Ողջ Հարավային Կովկասն է դառնալու եվրասիական ինտեգրացիայի մասնակից. Ալեքսեյ Մարտինով
Ռուսաստանի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ իր կարծիքով՝ ողջ Հարավային Կովկասը դառնալու է Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասնակից՝ չբացառելով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը: Խոսելով ավելի գլոբալ համագործակցությունից՝ Եվրամիություն Եվրասիական տնտեսական միություն մակարդակով, ռուս տնտեսագետն ասաց, թե իրենք չեն բացառում ԵՄ-ի հետ համագործակցությունը։ «Ոչ մեկ չի խոչընդոտում Եվրամիության հետ համագործակցությունը: Հակառակը՝ դա խրախուսվում է: Վաղ թե ուշ Եվրոպան դուրս կգա ԱՄՆ-ի ազդեցության տակից և ինքն եզրեր կգտնի՝ կհամագործակցելու ԵՏՄ հետ»:
- Տևական ժամանակ է՝ քննարկվում է Եվրասիական տնտեսական միության ներսում միասնական արժույթի անցնելու հարցը: Ի՞նչ կտա սա միությանը, մասնավորապես՝ Հայաստանին:
- Միանշանակ, սա տրամաբանական քայլ կլինի: Եվրոպայում, օրինակ, մինչև եվրոն կդառնար միասնական արժույթ, գոյություն ուներ ներքին արժույթ, որով կատարվում էր ներքին առևտրաշրջանառությունը: Ներքին արժույթը արտաքին՝ Եվրամիությունից դուրս կատարվող, գնումների պարագայում չէր գործում, բայց որպես ներքին գումար հաջող աշխատում էր: Մեր պարագայում էլ խոսքը հենց այս մասին է: Եվրասիական տնտեսական միության ներսում կլինի ունիվերսալ հաշվիչ միավոր, որպեսզի ԵՏՄ անդամ պետությունները միմյանց միջև կատարվող առևտրաշրջանառության համար վճարեն մեկ արժույթով: Հայաստանի համար այս փոփոխությունը ռազմավարական նշանակություն կունենա, որովհետև Հայաստանն այսօր ստիպված է ներքին բոլոր գործարքները վերահաշվարկել դոլարով: Արդյունքում արժույթի կրկնակի փոխանակում է տեղի ունենում՝ իր կորուստներով: Դրամով պետք է դոլար գնել, դոլարով, օրինակ, Ռուսաստանին վճարել գազի դիմաց, Ռուսաստանն այդ դոլարով ռուբլի կգնի և այլն, և այլն: Այս շղթան եկամտաբեր չէ: Եթե լինի միասնական արժույթ, հաշվիչ միասնական միավոր, կորուստներ չեն լինի:
- Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ անթույլատրելի է համարում օտարերկրյա արժույթի օգտագործումը ռուսական վառելիքաէներգետիկ ոլորտում և հանձնարարեց վերջ տալ նման պրակտիկային՝ անցնելով ազգային արժույթով գործարքներ իրականացնելուն: Նման առաջարկով դեռևս սեպտեմբերի 8-ին հանդես էր եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ առաջարկելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կատարվող վառելիքաէներգետիկ գործարքների դիմաց վճարել ռուբլով: Սա առաջին քա՞յլն է՝ դեպի միասնական արժույթ:
- Գիտեք, Եվրասիական տնտեսական միությունը ենթադրում է անդամության հավասար պայմաններ՝ անկախ պետության տնտեսության չափից, տարածքի մեծությունից, բնակչության քանակից և այլն: Անթույլատրելի կլիներ, որ պետություններից մեկն այս հարցում արտոնություն ունենար: Գուցե դա Ռուսաստանի համար ձեռնտու լիներ, բայց դա կլիներ մյուս պետությունների հաշվին: Սա արդարության տրամաբանությունն է, որ ներդրված է ԵՏՄ հիմքում: Ուստի ես կարծում եմ, որ ունիվերսալ արժույթը շահավետ է բոլորի համար:
- Միասնական արժույթը ռուսական ռո՞ւբլին եք պատկերացնում, թե՞ մեկ այլ արժույթ:
- Բնավ սկզբունքային չէ՝ ինչպես կկոչվի արժույթը: Կարևորը, որ լինի պայմանական հաշվիչ միավոր, որը ընդունելի կլինի բոլոր համար՝ ԵՏՄ ներքին գործարքները, առևտրաշրջանառությունը կազմակերպելու նպատակով:
- Ըստ Ձեզ՝ ե՞րբ է պետք անցում կատարվի միասնական արժույթին: Արդյո՞ք հիմա ԵՏՄ անդամ պետությունները պատրա՞ստ են նման փոփոխության:
- Կարծում եմ՝ որքան արագ կատարվի այս գործընթացն, այնքան լավ: Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է հենց դրա համար, որ տնտեսապես բոլորին շահավետ լինի: Սա քաղաքական կառույց չէ: Իհարկե, որպես տնտեսական բաղադրիչի շարունակություն քաղաքականությունն էլ անմասն չէ, բայց ԵՏՄ առաջին հերթին տնտեսական միություն է: Ուստի, կարծում եմ, որ միասնական արժույթին անցնելու հարցը տեղավորվում է մեր գաղափարախոսության շրջանակներում:
- Պարո՛ն Մարտինով, պարբերաբար խոսվում է Իրան-ԵՏՄ համագործակցության հեռանկարների և այդ գործում Հայաստանի՝ որպես կապող օղակ հանդես գալու մասին: Դուք դիտարկո՞ւմ եք Հայաստանը որպես Իրանը Եվրասիական միության կապող պետություն:
- Այո՛, միանշանակ: Եվրասիական ինտեգրացիան առաջին հերթին պայմանավորված է աշխարհագրությամբ, պատմությամբ և իրադարձությունների զարգացմամբ: Իրադարձություններն այսօր այնքան արագ են զարգանում, աշխարհն այնքան արագ է փոխվում, որ աստիճանաբար վերանում են պատրանքները, որոնցով սնում էին մարդկանց, օրինակ՝ արևելյան գործընկերության, ամերիկյան ինչ-որ վեկտորների հետ կապված և այլն: Գուցե Ամերիկան Հայաստանի համար այնքան էլ հեռու չէ, հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ում ավելի շատ հայ կա, քան Հայաստանում, բայց ամեն դեպքում, մեր աշխարհագրությունը ենթադրում է գործունեություն այստեղ, մենք բոլորս այստեղ ենք: Հայաստանն այսօր պիոներ է Հարավային Կովկասի, բայց մենք կարծում ենք, որ ողջ Հարավային Կովկասն է դառնալու ԵՏՄ ինտեգրացիայի մասնակից:
- Այդ թվում և Ադրբեջա՞նը:
- Իհարկե, ինչո՞ւ ոչ: Ժամանակին մենք բոլորս եղել ենք սովետական մեծ տերության մասնիկ: Չմտածեք, որ իմ մոտ նոստալգիա է, բնավ, ես քաղաքական որևէ բանի սրանով չեմ հավակնում, բայց միանշանակ է, որ տնտեսության տեսանկյունից դա շահավետ էր բոլորին:
- Իսկ կա՞ն բանակցություններ Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ:
- Ես նման բանակցությունների անձամբ չեմ մասնակցել, բայց վստահ եմ, որ նման բանակցություններ կան ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Վրաստանի, Իրանի հետ, որովհետև խոսքը մեծ միության, ինտեգրացիոն մեծ կառույցի մասին է:
- Ի վերջո, դուք կարծում եք, որ օրերից մի օր ԵՏՄ-ն կդառնա՞ ԵՄ-ին մրցակից, կունենա՞ այդ կշիռը:
- ԵՏՄ-ն ստեղծել է ոչ թե նրա համար, որ մրցակցի որևէ միության, կառույցի հետ, այլ մեկ պարզ պատճառով, որ մեզ համար լավ լինի, շահավետ լինի: Ոչ մեկ չի բացառում, չի խոչընդոտում Եվրամիության հետ համագործակցությունը: Հակառակը՝ դա խրախուսվում է: Վաղ թե ուշ Եվրոպան դուրս կգա ԱՄՆ-ի ազդեցության տակից և ինքը եզրեր կգտնի՝ համագործակցելու ԵՏՄ հետ:










