Երգչուհի Սյուզիի վերադարձը

17:31 • 15.09.15

«Արմենիա TV»-ի եթերում շուտով կմեկնարկի նոր «Աջ, թե ձախ» հեռուստանախագիծը, որի շրջանակներում հաղորդավարներ Սյուզի Շահբազյանը և Դավիթ Թադևոսյանը  կշրջագայեն տարբեր երկրներով։  Tert.am-ի հետ զրույցում պատմում է՝ երգչուհի Սյուզին։

 

 

-Սյուզի շատ կտրուկ էր անցումը՝  երգչուհուց  PanArmenian Media Group-ի միջազգային կապերի պատասխանատուի աշխատանքին։ Ինչո՞վ սա կմեկնաբանեք...

 

-Նշեմ, որ ունեմ երկու կրթություն՝ ավարտել եմ ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի  անգլիական բանասիրության բաժինը  և Թաթուլ Ալթունյանի անվան երաժշտական դպրոցը, այսօր կարծում եմ՝ լեզուներ իմանալը  հաղորդակցման միջոց է այլ ոչ մասնագիտություն։ Երբ ստացա հրավեր ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ-ի  միջազգային բաժնում աշխատելու որոշեցի թողնել երգարվեստը և ամենայն պատասխանատվությամբ անցա գրասենյակային աշխատանքի։ Շատ կարևորում եմ աշխատանքը մարդու կյանքում, թող բարձր խոսքեր չհնչեն, բայց այն ինձ համար ընտանիքին համարժեք մի բան է։

 

 

 

-Փաստորեն երկարատև դադարից հետո պատրաստվում եք վերադառնալ եթեր, բայց այս անգամ ոչ երգարվեստ ... սեպտեմբերի 18-ին արդեն «Արմենիա TV»-ի եթերում կմեկնարկի նոր «Աջ, թե ձախ» հեռուստանախագիծը։ Չե՞ք պատմի նոր նախագծի մասին...

 

-Այս 3-4 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրերի առաջարկներ եմ մերժել, բայց այս հաղորդման թեմատիկան ինձ շատ հետաքրքրեց։ «Հարազատ թշնամի» սերիալից հայտնի դերասան Դավիթն ու ես ճամփորդելու ենք ողջ աշխարհով և լուսաբանելու  ենք տվյալ երկրի պատմության, մշակույթի, կրոնի, արվեստի, ճարտարապետական կառույցների, ժամանցային վայրերի, ազգային կերակուրների, հյուրանոցների և տարբեր տեսարժան վայրերի մասին: Հաղորդման կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին տվյալ երկիր մեկնելուց առաջ արդեն իսկ ծանոթ լինելու տվյալ երկրին, քանի որ հաղորդումը լուսաբանում է բացառապես ամեն ինչ: Ողջ հաղորդման ընթացքում յուրաքանչյուր ծախսած ցենտ լուսաբանվում է՝  տեղեկացնելով և ծանոթացնելով հեռուստադիտողին գնային սանդղակի մասին: Գիտեք, այնքան հաճելի է այս թիմի հետ աշխատելը, որ երբեմն ինձ թվում է 3 կորած եղբայր եմ գտել (Ծիծաղում է – Tert.am)։

 

 

-Այս տարիների լռությունը արդյո՞ք պայմանավորված չէր անձնական կյանքում փոփոխություններով։

 

-Ես երբեք աչքի չեմ ընկել իմ անձնական կյանքով։ Կարծում եմ, որ մարդն իր տեսակով մենակ է, երբ երջանիկ ես կամ դժբախտ դու մենակ ես քո զգացմունքների և էմոցիաներին հետ, հատկապես այն դեպքում երբ արդեն կայացած ես... «Դժվար է համաձայնվել, որ երկրորդ մարդ ներխուժի քո անձնական կյանք»...Ես, իհարկե, համոզված եմ, որ պատահում են զույգեր, ովքեր ներդաշնակ միասնություն են կազմում, բայց գիտակցում եմ, որ քչերի կյանքում է այդպես լինում։

 

-Դարձաք հայտնի 2005 թվականին «Հայք» խմբի հետ այդ տարիներին բում դարձած «Քամի փչիր» տեսահոլովակով ... այսօր որքանո՞վ կապ կա խմբի հետ։

 

-Հաջողությանս համար միշտ շնորհակալ եմ  Հարությունյան Հայկին և Հովհաննիսյան Հայկին: Նրանց շատ գնահատում եմ, սակայն առօրյա զբաղվածությունը թույլ չի տալիս հաճախ հանդիպել և ընկերություն անել:

 

 

-Սպասե՞նք Ձեզ նաև բեմում։

 

Մոտ 4 տարի առաջ «մեկուսացրի ինձ էկրաններից»: Բայց մինչ օրս մարդիկ ամեն օր ու անդադար հարցնում են, թե ինչու եմ կորել: Ինչպես հանդիսատեսի կարոտը ստիպեց, որ վերադառնամ էկրաններ և օգնեց որոշում կայացնել հաղորդման առաջարկը հաստատել, այնպես էլ կարծում եմ կստիպի շուտով բեմ բարձրանալ։

 

Պատրաստեց Լենա Մինասյանը

 

 

 

Երգչուհի Սյուզիի վերադարձը