Ես « դաբրո» եմ ստանում ՌԴ Նախագահ Պուտինից երբ գործում եմ ՌԴ-ում, բայց երբ դուրս եմ, ի՞նչ դաբրո. Արա Աբրահամյան
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորչությունն ունենալո՞վ է արդյոք Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշել ՀՀ-ում կուսակցություն բացել և ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական կյանքին։
Tert.am-ի այս հարցին Արա Աբրահամյանը պատասխանեց, թե Պուտինն իրենց նախագահն է, նրա հետ ունի նորմալ, շատ լավ հարաբերություններ, Պուտինն իրեն հանձնարարություններ է տալիս և ինքը կատարում է. «Ես դաբրո եմ ստանում ՌԴ Նախագահից, երբ գործում եմ Ռուսաստանի Դաշնությունում, բայց երբ դուրս եմ, արդեն ի՞նչ դաբրո: Իմ դաբրոն, ասել եմ, Մալիշկայի ժողովուրդն է տալիս, եթե տա, արդեն ամեն ինչ իրա հունով կգնա»։
Հարցին, թե մի անգամ ինքը հայտարարել է, թե ՌԴ-ում 3 մլն հայ է ապրում, իսկ Պուտինը նրան հակադարձել է՝ ավելի քիչ, արդյոք պարզե՞լ են, թե ով է ճիշտ, Արա Աբրահամյանը նախ ժպտալով պատասխանեց. «Միշտ, իհարկե, Պուտինը ճիշտ է»։
Այնուհետև նա շարունակեց, թե ՌԴ-ում իրոք ապրում է մոտ 3 մլն. հայ, բայց իրենք 85 մարզում ունեն մասնաճյուղեր և գիտեն, որ այդ թիվը պաշտոնական թվին չի համապատասխանում:
«Օրինակ Կրասնոդարում 640 000 մարդ կա թղթի վրա, բայց երբ հարցնում եմ՝ տվեք տվյալները, իրենք ոչ թե 640 000 են տալիս, այլ 900 000, ու երբ որ այդ թվերն են գումարում ենք, մենք մեր ունեցած թվերի վրա ենք դուրս գալիս, ոչ թե կառավարական ունեցած թվերի»,-ասաց նա:










