Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ հրաժարվել դոլարից, որքան էլ դա Հայաստանին ձեռնտու լինի. Բ.Ասատրյան

14:23 • 24.09.15

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Tert.am-ի հետ զրույցում թերահավատորեն է վերաբերվում էներգակիրների դիմաց ռուսական ռուբլով վճարելու հայկական կողմի առաջարկին, այն առումով, որ այն կընդունվի: ԿԲ նախագահը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը ևս տնտեսապես ոչ հիմնավոր է համարում, ավելի շատ քաղաքական:  Բագրատ Ասատրյանը նաև անդրադարձ է կատարում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության վերջին ամիսներին ցուցանիշներին, որոնք նրան ևս մեկ անգամ համոզել են, որ անդամակցությունից առաջ տրված գնահատականը, որ «կարճ վերնաշապիկով Սիբիր ենք գնում», ճիշտ էր:


-Պարո՛ն Ասատրյան, Հովիկ Աբրահամյանի առաջարկը ԵԱՏՄ գործընկերներին, որ  քննարկենք ռազմավարական ապրանքների դիմաց ռուբլով  վճարելու հարցը, ինչպե՞ս եք գնահատում, որովհետև կիսվում են կարծիքները, մի մասը շատ կարևոր է համարում, մյուսներն ասում են, որ ընդամենը կշահենք փոխարժեքների տարբերության վրա:


-Դա ընդամենը ցանկություն է, որը ոչ մի բանով ամրագրված չէ, որովհետև Ռուսաստանն այսօր պատրաստ չէ դոլարից հրաժարվել ստրատեգիական նշանակության ապրանքները` էներգակիրները վաճառելու դիմաց: Բնավ, պատրաստ չէ: Եվ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը ինչո՞վ է պայմանավորված, չեմ կարող ասել:


-Բայց չէ՞, որ ռուսական կողմը հայտարարեց, որ կքննարկեն:


-Դե կքննարկեն,. Ցանկացած հարց կարելի է քննարկել և քննարկել 3 տարի, 13 տարի: Ռուսաստանն ինքն էլ նման հայտարարություններ անում, բայց Ռուսաստանը պատրաստ չէ դրան…


-Այո՛, Պուտինը վերջերս հերթական անգամ այդ մասին հայտարարեց:

- Դա քաղաքական հայտարարություն է, որում մի քիչ էլ շանտաժի նման մի բան կա, բայց Ռուսաստանն ի վիճակի չէ հրաժարվել դոլարից, որովհետև նման քայլի գնալու դեպքում իր տնտեսությունը շատ մեծ կորուստներ կունենա: Տեսեք. դոլարից կամ արտարժույթից հրաժարվելը` եվրոպական կամ ամերիկյան, դա բազմաբովանդակ երևույթ է: Այնպես չէ, որ այսօր վաղը որոշեցիր, վաղը անցնում ես դրան, որովհետև ՌԴ պահուստները հիմնականում  դոլարով են արտահայտված: Ինչ է անելու այդ դոլարները, կարո՞ղ է բերի հայկական դրամով պահի իր պահուստները,կամ` ղազախական տենգեով: Ի վերջո, չմոռանանք, որ Ռուսաստանի տնտեսությունը, որովհետև այնտեղ պետական մասնաբաժինը շատ մեծ մաս է կազմում, ազատական է: Այսինքն` այնտեղ կան կոնկրետ տնտեսվարողներ, որոնք իրենց վճիռները կայացնում են ըստ տնտեսական դաշտում առկա իրողությունների: Առավել ևս Հայաստանը. Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի պարտադրում, ասում, որ քո առևտուրն արա դոլարով կամ ինչով: Յուրաքանչյուր տնտեսվարող ինքն է որոշում:


Հիմա, խնդրեմ, եթե ՌԴ-ն գնա այդ քայլին… ստրատեգիական այդ ապրանքների համար, այո՛, նպաստավոր կլիներ մեզ համար: Եթե շարունակվի այս իրավիճակը:  Բայց ասեմ նաև, որ արտաքին առևտրի համար կարևոր է ոչ թե կարճատև, այլ երկարատև կայունութունը, իսկ ռուսական ռուբլին երկարատև ժամանակահատվածում թույլ արժույթ է, որը ոչ մի դեպքում չես համեմատի դոլարի կամ եվրոյի հետ:
 

- Իրան Հայաստան երկաթուղու հետ կապված ինչ կասեք, հենց հիմա այդ հարցերը, ենթադրաբար, քննարկվում են Չինաստանում։


-Սա նախագիծ է, որը տնտեսական բովանդակություն չունի: Իհարկե, շատ լավ կլինի, որ մենք ունենանք երկաթուղի, բայց տնտեսապես դա որևէ հիմնավորում չունի և այս պահին դրա պահանջը չկա: Նախ, Հայաստանը չունի այդ ապրանքաշրջանառությունը Իրանի հետ և չի երևում Իրանից այդ ապրանքները հոսքը` հյուսիս, Եվրոպա, Ռուսաստան կամ այլուր: Չ՞է, որ խոսքը ապրանքների տեղափոխման մասին է:


-Բայց եթե իրանական կողմը մեզ ասում է, որ եթե այդքան կարևոր է  երկաթուղին  ձեզ համար, մենք  կկառուցենք մեր տարածքի հատվածը, բայց դուք էլ գտեք 3 մլրդ` ձեր հատվածի շինարարության համա՞ր:


- Ես կարծում եմ`դա ավելի շատ բարոյախոսություն է, քան հիմնավորված ծրագիր, որովհետև, կրկնում եմ, դրա կարիքը չկա: Այսօր, եթե խոսքը Իրան-Հայաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին է, դրա կարիքն այսօր չկա: Այլ բան, եթե դնում ենք քաղաքական խնդիր: Այո՛, շատ լավ կլիներ, որ նման բան լիներ, բայց քաղաքական ցանկությունները իրականություն դառնալու համար ինչ-որ գին ունեն: Մենք  չունենք այդ փողը. որ ով վճարելու է, նա փորձելու է հասկանալ չէ՞, թե հետ կստանա՞ այդ գումարը: Ոչ, որովհետև Իրանի հետ մեր տնտեսական հարաբերությունները շատ կոնկրետ թիվ են կազմում և այդ թիվը շատ-շատ փոքր է` երկաթուղի աշխատացնելու համար:


-Սակայն` պատժամիջոցներից դուրս գալուց հետո արդյո՞ք Իրանի հնարավորությունները չեն ավելանում և Ձեր տված գնահատականն այլևս տեղին չէ:


-Ո՛չ, եթե տասնապատիկ անգամ ծավալներն ավելանան, դա բավարար չէ երկաթուղի ունենալու, դրա բնականոն և տնտեսապես արդյունավետ գործունեությունն ապահովելու համար:


-Կառավարության նախորդ նիստին հայտնի դարձավ, ՀԷՑ-ը օտարվում է նախքան աուդիտի անցկացումը: Ինչ կասեք որպես տնտեսագետ քայլերի հաջորդականության մասին:


- Ես վաճառքից չեմ վախենում ու պետք չէ վախենալ. ամբողջ խնդիրն այն է, որ էլեկտրացանցերը վաճառվեն ավելի մեծ փորձառություն ունեցող, աշխատանքային լավ բնութագրեր ունեցող ընկերության, որովհետև փորձը ցույց տվեց, որ ռուսական ընկերությունն ի վիճակի չէ լուծել խնդիրը և ապահովել լիարժեք արդյունավետ կառավարում: Սրա հետևանք էր, չէ՞, այս  շարժը, սակագնի բարձրացումը, բոլոր այդ վնասները, ընկերության ֆինանսական վիճակը: Սա, իհարկե, հետևանք էր ժամանակին կայացված վճիռների, և ակնհայտ էր, որ դրանցում` առաջին քայլերից սկսված, կար կոռուպցիոն մեծ բաղադրատարր: Այսօր բոլորը հակված են որպես այդպիսին գնահատել ընթացիկ մենեջմենթը, բայց խնդիրները դրված են հիմքերում, որոնցից էլ ամենը սկսվել:


-Ժամանակին, երբ Հայաստանը պետք է նոր-նոր անդամակցեր ԵԱՏՄ-ին, Դուք մի համեմատություն բերեցիք, որ դա նման է, որ մարդը կարճ թևերով վերնաշապիկով գնա Սիբիր: Անցած ամիսները Ձեզ դրանում ևս մեկ անգամ համոզե՞լ են, թե հակառակը:


- Այդպես էլ ստացվեց: Ես ուղղակի կվկայակոչեմ այս տարվա 7 ամիսներին ընթացքում մեր և Ռուսաստանի միջև ունեցել ենք արտաքին առևտրի էական կրճատում` անդամակցելուց  հետո: Իսկ ինչու Ռուսաստանի, որովհետև Բելառուսի, Ղազախստանի և, առավել ևս, Ղրղզստանի հետ մենք համարյա տնտեսական հարաբերություններ չունենք և ծանրությունը այս կառույցի շրջանակներում ընկնում է Ռուսաստանի վրա:


Ըստ որում, այդ կրճատումը մենք հիմնականում ունեցել ենք ի հաշիվ արտահանման էական նվազման: Վերջին տվյալները, որ հրապարակվել են և տեսել եմ, դա վերջին 7 ամիսներին   մոտավորապես 35 տոկոսով արտահանման անկումն է, այն պարագայում, որ իմպորտը Ռուսաստանից դեպի Հայաստան կրճատվել է ընդամենը 20 տոկոսով: Այն էլ այս տարվա մեջ, որը գյուղատնտեսական առումով բարենպաստ ու շատ սպեցիֆիկ է ու կան Ռուսաստանում շատ պահանջված ապրանքներ: Մենք նման տարի շատ քիչ ենք ունեցել և կունենանք: Եվ արձանագրում եմ, որ այս պայմաններում մենք նման արդյունքներ ենք ունեցել: Իսկ ի՞նչ է լինելու վաղը … Կարծում եմ` վաղը պատկերը այնքան գորշ ու վատ լինի, որ չգիտեմ` դրանից վատ լինո՞ւմ է, թե ոչ:


Խնդիրը շատ պարզ է, մենք  տնտեսապես շատ վատ վճիռ էինք կայացրել և դա ակնհայտ էր: Այն քաղաքական էր, ուներ իր մոտիվացիաները, բայց, կրկնում եմ, տնտեսապես շատ վատ վճիռ էր: Մենք բան չունեինք այնտեղ… ո՛չ սահմանները մոտեցան միասնական տարածք մտնելուց, ո՛չ պրոցեդուրաները հեշտացան: Այն պարզ պատճառով, որ Վրաստան կա ու արտահանողը պետք է անցնի այդ ձևակերպումները, որովհետև Վրաստանի միջով է անցնելու: Տեխնիկապես մենք չենք շահել, որովհետև ճանապարհներն էլ մնացել են նույնը: Էլ չեմ ասում, որ մնացած բոլոր խնդիրներով էլ մենք պատրաստ չենք եղել: Եղել է ոգևորություն` դատարկ ու անբովանդակ,  հիմա արդեն, կարծես, գտնվում ենք սառը ցնցուղի տակ, որովհետև ում տեսնում ես` դժգոհում է, որ «էս ի՞նչ եղավ, անհնար է Ռուսաստանում աշխատել», գումարած ընթացիկ խնդիրները, Ռուսաստանի ռուբլու վիճակը, տնտեսությունը: