Հայկական կողմի նպատակներում պատերազմ վերսկսելու ցանկություն չկա, իսկ Ադրբեջանը նման պոտենցիալ չունի. քաղաքագետ
Թեև հրադադարի խախտման ժամանակ կիրառվող զինատեսակների տրամաչափը մեծացել է, սակայն այս պահին լայնամասշտաբ պատերազմի վերսկսում չեմ կանխատեսվում, քանի որ ադրբեջանցիները գիտակցում են իրենց հնարավորությունների չափը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայկական կողմի նպատակներում պատերազմ վերսկսելու ցանկություն չկա, իսկ Ադրբեջանը նման պոտենցիալ չունի: Պետք է զսպել Ադրբեջանի ակտիվությունը ու ցանկություններն ուժի միջոցով, ինչին էլ հետամուտ է պաշտպանության նախարարությունը»,-ասաց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն այն կարծիքին է, որ հայկական կողմին չեն բավարարում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը, չեն բավարարում նրանց միակողմանի կամ կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանին զսպելու համար միջնորդ երկրների ազդեցության մակարդակը:
«Պաշտոնական Բաքուն հիանալի հասկանում է, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում վտանգները բավական մեծ են իրենց համար, մեծ են ոչ միայն պետության անվտանգության, այլ նաև Ալիևի ռեժիմի համար: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ նրանք կգնան լայնամասշտաբ գործողությունների: Նրանք գիտակցում են իրենց հնարավորությունները և կգործեն մաքսիմումի սահմաններում»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Նյու-Յորքում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ Հրանտ Մելք-Շահնազարյանն ասաց, թե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման գլխավոր թեման և նպատակը պետք է լիներ երկու երկրների նախագահների նոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
Սակայն, ըստ նրա, Ադրբեջանը տեսնելով, որ չի կարող քաղաքական պայմաններում բանակցությունների միջոցով լուծել իր առջև դրված խնդիրները, փորձեց փոխել այդ հանդիպման օրակարգը և խնդիր դարձնել ոչ թե նախագահների նոր հանդիպումը, այլ սահմանային լարվածության աստիճան ձեռք բերելը:
«Ըստ էության, նրանց հաջողվեց այդ խնդիրը լուծել, որովհետև մենք տեսանք, որ եղավ արտգործնախարարների հանդիպում, բայց չհայտարարվեց, որ լինելու է նախագահների նոր հանդիպում: Ստացվեց, որ արտգործնախարարների առջև դրված խնդիրը տապալվեց: Սա Ալիևի խուսափողական քաղաքականության դրսևորումներից մեկն է՝ լարվածությունը մեծացնելով խանգարել բանակցային նոր փուլի վերսկսմանը»,-եզրափակեց քաղաքագետը:










