Սահմանային լարվածությամբ մտահոգ երիտասարդները կմեկնեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնության

20:44 • 28.09.15

Ազատության հրապարակում քիչ առաջ սահմանային լարվածությամբ մտահոգ երիտասարդները հավաքվել էին՝ քննարկելու հայկական դիրքեր բարձրանալու և սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնելու հարցերը:

 

«Շտապ հավաք» նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա հավաքի նպատակը հայոց բանակին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին աջակցելու տարբերակները քննարկելն է:

 

«Մենք չենք գնում, Ադրբեջանը գրավենք, պարզապես ուզում ենք մեր փոքր լուման ունենալ սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցներին աջակցելու հարցում: Հետագայում շատ լուրջ բան չի սպասվում, այնպես չէ, որ գնալու ենք պատերազմ կամ… Ուզում ենք գնանք, հասկանանք, թե մեր ընկերները, մեր հայրենակիցները, ինչով են ապրում, ինչով կարող ենք իրենց օգնենք: Հարկ եղած դեպքում կկանգնենք նաև մեր զինվորի կողքին, եթե մեր նախարարությունը թույլ տա»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

 

Վերջինիս խոսքով՝ իրենք նախաձեռնության անդամներով հոկտեմբերի 1-ին մեկնելու են սահմանամերձ գյուղեր տեղեկանալու, թե ինչ խնդիրներ, կարիքներ ունեն բնակիչները և հետ վերադառնալուն պես դիմելու են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ դրանց լուծում տալու խնդրանքով:


«Եթե գոմը պայթյունի հետևանքով քանդված լինի կօգնենք, ուրիշ ինչ հարց լինի՝ կփորձենք կարգավորել»,- նշեց Հայկը: