Նորք Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը կալանավորվեց
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
16։59
Դատարանը կալանավորեց Նորք Մարաշի զինված խմբի կին անդամներից Ասյա Մկրտչյանին
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական համայնքի ընդհանուր իրավասության դատարանը քննելով նոյեմբերի 25–ին Նորք Մարաշում մաքսազերծված զինված խմբավորման երեք կին անդամներից Ասյա Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը, որպես խափանման միջոց կիրառեց կալանքը։
Այս մասին Tert.am–ին հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով ձերբակալված 21 անդամներից 3 մեղադրյալների` Ասյա Մկրտչյանի, Մարինե Կատանյանի և Նելլի Մինասյանի փաստաբանն է:
Դատարանը որոշում է կայացրել Ասյա Մկրտչյանին կալանավորել mինչև 2016 թվականի հունվարի 25–ը:
Փաստաբանը նշեց, որ իր երեք պաշտպանյալներն էլ առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, սակայն նշեց, որ ավելին ասել չի կարող` կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով: Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ բոլոր կանայք կտեղափոխվեն (եթե մյուս երկուսի նկատմամբ ևս ընտրվի կալանքը) Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկ, որտեղ իրենց պատիժը ինչպես պատիժը կրելիս, այնպես էլ մինչդատական ու դատական վարույթների ժամանակ կրում են կին մեղադրյալներն ու դատապարտյալները:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված, ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվող 21 անձանց կալանքի միջնորդությունների դռնփակ քննարկումն է: Կասկածյալները դատարան են բերվել ձեռնաշղթաներով: Բացի փաստաբաններից դատարան են եկել ձերբակալվածների հարազատները: Դատարանում զինված խմբավորման 21 անձանց կալանքի միջնորդությունների քննարկումն է։
Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավարի՝ Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը բավարարել է իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։
«Երկուշաբթի օրը կխորհրդակցեմ պաշտպանյալիս հետ, որից հետո ասելիք կունենամ» ասաց Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:










