Զենքը, որը Ռուսաստանը տվել է Ադրբեջանին, մեզ վրա չի կրակել և չի կրակելու. Վահան Շիրխանյան

19:41 • 03.10.15

Ռուսական զենքը չի, որ կրակում է հայկական դիրքերի վրա, այդ բոլոր թնդանոթները, ականանետերը ժառանգություն են մնացել: Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում հաճախ հնչող քննադատություններն ու մեղադրանքները, որ Ադրբեջանը հայկական դիրքերին է կրակում Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ից գնված զենքից, ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:


«Այն զենքը, որը Ռուսաստանը տվել է Ադրբեջանին, մեզ վրա չի կրակել և չի կրակելու: Նրանք վաճառվել են պայմանով, որ այդ զենքից չպետք է կրակել իր ռազմավարական դաշնակցի ուղղությամբ»,- ասաց Վահան Շիրխանյանը՝ ապա հավելեց. «Եկեք մի քիչ ավելի լայն նայենք. միջազգային առևտրում ի՞նչը հնարավոր չէ օգտագործել պատերազմի համար, ցորե՞նը, վառելի՞քը, դրանք անհրաժեշտություն են: Վաղը դրանք կարող են պատերազմի ժամանակ կիրառվել ի վնաս վաճառողի, ի վնաս գնորդի, սակայն զենքի մասին ավելի շատ են խոսում, որովհետև զենքն անմիջապես կրակող գործիքն է, և համաձայն եմ, որ այն տարբերվում է ցորենից, նավթամթերքից, հանդերձավորումից և այլն»:


Վահան Շիրխանյանն ասաց նաև, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը եղել է սահմանափակ քանակությամբ, Ադրբեջանը զենք ստացել է Ֆրանսիայից, Իտալիայից, Անգլիայից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից, Հունգարիայից, Բելառուսից, Սլովակիայից, Ուկրաինայից:


«Փող ունի և այս բոլոր երկրներից նա զենք գնել է: Կարևորն այն է, որ վստահ լինենք, որ ուժային բալանսում մենք գերազանցում ենք»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը:
 

Զենքը, որը Ռուսաստանը տվել է Ադրբեջանին, մեզ վրա չի կրակել և չի կրակելու. Վահան Շիրխանյան