Խաղադաշտում պայքարելու ցանկություն չտեսա. Սարգիս Հովսեփյան

19:21 • 18.10.15

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի «Փյունիկ» - «Արարատ» (0:1) հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսում գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը պատասխանեց հարցերին. 


- Նշել էիք, որ «Փյունիկին» որևէ թիմ, երբեք մարտավարական հնարքներով չի հաղթի, կարող է նման բան լինել միայն պաշտպանների սխալներից. ճիշտ է՝ այսօր Վարազդատ Հարոյանի սխալից գոլը եղավ, սակայն ընդհանուր առմամբ համաձա՞յն եք, որ «Փյունիկը» մարտավարական առումով զիջեց: 

- Մարտավարության հարց չի. ես այսօր խաղադաշտում պայքարելու, աշխատելու ցանկություն չտեսա: Մարտավարություն, ցանկություն, հնարավորություն պետք չէ խառնել իրար: Սխալ եղավ, որի համար պատժվեցինք: Ես էլ մեղք ունեմ, որ պարտվեցինք:

- Ի՞նչն էր ճնշման բացակայության պատճառը:

- Այժմ չեմ կարող ասել. պետք է վերլուծել խաղը:

- Առաջին խաղակեսում փոխարինումն ինչո՞վ է պայմանավորված:

- Տեսանք, որ այդ ֆուտբոլիստը չի կարողանում իր գործերը կատարել, իսկ մենք փորձեցինք ավելի սուր գործող ֆուտբոլիստ ասպարեզ դուրս բերել:

- Ընդամենը 3 օրից թիմը գավաթային հանդիպում է անցկացնելու. ճիշտ է՝ տարբեր մրցաշարեր են, սակայն հնարավո՞ր է այս պարտությունն ազդեցություն ունենա:

- Հնարավոր է՝ ազդի, սակայն ամեն ինչ պետք է անենք, որ չազդի: Այժմ չեմ կարող ասել, թե ինչպես կլինի. խաղը ցույց կտա:

- Դավիթ Մանոյանի ստացած կարմիր քարտից հետո գործեցիք 3 պաշտպաններով. որքանո՞վ արդարացրեց դա:

- Մրցակիցը պաշտպանվում էր մեզ անհրաժեշտ էր երեք պաշտպաններով գործել, որպեսզի ավելի մեծ ուժեր նետեինք առաջ: Դա ստիպված որոշում էր. իհարկե չստացվեց, որովհետև գոլ չխփեցինք:

- Եզրային կիսապաշտպանները, նախորդ խաղերի հետ համեմատած, պասիվ էին և եզրերով չէին փոփոխվում. ինչո՞վ է դա պայմանավորված:

- Երևի թե հոգնածության գործոն կա. նրանք խաղացել էին ազգային ու երիտասարդական հավաքականներում: Ազգային հավաքականների խաղերից հետո Փյունիկը միշտ վատ է խաղում:

Խաղադաշտում պայքարելու ցանկություն չտեսա. Սարգիս Հովսեփյան