Եվրոպական երկրների համեմատ Հայաստանը չի կարող գրավիչ լինել ներգաղթյալների համար. Գագիկ Եգանյան
Վերջին շաբաթներին Հայաստան եկող ներգաղթյալների թիվը առանձնապես չի տարբերվում նախորդ շաբաթներից. ամսական Հայաստան է գալիս մինչև 40 ներգաղթյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը՝ տեղեկացելով, որ տարեկան Հայաստան են ժամանում 400-500 ներգաղթյալներ, որոնց հիմնական մասը ազգությամբ հայեր են:
«Երբ սիրիական դեպքերը նոր էին սկսվել, մենք առաջին տարում 1000-ից ավելի ապաստանի հայցորդ ունեցանք, և մեզ համար կապ չուներ ազգային պատկանելիությունը, թեև, իհարկե, բոլորի անձնական գործերում նշվում է ազգությունը, և մենք ունենում ենք վիճակագրություն»,-ասաց նա;
Հարցին, թե վերջին շաբաթներին դեպի Եվրոպա արձանագրված մեծ թվով ներգաղթյալների մուտքը, ազդեցություն չի ունեցել Հայաստան մուտք գործողների թվի վրա, Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ մարդիկ, երբ մտածում են դուրս գալ իրենց երկրից ու հարկադրված են լինում, ապա, որպես կանոն, նախընտրում են առավել գրավիչ պայմաններ, թեկուզ դժվարությունների գնով:
«Հայաստանը գրավչությամբ չի հավասարվում Եվրոպային, որովհետև անգամ եվրոպական երկրների մեջ զգալի տարբերություն կա: Եթե ուշադիր եք եղել, ներգաղթյալների հիմնական մասը ձգտում է առավել զարգացած եվրոպական երկրներ՝ Գերմանիա, Շվեդիա, Նորվեգիա: Անգամ Արևելյան Եվրոպայի երկրներում նրանք չեն ցանկանում մնալ, այդ երկրներով անցնում են պարզապես որպես տրանզիտ երկիր: Տեսեք, անգամ Հունաստանում չեն ցանկանում մնալ»,– ասաց նա:
Գագիկ Եգանյանն ընդգծեց, որ, բնականաբար, եվրոպական երկրների կողքին ներգաղթյալների համար Հայաստանը գրավիչ չի կարող լինել:
Հարցին, թե ինչ խոչընդոտների կհանդիպեն ներգաղթյալները, եթե ցանկություն ունենան բնակություն հաստատել Հայաստանում, Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ օրենսդրական առումով բացարձակապես ոչ մի խոչընդոտ չկա:
«Մենք պաշտոնապես հռչակել ենք՝ Հայաստանը պատրաստ է իր պաշտպանության տակ վերցել այն մարդկանց, ում կյանքին վտանգ է սպառնում, այդ թվում ռազմական գործողությունների ժամանակ: Հենց այս քաղաքականությունն էլ տարվում է վերջին 10-12 տարիներին, ինչի վկայությունը Իրաքի դեպքերն են, Սիրիայի դեպքերը, վրաց-օսական հակամարտությունը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ովքեր դիմել են իրենց ծառայությանը, օրենսդրական կարգով ընթացք է տրվել:
«Իհարկե, երբ որ շատ-շատ մարդ գա, խնդիրներ կառաջանան, բայց դրա համար էլ կան լուծումներ: Օրինակ, միջազգային հանրությունը չի թողնում, որ մի երկիր միանգամից ընդունի մեծ բեռ ու միայնակ մնա: Տարբեր երկրների միջև բաշխման սխեմաներ են մշակվել»,- ասաց նա:










