Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանին դրդել պատերազմի Արցախի դեմ. Վաղարշակ Հարությունյան

22:52 • 30.11.15

ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն է, ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանը, և նրանք երբեք ուղիղ հակամարտության չեն գնա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետևանքով ՆԱՏՕ-ՀԱՊԿ հնարավոր հակամարտությանը: Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ՆԱՏՕ-ն հասկանում է, որ կա կարմիր գիծ, որը որևէ դեպքում հատել չի կարելի, հակառակ դեպքում, կսկսվի գլոբալ պատերազմ, որի արդյունքում կպարտվեն բոլորը:

 

- Թուրքիայից կողմից ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո ռուս-թուրքական հարաբերությունները մտան նոր՝ սրացման փուլ: Ի՞նչ մարտահրավերներով է լի ներկա դրությունը, ի՞նչ է սպառնում տարածաշրջանին՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը:

 

- Այս լարվածությունը նոր չի սկսվել: Դեռևս 2003 թ.-ից, երբ Իրաքում պատերազմ հրահրվեց` Սադամ Հուսեյնի իշխանության տապալման  նպատակով, տարածաշրջանում եղան ռազմական բախումներ, գունավոր հեղափոխություններ, ի վերջո քաղաքացիական պատերազմ, որոնց արդյունքում իսլամական գործոնն ուժեղացավ, իրավիճակը կտրուկ լարվեց ու սպառնալիքները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի համար, մեծացան: Ինչ վերաբերում է Ձեր նշած վերջին դեպքին, ապա մենք պետք է հստակ տարանջատենք դաշտում առկա խաղացողների շուրջ ձևավորված երկու կոալիցիա: Առաջինում Ռուսաստանն է, Չինաստանը և Իրանը, որոնք աջակցում են Սիրիայի իշխանությանը: Իսկ երկրորդը՝ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան է, որի խնդիրը Սիրիայում իշխանություն փոխելն ու արևմտամետ կամ թուրքամետ իշխանության ձևավորումն է, ինչի համար պետք է փոխվի Բաշար Ալ Ասադի կառավարությունը:Թուրքիայի շահերը այս հարցում համընկնում են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ «Իսլամական պետության» շահերի հետ, քանի որ այն, ինչ հռչակել է ԻՊ-ն`իսլամական խալիֆաթի ստեղծում` նախկին Օսմանյան կայսրության և իսլամական մյուս տարածքներում, համաշխարհային իսլամական պետության ձևավորում, ի դեպ, որի ջատագովն է այսօր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, լինելով իսլամիստ, վճռական քայլերով երկիրը տանում է դեպի իսլամական պետություն: Այս ամենից ելնելով, Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» խմբավորմանը` զենքով, նյութական միջոցներով և այլն: 
Այս կոալիցիայի խաղաքարտերը խառնեց Ռուսաստանը, որը հակառակ ԱՄՆ-ի ծրագրերի, այն է` ԻՊ-ի և մյուս խմբավորումների միջոցով իշխանությունից զրկել Բաշար Ալ Ասադին, «Իսլամական պետությունը» հռչակեց որպես ահաբեկչական խմբավորում և մտավ, պայմանական ասած, այդ տարածք ու սիրիական կառավարական զորքերի հետ այսօր էլ փակում է սահմանն ու արդյունավետ պայքարում ԻՊ-ի դեմ: Ի դեպ, երկամսյա պայքարն ավելի արդյունավետ էր, քան մյուս կոալիցիայի 1.5 տարվա գործունեությունը: Այն, որ Թուրքիան աջակցում է ԻՊ-ին, հաստատեց նաև Վլադիմիր Պուտինը, որ խնդիրն իրականում ոչ այնքան խոցված ինքնաթիռն է, որքան Թուրքիայի քաղաքականությունը այս հարցում, որը դեմ է ՌԴ ծրագրերին: Երկու կոալիցիաները հետապնդում են հակառակ խնդիրներ, որտեղից էլ բխում են հակասությունները, սպառնալիքները թե՛ ռազմական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ գաղափարական: 

 

- Ռուս քաղաքագետները կարծիք են հայտնում, որ Թուրքիայի նպատակն այս կերպ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն սադրելն էր: Հնարավո՞ր է, որ ռուս-թուրքական սրացումը տեղափոխվի ՆԱՏՕ-Ռուսաստան կամ ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարթություն:
 

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում էլ, ես բազմիցս ասել եմ, որ եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, ապա դա կհանգեցնի ՆԱՏՕ-ՀԱՊԿ անմիջական հակամարտության: Ի վերջո՝ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն է, ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանը, և նրանք երբեք ուղիղ հակամարտության չեն գնա: Այս դեպքում էլ նույն իրավիճակն է: Երբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը բախվեցին, Թուրքիան փորձեց օգտվել իրավիճակից, ու սրել ՆԱՏՕ-ին ՌԴ դեմ, ինչի վկայությունն, այո՛, այն էր, որ Թուրքիան վազեց թաքնվելու ՆԱՏՕ-ի թիկունքում: Թուրքիայի նպատակն ի սկզբանե մեկը չէր: Առաջին հերթին, Թուրքիան, ռուսական ինքնաթիռը խփելով, նպատակ ուներ ներքին լսարանին հաճոյանալու, մուսուլմանական աշխարհին ցույց տալու, որ ինքն իբրև թե հզոր պետություն է և ՌԴ-ի դեմ կարող է նման կոպիտ քայլեր նախաձեռնել: Երկրորդ հերթին, այո՛, նպատակը ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների սրումն էր, ու ՌԴ մասնակցությամբ կոնֆլիկտների քանակի մեծացումը: Որքան շատ Ռուսաստանը ներգրավված լինի հակամարտություններում, այնքան կմեծանա ՌԴ-ին թուլացնելու հնարավորությունը, պարզ պատճառով`Ռուսաստանի ուժերը սկսում են բաշխվել ամենատարբեր կողմերով: Այս առումով Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանին դրդել պատերազմի Արցախի դեմ, որպեսզի Ռուսաստանի խնդիրներն ավելանան ևս մեկով: Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ն հասկանում է, որ կա կարմիր գիծ, որը որևէ դեպքում հատել չի կարելի, հակառակ դեպքում, կսկսվի գլոբալ պատերազմ, որի արդյունքում կպարտվեն բոլորը:



- Փաստորեն, Թուրքիան սխա՞լ էր հաշվարկել Ռուսաստանի հնարավոր պատասխանը և ակնկալում էր ոչ թե տնտեսական պատժամիջոցներ, այլ՝ ռազմական քայլեր, ինչին կհետևեր նաև ՆԱՏՕ-ի ռազմական արձագանքը:

 

- Այո՛: Թուրքիան մտածում էր, որ կտրուկ քայլերից հետո ՆԱՏՕ-ն իրեն կաջակցի, Ռուսաստանը դրանից կվախենա ու կնահանջի: Բայց հաղթանակած դուրս գալու Թուրքիայի ծրագիրը չհաջողվեց:
 

- Դա՞ է պատճառը, որ ՆԱՏՕ-ն զուսպ հայտարարություններ է հնչեցնում, իսկ ՀԱՊԿ-ը՝ լռում է: Այս կեցվածքն արդարացվա՞ծ է:

 

- Եթե ՆԱՏՕ-ն կամ ՀԱՊԿ-ը իրենց մի փոքր ավելորդ գնահատական թույլ տան, ռուս-թուրքական հակամարտությունն անմիջապես կտեղափոխվի ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարթություն, իսկ դրա վտանգավորության մասին երկու կողմերն էլ գիտակցում են: Եթե հիշում եք, այս մասին ասաց նաև Անգելա Մերկելը, որ դա ռուս-թուրքական հարաբերությունների հարց է: Զգուշավոր են, ինչը միանգամայն արդարացված է: Ուշադրություն դարձրեք, որ ՆԱՏՕ-ն նիստից հետո պաշտոնական հայտարարությամբ հանդես չեկավ, հայտարարություն եղավ միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից: Անգամ հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ-պետություններն այս իրավիճակը չքննարկեցին, նիստ չգումարեցին, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, խոսում է այն մասին, որ Ռուսաստանը չի ուզում ՀԱՊԿ-ը ներքաշել հակամարտության մեջ: Չնայած, ՀԱՊԿ-ը միանգամայն իրավունք ուներ նիստ հրավիրելու, որովհետև միջազգային իրավունքի համաձայն` ինքնաթիռ խոցելն ագրեսիայի ակտ է:

 

- Հաշվի առնելով հանգամանքները, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, հայ-թուրքական սահմանը հսկում են ռուսական զորքերը, իսկ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լարված են, հնչում են կարծիքներ, որ ՀՀ-ն ինչ-որ պահի կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռուսաստանը Հայաստանի միջոցով ռազմական պատասխան տա Թուրքիային:

 

- Ինձ անհասկանալի են նման տեսակետները, դրանք անտրամաբանական են: Նրանք, ովքեր նման կարծիքներ են հայտնում, փաստորեն կասկածի տակ են առնում այն հանգամանքը, որ Ռուսաստանը մասնակցում է մեր երկրի անվտանգության ապահովմանը: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, մեր երկրի անվտանգության ապահովման առումով որոշակի պարտավորություններ ունի և որևէ պարագայում Ռուսաստանը չի կարող, ինչպես դուք ասացիք, օգտագործել Հայաստանին: Որևէ գործողության մեր մասնակցությունը կախված է միայն մեզնից: Վրաց-ռուսական պատերազմին, օրինակ, մենք չմասնակցեցինք, որովհետև Վրաստանի հետ մեր հարաբերություններն այլ որակի են: Թուրքիան մեզ սպառնում է, մենք չենք սպառնում, Թուրքիան է, որ պնդում է Ղարաբաղը Ադրբեջանին հանձնել: Մեզ համար սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ՝ Թուրքիան, որն օգտագործելով Ադրբեջանին մեր դեմ, կարող է ակտիվացնել սահմանային լարվածությունն ու Ռուսաստանի համար ևս մեկ գլխացավանք ավելացնել: