարոզ է անում, դրանք հիմա  հայրենասեր են, իսկ մենք ազգի դավաճաննե՞ր: Դու ճիշտ ես ասում,պատերազմի  ու այս փխրուն խաղաղության լուծը քաշում է  աշխատող, քրտնող ժողովուրդը՝ վճարելով իր որդիների արյամբ: Իսկ ո՞վ կարող է գլուխը բարձրացնել ու նայել որդի կորցրած մոր աչքերին…


-Էդ մոր մաշկը տաս իրան, ասես՝ դե մի օր ապրի էդ մաշկի մեջ: Չէ, չէ, մի մտածի, էս անտեր-անտեր աշխարհ չի,  որ թողեն էլի պատերազմ լինի: Ով առանց հասկանալու պատերազմ ա ասում, թող գա էս սահմանի ռեխը, մենք իրան ցույց տանք՝ ինչ ա պատերազմը, թող գա մի քանի օր էս մեր գյուղերում քնի՝ Մովսես, Այգեպար, Չինարի, որ մեկն ասեմ: Հեն ենք ադրբեջանցու հետ քիթ-քթի:


Վույ, ժողովուրդը հեսա ինձ կուտի է, կասի մենք սոված սա տակից գլխից էսքան խոսում ա, շան հացը կտրում:


Հասմիկ ջան, էդ հենա մարդիցդ լավ խաբարներ ա եկել, որ երկու տոպրակ ես կշեռքին դնում: Բայց ասում են՝ Ռուսաստանն էլ ա կամաց-կամաց խարաբ դառնում, հա՞: Այ մարդ, ասա, հավաքվեք, տուն եկեք է՜, տան դռան մի կոպեկը դրսի հազար մանեթից ավելի լավ համ ա տալիս, էն ա, ես էլ եմ ախպորս ասում՝ մամային էլ վերցրեք, տուն եկեք, բոլ ա:

----------------------------------------------------------------------

-Ալո, բարև ձեզ, ես Ռուզաննայի եղբոր հետ եմ խոսո՞ւմ:


-Ի՞նչ: /Հարցնում է ռուսերեն.խոսակցությունը ռուսերենով է շարունակվում Վ.Ս./:


-Կներեք, Դուք Էլմիրա Ալիևայի որդի՞ն եք, որն ապրել է Հայաստանում, Տավուշի մարզում, Բերդում:


-Աղջիկ, խելքդ գցե՞լ ես, դու չգիտե՞ս, որ Ալիևան ադրբեջանական ազգանուն է, և նա չէր կարող ապրել Հայաստանում: Աշխարհը երևի քո կողքով է  պտտվել և դու չգիտես, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմի մեջ են, հա՞: Դու որտեղի՞ց ես զանգում:


-Հայաստանից…կներեք, բայց ես ո՞ւմ հետ եմ խոսում:


-Դուք պատիվ ունեք խոսելու զտարյուն մոսկվացի Անդրեյ Պավլովիչի հետ, իսկ Ձեզ չե՞ն ասել ում եք Դուք հետախուզում՝ հասկանալու համար, թե ես իմ խոհանոցո՞ւմ եմ, թե՞ սիրուհուս մահճակալում: Լենային ասեք՝ հիմարիկս, քո գնացքն արդեն գնացել է, փնտրիր մի ինքնաթիռ և շտապ հեռացիր Մոսկվայից…


-Անդրեյ Պավլովիչ, կրկնում եմ, ես զանգահարել եմ Մոսկվա, որպեսզի խոսեմ էլմիրա Ալիևայի հետ, ես նրա աղջկա հետ հարցազրույց արեցի, ես ոչ թե հետախուզության աշխատող եմ, այլ՝ լրագրող:


-Ահա քեզ սուտ.Դուք ուզում եք ինձ համոզել, որ Հայաստանում դեռ ապրո՞ւմ են ադրբեջանցի մայրերի զավակները , երևի պատմության թանգարաններում եք հա՞ նրանց պահպանում, զմռսել և պահել եք, հա՞: Հորինեք տրամաբանական ստեր,  եթե Հայաստանում ադրբեջանցու  արյամբ մի մարդ գտնվի,  ես իմ քիթը կկտրեմ: Արդյոք աննորմալ չէ, որ  Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ կա, քան՝ Հայաստանում: Եթե Դուք բլեֆ չեք անում և իսկապես լրագրող եք, ապա փոխանցեք Հայաստանին, որ դա աննորմալ է, փոխանցեք նաև…


-Կներեք, իսկ Ձեր նախկին կնոջը՝ Լենային ի՞նչ փոխանցեմ…


-Այո…իմը տիպիկ ռուսական քիմք է՝ ահա, թե ով ես դու, ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ:

 

ՎԱՐԴուհի Սիմոնյան